Հոգեբան. Էմոների ենթամշակույթը որոշակի վտանգ է ներկայացնում

Քանի որ էմոների ենթամշակույթը առանցքային է համարում հուզական ազատությունը, ապա այն որոշակի վտանգ է ներկայացնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով էմոների ենթամշակույթը:
«Պատկերացնենք իրավիճակ, որտեղ մարդն ազատ արտահայտում է իր հույզերը, իսկ մարդկային հույզերը տարբեր են լինում` ուղղված ինքնաոչնչացմանը, ուրիշների դեմ արտահայտած ագրեսիա: Հետևաբար` մարդը պետք է կարողանա այդ հույզերի դեմ արգելքներ ստեղծել: Եթե մենք վերացնենք բոլոր արգելքները, ապա կոչնչացնենք մեզ և մեզ շրջապատող մարդկանց»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
«Դեռահասներն ինքնահաստատվելու խնդիր ունեն, նրանց բնորոշ է ծնողների և հասարակության պարտադրած օրենքների բացառումը: Այդ իրավիճակն էլ նրանց սադրում է և պարարտ հող է ստեղծում էմոների ենթամշակույթում փնտրել նոր, ոչ ստանդարտ լուծումներ: Իսկ դեռահասի չհասկացված լինելու մեջ որոշակի մեղավորություն ունեն ծնողները, դպրոցը և հասարակությունը: Երեխային պետք է տրվի ներքին պահանջները դրսևորելու, ինքնառեալիզացվելու հնարավորություն, եթե դա չի լինում` դեռահասը որևէ ենթամշակույթում է հայտնվում»,- նշեց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանի կարծիքով, էմոների ենթամշակույթը Հայաստանում որպես աղանդ է ընկալվում այն պատճառով, որ աղանդները հեղեղել են մեր երկիրը և այդ ֆոնին էմոների ենթամշակույթը նույնպես ընկալվում է որպես աղանդ: Սակայն կարևոր չէ, թե ինչ անուն կտրվի դրան, կարևոր է, որ այդ սոցիալ-հոգեբանական խումբը բացասական ազդեցություն է ունենում դեռահասների վրա: Նալչաջյանը վստահ է, որ առաջին հերթին պետք է պայքարել այն պատճառների դեմ, որոնք դեռահասներին բերում են որևէ ենթամշակույթ: Պատճառների դեմ պայքարի առաջին քայլերը պետք է լինեն երեխաների դաստիարակության և ծնողների հետ հարաբերությունների մեթոդները, իսկ էմոների դեմ բռնությունները որևէ դրական արդյունք չեն կարող տալ:
Աղբյուր՝http://news.am