ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրենքը կա, բայց որքանո՞վ է այն կիրառվում
Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանելու համար բավական օրենսդրական հնարավորություններ կան։ Պետք է պարզապես սպառողն ինքը իմանա իր իրավունքները և քայլեր ձեռնարկի դրանք պաշտպանելու համար։ Այսպես են կարծում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սպառողների ազգային ասոցիացիա» և «Սպառողների իրավունքների պաշտպանության» (ՍԻՊ) հասարակական կազմակերպությունների ղեկավարները՝ Մելիտա Հակոբյանը և Աբգար Եղոյանը։
Ըստ իրավապաշտպանների՝ սպառողների իրավունքները Հայաստանում խախտվում են բոլոր ոլորտներում։ Տարեսկզբից մինչ օրս թե՛ Սպառողների ազգային ասոցիացիան և թե՛ ՍԻՊ-ը ստացել են 1000-ից ավելի գրավոր և բանավոր դիմում-բողոքներ, որոնցից գրեթե բոլորի դեպքում հաջողվել է սպառողի խախտված իրավունքը վերականգնել։
Իսկ բողոքները ավելի շատ վերաբերում են հանրային ծառայությունների որակին՝ էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, հեռախոսակապ, ինտերնետ կապ։
«Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ոլորտից սարսափելի դժգոհ է ազգաբնակչությունը։ Էլեկտրականությունը հաճախ անջատում են՝ առանց տեղյակ պահելու, մարդկանց տան, հիմնարկների ողջ էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս, և ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի ուզում կրել, դա ամենամեծ հանցագործությունն է, ես կասեի»,- նշում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ «Երևանում տարածքներ կան, որտեղ ջուրը ոնց որ մանանա լինի», խոստացված շուրջօրյա ջրամատակարարումը չկա, բնակիչները բողոքում են, որ առանց զգուշացնելու և անհարկի ժամերով կտրում են ջուրը, բողոքներ կան նաև ջրի որակից։
Շատ են բողոքները սննդամթերքի որակի և անվտանգության վերաբերյալ՝ ներկրված ժամկետանց սննդամթերք, բաղադրության ոչ ճիշտ մակնշում։ Բողոքներ կան նաև ոչ պարենային ապրանքների վերաբերյալ՝ հայերեն մակնշման բացակայություն, երաշխիքային սպասարկման հետ կապված խնդիրներ։
Թեև օրենսդրական դաշտը բավարար հիմքեր ստեղծում է սպառողի իրավունքները պաշտպանելու համար, սակայն, ըստ իրավապաշտպանների, որոշակի օրենսդրական բացեր, այնուամենայնիվ, կան։
Մելիտա Հակոբյանը կարծում է, որ կարևոր խնդիր է բարոյական վնասի փոխհատուցումը։ «Այն ժամանակ, երբ մենք օրենքը մշակում էին, բարոյական վնասը մտցրել էինք։ Բայց ասացին, որ պետությունը դեռ պատրաստ չի դրան, և ճիշտ էին ասում։ Մեր ներկրող-արտադրողներն էլ պատրաստ չեն, որովհետև լինում է դեպք, որ բարոյական վնասը մի քանի հարյուր հազար անգամ ավելի շատ է լինում, քան ապրանքի արժեքն է, որովհետև բարոյական վնասն այն է, որ ոչնչով չես փոխհատուցի»։
ՍԻՊ նախագահ Աբգար Եղոյանը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ պարենային ապրանքներին անվտանգությանը վերաբերող առանձին օրենք։ Կազմակերպությունը ներկայումս աշխատում է «Ապրանքների անվտանգության մասին» օրենքի նախագծի շուրջ։
Թեև օրենքով ամրագրված է, որ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի հայերեն, սակայն նույն օրենքը սահմանում է, որ տեղեկատվությունը կարող է տրամադրվել և՛ գրավոր, և՛ բանավոր։ ՍԻՊ-ը որոշման նախագիծ է ուղարկել Կառավարություն՝ ոչ պարենային ապրանքների հայերեն մակնշման վերաբերյալ։ Կառավարությունը և նույնիսկ բիզնես ոլորտը հավանություն են տվել նախագծին, իսկ Արդարադատության նախարարությունը բացասական կարծիք է տվել։
«Իրենց կարծիքով կարելի է նաև բանավոր տրամադրել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ դուք պատկերացնո՞ւմ եք հեռուստացույցի օգտագործման ցուցումները ձեզ հայերեն կպատմեն և դուք պարտավոր եք ամբողջը անգիր հիշել։ Մեր կարծիքով դա ուղղակի անհնար է, և մենք դիմել ենք Կառավարությանը, որ այդ հարցը նորից բարձրացվի և լուծում ստանա»,- ասում է Աբգար Եղոյանը և հավելում, որ Եվրոպայում չկա մի երկիր, որտեղ ապրանքների մակնշումը ազգային լեզվով չլինի։
Երկու կազմակերպությունների նախագահներն էլ կողմ են խորհրդային տարիներին կիրառվող «բողոքի գրքի» վերադարձին, որը հնարավորություն է տալիս վերահսկել սպասարկման որակը։
Ո՞վ պետք է կրթի և իրազեկի սպառողին։ Աբգար Եղոյանի համոզմամբ՝ միայն ՀԿ-ները չեն կարող այդ առաքելությունը կատարել սահմանափակ ռեսուրսների պատճառով։ Պետությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունը, որը սահմանված է Սահմանադրության 31 հոդվածի առաջին կետով։
Մելիտա Հակոբյանի կարծիքով սպառողական բարձր գիտակցություն ձևավորելու համար քաղաքացուն պետք է կրթել մանկուց։ Սպառողների ազգային ասոցիացիայի և կառավարության համատեղ ուժերով պատրաստվում է սպառողների իրավունքների պաշտպանության ձեռնարկ, որն, ըստ Մ.Հակոբյանի, դպրոց և բուհեր կմտնի 2013-ին։ Նախատեսվում է նաև նախադպրոցական ձեռնարկի պատրաստում։
«Մեր մոտ սպառողական կուլտուրան դեռ չի ձևավորվել։ Մենք բոլորս սպառողներ ենք վերջին հաշվով, պետք է դա քաջ գիտակցել։ Ես միշտ ասում եմ՝ եկեք մեկս մյուսին հարգենք և չթունավորենք»,- կոչ է անում սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավարը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
