ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախագահը անտեսում է հղի կանանց բողոքները

Երեկ` նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 18.30 մի խումբ հղի կանայք հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց` ներկայացնելով իրենց բողոքը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի դեմ: Նշենք, որ հենց երեկ ցերեկը պարզ դարձավ, որ նախագահը արդեն ստորագրել է օրենքը:
Չնայած այդ հանգամանքին` ներկա և ապագա մայրերը հավաքվել էին նախագահի նստավայրի առջև և ցուցապաստառներով իրենց բողոքն էին արտահայտում` նշելով, որ օրենքը վտանգավոր քայլ է ՀՀ համար, քանզի այն սպառնում է մեր երկրի բնակչության թվաքանակի աճին, նպաստավոր պայմաններ է ստեղծում երկրից երիտասարդ մասնագիտական ներուժի արտագաղթի համար, ինչպես նաև նպաստում է աշխատավարձերի ստվերայնացման ավելացմանը:
Նշենք, որ նախաձեռնության շրջանակներում վերջին օրերի ընթացքում ՀՀ նախագահին ուղղվել էին բազմաթիվ նամակներ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը չվավերացնելու խնդրանքով: Սակայն նրանց կոչերը ուղղված նախագահին, փաստորեն, մնացին անտեսված:
Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել: Նախ նշենք, որ շատ հակասական իրավիճակ է ստեղծվում, քանի որ մի կողմից պետությունը ծնելիությունը խթանելու նպատակով ծննդօգնությունը (նախածննդյան, ծննդաբերության և հետծննդաբերության ժամանակ ցուցաբերած բուժօգնությունը) դարձրել է անվճար (չնայած դժվար թե կգտնվի մեկը, ով գոհ կլինի «պետպատվեր» անվան տակ ստացած բուժօգնության որակից), մյուս կողմից, փաստորեն, ընդունում է օրենք, որը ոտնահարում է հղի կանանց և մայրերի իրավունքները:
Խնդիրը նրանում է, որ հղի կանայք, ովքեր որպես աշխատավարձ ստանում են ավելին, քան 150.000 դրամը (իսկ նոր օրենքով` 162.500 դրամ), երեխա ունենալուց և 5 ամիս արձակուրդի գնալուց հետո կստանան ավելի քիչ, քան իրենց 5 ամսվա հասանելիք աշխատավարձ-նպաստը: Այսինքն, յուրաքանչյուր կին կկանգնի մի երկընտրանքի առաջ` երեխա ունենալ և պետության ոչ մեծ աջակցությամբ պահել այդ երեխայի՞ն, թե՞ բարձր վարձատրվող աշխատանքը պահպանել, ելնելով այն հանգամանքից, որ այսօր ոչ միայն մթերքների գներն են օրեցօր բարձրանում, այլև երիտասարդ ընտանիքին հարկավոր է բնակարանային խնդիրները լուծել:
Սակայն կա ևս մեկ հնարավորություն: Ինչու՞ ունենալ երեխա Հայաստանում, եթե կարելի է արտագաղթել և դառնալ մի որևէ եվրոպական երկրի, կամ ԱՄՆ-ի, Կանադայի քաղաքացի և օգտվել այն գայթակղիչ առաջարկներից, որոնք գործում են այդ երկրներում` ծնելիության մակարդակը բարձրացնելու համար: Հատկապես եթե հաշվի առնենք այն, որ հայերին ջերմ են ընդունում, օրինակ, Գերմանիայում, քանի որ այնտեղ բնակվող հայերը շատ ավելի հեշտ են ձուլվում տեղաբնակներին:
Սրանք խնդիրներ են, որոնք պետք է կառավարության անդամներն ու նախագահը լուծեն, իսկ քաղաքացիների գործն է իրենց կարծիքն ու վերաբերմունքը արտահայտել նման խնդիրների շուրջ: Սակայն երբ նախագահն ու կառավարության անդամները ականջ չեն դնում ժողովրդի կարծիքին, առաջանում են նոր խնդիրներ` ամենամեծ խնդիրը` միգրացիա:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
