ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առանց օտարալեզու դպրոցների էլ մայրենիի մակարդակը շատ ցածր է

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման կապակցությամբ, որի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Ազգային ժողովի առջև:
«Անկախությունից 20 տարի անց մեր բազմաթիվ թերությունների կողքին մենք ունենք նվաճումներ, որոնցից մեկը հայկական հանրակրթություն ստեղծելն է, և հանկարծ պետությունը խոսակցություն է տանում, որ կարող ենք ունենալ լեզվական առումով այլընտրանքային դպրոց: Արվում է այն, ինչ արվում էր սովետական ժամանակներում, այսինքն՝ պրեստիժային կրթությունը լինելու է օտարը, և հայոց լեզուն շատ շուտով մեր երկրում երկրորդական դիրք է զբաղեցնելու»,- ասում է ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նույնպես դեմ է օտարալեզու դպրոցներին, բայց արդեն այսօր ֆիքսել է մայրենի լեզվի ցածր ցուցանիշ:
«Եթե մենք ունենանք պետության մեջ օտարալեզու ավագ միայն մի քանի մասնավոր դպրոց, ես չունեմ այն մտավախությունը, որ մենք շատ բան ենք կորցնում, իմ մտավախությունն այն է, որ այսօր չունենալով օտարալեզու դպրոց, ունենք մայրենիի շատ ցածր մակարդակ»,- ասում է ԱԺ պատգամավորը:
Ուշագրավ է, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը մասնակցում են նաև մարդիկ, ովքեր ռուսական կրթություն ունեն: Այդպիսի ակտիվիստներից Միքայել Շահինյանը գտնում է, որ օտարալեզու դպրոցների բացմամբ «հայերենը կմղվի երկրորդ պլան և կկորի հիմնական պլատֆորմը, որի վրա կառուցվում է լեզվամտածողությունը:
«Սկզբում կտան ընտրության հնարավորություն, հետո կտեսնեն, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են օտարալեզու դպրոցներ, ավելի հաջողակ են: Այդ դպրոցները պետական հատուկ հովանավորություն կստանան, և օտարալեզու դպրոցներ ավարտածները կարիերայի աճի առումով ավելի մեծ հնարավորություններ կունենան, քան ոչ օտարալեզու դպրոցներ ավարտածները, նույնը, ինչ տեղի ունեցավ Սովետի ժամանակ»,- ասում է Միքայել Շահինյանը:
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
