ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լսողական խնդիր ունեցող երիտասարդները զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից
«Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների»
2010թ.հունիսին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Counterpart International Armenia» ֆինանսական աջակցությամբ Երևանում կազմակերպել էր եռօրա դասընթացներ «Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների»: Դասընթացները վարում էին իրավաբան Սիրանուշ Սահակյանը, լրագրող Լիանա Սայադյանը, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը և ՔՀԻ հկ նախագահ Արման Դանիելյանը: Դասընթացների ավարտից հետո մասնակիցների գրած լավագույն նյութերը տպագրվեցին «Հետք» թերթի հատուկ ներդիրում:
www.hra.am խմբագրությունը հրապարակում է «Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների» դասընթացների մասնակիցների կողմից պատրաստված նյութերի շարք: Ընտրված են այնպիսի նյութեր, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը:
www.hra.am խմբագրություն
Լսողական խնդիր ունեցող երիտասարդները զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից
Հայաստանում կա շրջանավարտների մի ստվար խումբ, որի համար բարձրագույն ուսումնական հաստատությունների դռները փակ են: Խոսքը հաշմանդամություն ունեցող երիտասարդների, հատկապես լսողական խնդիրներ ունեցող երեխաների մասին է: Ի տարբերություն շարժողական և տեսողական խնդիրներ ունեցող երիտասարդների, նրանց հայաստանյան բուհերում հնարավոր չէ տեսնել:
Օրենսդրորեն, հաշմանդամության առաջին և երկրորդ կարգեր ունեցող անձինք ունեն արտոնություն` ընդունելության քննությունների արդյունքում վճարովի համակարգ ընդունվելու համար բավարար բալեր հավաքելու դեպքում բուհ ընդունվել անվճար ուսուցման հնարավորությամբ: Սակայն ինչպես հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Միքայելյանը, չնայած արտոնությունների առկայությանը`լսողական խնդիրներ ունեցող երիտասարդները վերջին տարիներին գրեթե չեն դիմում բուհ. «Լսողական խնդիրներ ունեցող մարդիկ ընդունվելուց հետո, բնականաբար, կունենան դասախոսությունները լսելու խնդիր: Այժմ մենք մտնում ենք Բոլոնյան համակարգ, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր դասախոս պետք է ներկայացնի իր դասախոսության տպագիր օրինակը, որն արդեն Ինտերնետից կարելի է վերցնել: Սա էլ հեշտացնում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման խնդիրները»:
Սակայն մինչ լսողության հետ խնդիր ունեցող երիտասարդը կօգտվի բուհի դասախոսների տրամադրած դասախոսությունների տեքստային տարբերակներից, նա, նախ և առաջ, պետք է ընդունվի այդ ուսումնական հաստատություն: Այստեղ էլ առաջանում են հիմնական խոչընդոտները:
Քսանհինգամյա Արտաշես Հովհաննիսյանն այն հազվադեպ երիտասարդներից է, ով ստացել է բարձրագույն կրթություն` ունենալով լսողական խնդիրներ: Նա լսողությունը կորցրել է վաղ հասակում, բայց շնորհիվ իր մանկավարժ մայրիկի, ով հատուկ ուշադրություն է ցուցաբերել որդուն, Արտաշեսը հաճախել է հանրակրթական դպրոց, այնուհետև ընդունվել և 2009 թվականին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի ծրագրավորման բաժինը: Արտաշեսը չի տիրապետում ժեստերի լեզվին: Ի տարբերություն Արտաշեսի, ում համար համեմատաբար մեծ դժվարություն չէր ներկայացնում մյուս դիմորդների հետ նույն պայմաններում քննություններ հանձնելը, լսողական խնդիրներ ունեցող երիտասարդների համար, ովքեր սովորել են հատուկ կրթահամալիրում, դա բավականին բարդ է:
Այս տարի լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար Հայաստանում գործող միակ հատուկ կրթահամալիրն ուներ ընդամենը մեկ շրջանավարտ: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը այն ղեկավարում է 1997 թվականից: Նրա խոսքերով` վերջին 10-15 տարիների ընթացքում դպրոցի ոչ մի շրջանավարտ չի ընդունվել բուհ: Նախկինում դպրոցը եղել է 8-ամյա, արդեն հինգերորդ տարին է, ինչ ստացել է կրթահամալիրի կարգավիճակ` տալով միջնակարգ կրթություն: Այնուհանդերձ, մինչ օրս կրթահամալիրը չունի բուհ դիմած շրջանավարտ:
«Լսողական խնդիր ունեցող երեխաները միասնական քննություններին մասնակցելու հնարավորություն ուղղակի չունեն, քանի որ նրանց համար բացակայում է այնպիսի տարրական անհրաժեշտ պայման, ինչպիսին է թարգմանությունը,- մանրամասնեց Աշոտ Ավետիսյանը: -Այդ երեխային քննական լսարան մտնելիս անհրաժեշտ է թարգմանիչ, որպեսզի նա կարողանա հասկանալ քննության հանձնման պայմանները, որքան էլ դրանք գրավոր լինեն: Իսկ, ըստ քննության կանոնակարգի, լսարանում ոչ մի մասնագետ չպետք է լինի, իսկ լսողական խնդիր ունեցողի համար թարգմանիչը հանդիսանում է մասնագետ»:
Աշոտ Ավետիսյանը հավելեց, որ մարդիկ միմյանց հասկանում են հիմնականում լսողության շնորհիվ, ու որքան էլ լսել չկարողացող մարդը կարդա, նա շատ բաներ չի կարողանա արագ ըմբռնել, եթե նրա համար թարգմանող չլինի: Լսողական խնդիր ունեցող մարդը տեղեկատվության պակաս ունի, որը և դառնում է կասկածամտության և վախի պատճառ`անծանոթ միջավայր մտնելու համար: «Ըստ ստեղծված պայմանների` լսողական խնդիր ունեցող երեխան պետք է գնա և քննություն հանձնի Չեխովի կամ այլ դպրոցի շրջանավարտների հետ, բայց նա վախից չի գնա»,- ավելացրեց Ավետիսյանը:
Կրթահամալիրի սաների հետագա զբաղվածության խնդիրը լուծելու նպատակով արդեն 7-րդ տարին է, ինչ 8-րդ դասարանից բարձր աշակերտներին սկսում են ուսուցանել տարբեր արհեստներ` գորգագործություն, վարսահարդարություն, կոշկակարություն, հարսանյաց պարագաների պատրաստում, կար ու ձև և համակարգչային օպերատորություն:
Անահիտ Մինասյան
