ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երբ ողջերի ու մահացածների իրավունքները խաչվում են

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հանգուցյալից փոխպատվաստման օրգաններ և հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստում իրականացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:
Որոշմամբ սահմանվում է դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները: Այդպիսով, սահմանվել են մի շարք պարտադիր պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն դիակային դոնորի գտնվելու վայրի բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է նեղ մասնագիտական բժշկական հանձնաժողով, որը դոնորի բազմակողմանի բժշկական հետազոտության հիման վրա տալիս է դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դրական կամ բացասական եզրակացություն: Ընդ որում, հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել այն բժիշկները, ովքեր մասնակցել են դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:
Որոշման համաձայն ՀՀ Առողջապահության նախարարությունում կստեղծվի տեղեկատվական բազա, որտեղ հավանական դոնորների գրանցում չի կատարվելու: Ռեեստրը (տեղեկատվական բազան) բաղկացած է լինելու 3 բաժնից' առաջինում գրանցվելու են ՀՀ քաղաքացիների տվյալները, ովքեր իրենց կենդանության օրոք հրաժարվել են հանդես գալ, որպես դոնոր: Երկրորդում նշվելու են փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների վերաբերյալ տեղեկություններ, իսկ երորդում' ՀՀ-ում կատարված փոխպատվաստումների դեպքերը:
Արաբկիր բժշկական համալիրի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց, որ տարեկան 10-15 երիկամային փոխպատվաստումներ են իրականացնում, բայց կարող են անել ավելի շատ, որովհետև դրա պահանջը կա. «Ի՞նչն է մեզ խանգարում' օրենքի բացակայությունը, որովհետև մենք այսօր փոխպատվաստում ենք իրականացնում միայն բարեկամ դոնորների օրգաններից և շատ դեպքերում, երբ հիվանդի հարազատների մեջ դոնոր չի գտնվում, այդ մարդը մնում է առանց երիկամ»: Ա.Սարգսյանը նշեց, որ կարող է դոնորը նաև բարեկամ չլինել, բայց կարևորը առք ու վաճառքի գործոնը պետք է բացառվի, որն արգելված է օրենքով, այլապես նման դեպքերում միշտ էլ տուժում են աղքատները. «Մենք դիակային դոնորից փոխպատվաստում դեռ չենք արել, որովհետև նախագիծը դեռ օրենք չի դարձել, իսկ դրանից հետո նախապատրաստական մեծ փուլ է սպասվում, որին էլի 1-2 տարի կպահանջվի»,- նշեց Աշոտ Սարգսյանն ու կարևորեց այս գործընթացը, որը մեծապես կավելացնի իրականացվող փոխպատվաստումների թիվը:
Նա տեղեկացրեց, որ 2002թ. մինչ օրս 100 փոխպատվաստում են արել Արաբկիր բժշկական համալիրում և ընդամենը 2 երիկամ են կորցրել, ինչը լավ արդյունք է և խոսում է հաջող իրականացվող փոխպատվաստումների մասին:
Աշոտ Սարգսյանը նշեց, որ երիկամային փոխպատվաստման գումարը այսօր Հայաստանում կազմում է 7.5 մլն. դրամ, որից 1/3-րդը ծածկում է պետ պատվերը, 1/3-րդը Արաբկիր ֆոնդը և 1/3-րդն էլ, որը 2.5 մլն. դրամ է կազմում, վճարում է հիվանդը: Իսկ վիրահատությունից հետո տրամադրվող դեղորայքները հիվանդները ստանում են պետության կողմից անվճար:
Այն հարցին, թե ավելի շատ ո՞ր օրգանների համար է դոնորի կարիք զգացվում, Աշոտ Սարգսյանն ասաց, որ առաջնահերթ առկա է երիկամի, լյարդի, սրտի, թոքի դոնորի կարիք, հետո գալիս են աղիները, ոսկրերը, բայց առաջին տեղում մնում են երիկամները. «Հիմա դիալիզի բաժնում 60 հիվանդ կա, որից մոտավորապես 40-50-ին դոնոր է պետք»:
