ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«PeaceJam»-ը Հայաստանում

2010թ. դեկտեմբերի 2-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ում մեկնարկեց երկօրյա դասընթաց, որը կազմակերպվել է «Let's PeaceJam» ծրագրի շրջանակներում և որի նպատակն է համախմբել երիտասարդներին և նախապատրաստել նրանց իրենց համայնքներում և ողջ աշխարհում դրական փոփոխություններ իրականացնելուն Խաղաղության Նոբելյան դափնեկիրների ոգեշնչման միջոցով:
«PeaceJam» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի միջազգային շտաբը գտնվում է Արվադայում, Կոլորադո: Իր ստեղծման տարվանից` 1996թ.-ից ի վեր, ավելի քան 600.000 երիտասարդ է մասնակցել «PeaceJam»-ի ծրագրերին, որոնք էլ իրենց համայնքներում իրականացրել են մոտ 1 միլիոն ծրագիր: «PeaceJam»-ն ունի ութ ԱՄՆ աֆիլիատ գրասենյակ, ինչպես նաև միջազգային աֆիլիատ գրասենյակներ Հարավային Աֆրիկայում, Կոստա Ռիկայում, Հնդկաստանում, Գվատեմալայում, Արգենտինայում, և Միացյալ Թագավորությունում: Նախատեսվում է նաև ընդգրկել Կանադան և Արևելյան Թիմորը: Հիմնադրամի կազմում են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Դալայ Լաման, Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասը, Մարդու իրավունքների ոլորտում ականավոր գործիչ Ադոլֆո Պերեզ Էսկուելը, Արևելյան Թիմորի նախագահ Ժոզե Ռամոս-Հորտան, Մարդու իրավունքների ոլորտում ականավոր գործիչ Շիրին Էբադին և այլք:
Երկօրյա թրեյնինգի նպատակն է նախևառաջ Հայաստանում տարածել «PeaceJam»-ի այս տեսակ նախագծերի մասին տեղեկություններ, որպեսզի ապագայում Հայաստանը և այս տարածաշրջանի մյուս երկրները ևս ընդգրկվեն «PeaceJam»-ի գործունեության մեջ և բոլորին կոչ անեն միանալու երկխոսությանը:
Թրեյնինգի ընթացքում ինտերակտիվ խաղերի միջոցով փորձ արվեց առաջին հերթին մասնակիցներին հստակ պատկերացումներ տալ, թե ինչ է խմբային աշխատանքը, և ինչն է խմբային աշխատանքը առավել արդյունավետ դարձնում: Նաև մասնակիցները փորձեցին սահմանումներ տալ այնպիսի տերմինների, ինչպիսիք են հարգանքը, համագործակցությունը, փոխադարձ ըմբռնումը, ինչպես նաև բռնությունը: Համագործակցողները իրենց հերթին, նպաստեցին մասնակիցների ակտիվությանը այս գործընթացում, ինչպես նաև ծանոթացրին մասնակիցներին այն Նոբելյան դափնեկիրների հետ, ովքեր ներգրավված են սույն նախագծում, պատմեցին ծրագրի զարգացման ընթացքի մասին և կոչ արեցին թրեյնինգին ներկա երիտասարդների ակտիվ մասնակցությանը:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
