Մեր լռությունը «սպանեց» քսանամյա աղջկան

Վերջերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ամուսինը և սկսեսուրը այնքան էին ծեծել, որ քսանամյա հարսը հիվանդանոցում, չգալով գիտակցության, մահացավ: Ներկայումս քիչ մարդ կգտնենք, ով չի լսել այդ սպանության մասին և չի դատապարտում այն:

Ի՞նչն էր այս սպանության պատճառը, արդյո՞ք այն տարրական կենցաղային սպանություն էր, ընտանեկան բռնության հերթական դե՞պք: Ի՞նչ էին մտածում, զգում մարդիկ, ովքեր կատարեցին և ովքեր հրահրեցին այն: Կա՞ արդյոք զղջում: Ի՞նչ չարեցինք մենք' բոլորս, որ կանխեինք քսանամյա որբ աղջկա սպանությունը: Եվ վերջապես ի՞նչ պիտի հիմա անենք, որ մի ուրիշ քսան տարեկան որբ աղջկա այսպես ծեծելով չսպանեն, այլևս երբեք: Ուզում ենք գտնել պատասխաններ...

Աղջկան նույնիսկ ժամանակին հիվանդանոց չտարան, բժիշկը հավաստիացրեց, որ եթե ժամանակին դիմեին բժշկի, հնարավոր կլիներ փրկել, երբ բերեցին, արդեն ուշ էր, ոչինչ չօգնեց, նա արնաքամ եղավ: Զարուհուն առաջին անգամը չէր, որ ծեծել էին, բազմաթիվ անգամներից մեկն էր, բոլորը գիտեին' քույրը, հարազատները, հարևանները, բոլորը գիտեին ու բոլորը լռում էին... Ծեծում էին, որովհետև որբ էր, անտեր էր, պաշտպան չուներ, ծեծում էին, որովհետև հաստատ համոզված էին, որ ոչ ոք չի խոսի, չի ընդվզի, ձայն չի հանի, որ «դա մեր գործը չէ»... Բայց վերջին ծեծին աղջիկը չդիմացավ, ուշ էր արդեն, հոգնել էր ու չպայքարեց... Լա՛վ, վերջապես ինչու՞ էին այդքան դաժան, ո՞րն էր պատճառը... Զարուհու քույրն ասում է' փողը, ծեծում էին, որ բարեկամներից փող բերի' տա իրենց: Լսեցինք, փորձեցինք հասկանալ' մի՞թե փողը կարող է վեր լինել  մարդասիրության տարրական կանոնից: Եվ գնացինք սկեսրոջ մոտ: Լսեցինք նրան ու... Ուներ պատրաստած ելույթ՝ հաշվենկատ, խորամանկ: Ուզում էր իրեն փրկել, իր «բարի» համբավը, որի մեջ բարության նշույլ իսկ չկար: Երկար խոսեց ու մոռացավ պատրաստած ճառը: Մեր աչքի առաջ կանգնած էր մարդ, որն անսահման ատելություն ուներ իր որդու կնոջ և իր թոռան մոր հանդեպ: Խոսում էր' մոռացած, որ աղջիկը մահացած է, խոսում էր, կարծես նա դեռ ողջ է, և ատում էր նրան, ատում էր նաև նրա համար, որ մեռել է... Ավտորիտար, դեսպոտական հատկանիշները սնուցվում էին չարդարացված մեծամտությամբ, նույնիսկ այդ պահին նա չէր կարողանում ներել իր որդուն, որ «իր գլխից վերև էր թռել» ու ամուսնացել այն աղջկա հետ, ում սիրում էր: Տիկինը խորամանկ է, հաշվենկատ, ունի ոխակալ հատկանիշներ, պատրաստ էր մինչև վերջ գնալ, միայն թե հասնի իր նպատակին: Եվ հասավ։ Կնոջ մեջ չկար մի կաթիլ քնքշանք, մի կաթիլ սեր, մի կաթիլ հոգատարություն ոչ մեկի հանդեպ. ամբողջ աշխարհը կենտրոնացած է իր վրա, իսկ մյուսները ընդամենը գործիք են, որը նա օգտագործում է դարձյալ իր պերսոնան կենտրոնում պահելու համար՝ «Էս ամեն ինչում տուժողը ես եմ։ Ինքը եկավ իր համար ման եկավ, տունս էլ քանդեց, փաստորեն ես մնացի առանց ոչնչի: Ինձ էլ հեղինակազրկեցին», - վրդովվում էր Լիլիա Սարկիսովան։ Մեջը չկար մի կաթիլ ափսոսանք պատահածի համար: Այս տիպը չունի ներելու ընդունակություն: Ո՛չ մարդկանց, ո՛չ ինքն իրեն, և դա նրան շրջապատողների և, ամենից առաջ, հենց իր դժբախտությունն է: Դաժանությունը թույլերին բնորոշ հատկանիշ է, բայց դաժանությունը նաև անպատժելիության ծնունդ է. բոլոր նրանք, ովքեր վախկոտ են և դաժան, իրենց ձեռքն ունեն հասարակության լռությունը որպես զենք: Նույնիսկ այսօր, երբ արդեն անմեղ աղջկան այլևս վերադարձնել հնարավոր չէ, մարդիկ արտահայտում են իրենց վրդովմունքը միայն շշուկով, կիսաձայն:

Խոսեցինք հարևանների հետ, բոլորը միաբերան պատմում էին' «անմարդկային էին, տանջում էին, ծեծում, ամեն օր Զարուհին կապտուկներով էր դուրս գալիս տանից»: Բայց ոչ մեկը պատրաստ չէ ցուցմունք տալ' «գործ չունենք», «շառից փորձանքից հեռու», «աման, մենք դատարանների դռները չենք ընկնի»: Ոչ մեկը, բացարձակ ոչ մեկը պատրաստակամություն չհայտնեց ցուցմունք տալ, բայց բոլորը միաբերան խոսում էին անարդարության մասին, դատապարտում Զարուհու ամուսնուն և սկեսրոջը: Միայն այդքանը... Շշուկներ, շշուկներ և լռություն...

Այսքանից հետո այլևս ո՛րն է այս պատմության հիմքը, անմեղ աղջկա սպանության պատճառը: Նա, ով մեծացել էր որբ, հետո սիրել էր, ամուսնացել էր, ունեցել երեխա, ընտանիք կազմել, որից եղել է զրկված, որ վերջապես գտնի իր բաժին երջանկությունը, և ահա ընդամենը քսան տարեկանում գտավ իր մահը' այդքա՜ն շուտ, ադքա՜ն անարդար և այդքա՜ն դաժան... Մահացավ, դեռ չապրած։ Սկեսուրը հրահրեց, ամուսինը իրականացրեց, մենք լռեցինք և դեռ լռում ենք... Մեր լռությամբ սպանեցինք անմեղ հոգի, շարունակելով լռել' կդառնանք մի անմեղ խլված կյանքի պատճառ հետագայում...

Զարուհին միակը չէ, եզակին չէ, ում վրա բռնանում են, բոլորս գիտենք: Արդյո՞ք սա հենց այն վերջին կաթիլը չէ, որ պետք է մեր համբերության բաժակը լցնի: Ողբերգությունը կանխելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքները վերացնելը. կան անուղղելի սխալներ. Զարուհի Պետրոսյանը մեր բոլորիս անուղղելի սխալն էր...

 www.hra.am գլխավոր խմբագիր Սոֆյա Ավագյան