Չնայած նրան, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ում գրված է, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ կարող են վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձը կենդանության օրոք տվել է գրավոր համաձայնություն, բայցևայնպես, փաստաբանների պալատի անդամ Ժորա Խաչատրյանի խոսքերով պրակտիկան ցույց է տվել, որ ոչ մեկն էլ կենդանության օրոք նախապես նման համաձայնություն չի տալիս. «Մենք մինչ օրս չունենք ոչ մի դիմում որևէ կենդանի մարդուց, ով համաձայնություն տված լինի, որ իր մահից հետո իր օրգանը օգտագործեն»,- ասում է Ժ.Խաչատրյանն ու նշում, որ սա մի խնդիր է, որին կառավարությունն իր փոփոխությունների նախագծում փորձում է լուծում տալ. «Խոսքը գնում է նրա մասին, որ կենդանի դոնորի առարկության բացակայությունը արդեն իսկ դիտել, որպես համաձայնություն, բացի այդ հստակեցվում է նաև մահացածի հարազատների դիրքորոշման հարցը»: Այսինքն, եթե անգամ կենդանի դոնորի գրավոր համաձայնությունը բացակայում է, դարձյալ կարող են այդ օրգանը նրա մահից հետո վերցնել, եթե համաձայն են հարազատները: Համապատասխանաբար, հարազատներն էլ իրենց հերթին կարող են առարկել փոխպատվաստման դեմ և թույլ չտալ այն իրականացնել, թեկուզ և առկա է կենդանի դոնորի գրավոր համաձայնությունը:
Օրենքում դիակային դոնորից օրգաններ վերցնելու համաձայնության նախապայման է դիտվում նաև մահվան փաստի հաստատումը (հոդված 8), որտեղ նշվում է, որ մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո նրանից կարող են վերցվել օրգաններ: Այն հարցին, որ եթե առանց մարդու համաձայնության, միայն ուղեղային մահը արձանագրելուց հետո, կարելի է նրանից օրգաններ վերցնել, ապա ժամանակի ընթացքում օրգանների յուրօրինակ թրաֆիքինգի հետ գործ չենք ունենա, պրն. Խաչատրյանը նշեց, որ ցանկացած գործողության մեջ կա չարաշահման, կոռուպցիոն ռիսկ և չկա մի բնագավառ, որտեղ առկա չլինի այս կամ այն փաստաթղթի կեղծված լինելու վտանգը. «Այստեղ հարցը նրանում է, թե ի՞նչ կարգով արգելակել նման դեպքերը: Այս պարագայում քննչական մարմինների խնդիրն է բացահայտել, թե արդյոք կեղծ փաստաթուղթ է կազմվել, թե' ոչ: Եթե կբացահայտվի, որ այդ համաձայնությունը կեղծված է, տվյալ մարդկանց պատասխանատվության կենթարկեն»:
Այն հարցին, թե «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ը չի՞ հակասում արդյոք ՀՀ Սահմանադրության հոդված 14-ին, որտեղ նշված է' «Մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից» և հոդված 16-ին, այն է' «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք», Ժ.Խաչատրյանը ոչ թե հակասահմանադրական, այլ մարդասիրական վերաբերմունք որակեց ուրիշ մարդու առողջության վերականգնման ուղղված մեկ այլ մարդու գրավոր համաձայնությունը, որը, նրա կարծիքով, որևէ կերպ չի վիրավորում մահացած մարդու արժանապատվությունն ու պատիվը:
Ժ.Խաչատրյանն այստեղ մարդու իրավունքների տեսանկյունից որևէ խնդիր չտեսավ: Ըստ նրա՝ խնդիրը միայն նրանում է, որ քանի դեռ չունենք կենդանի մարդու կողմից որևէ համաձայնություն իր մահից հետո իր օրգանները տրամադրելու մասին, խախտվում է ապրող, կենդանի մարդու իրավունքը' ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն. «Մենք մահացած մարդու իրավունքից ենք նայում, բայց այս հարցին մի հատ էլ կենդանի մարդու իրավունքից նայենք: Բժշկական օգնությունը դեմ է առնում անհնարինությանը և օրգանների բացակայության պատճառով մեկ ուրիշն էլ է մահանում: Ես կուզեմ, որ առողջ մարդու մասին ավելի շատ մտածենք, քան մահացածի»,-նշեց Ժ.Խաչատրյանն ու առաջարկեց այս պրոցեսը քննարկել այն տեսանկյունից, թե հետագայում որքան արդյունավետ կարելի է օգտագործել մահացած մարդու օրգանները:
Սոնա Ադամյան
Աղբյուր՝ www.hra.am
