ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արտակ Նազարյանի գործով նախաքննության մարմինների որոշումները կբողոքարկվեն

Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով նախաքննական մարմինների որոշումները դատական կարգով կվիճարկվեն: Այս մասին այսօր hra.am-ին հայտնեց Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Մենք գոհ չենք քննությունից, կատարված միջնորդությունները մերժելուց: Գործը դեռ չեն տրամադրել, էջերի բավական մեծ մասին ծանոթ չենք: Միջնորդություններ ենք անում որոշ նյութերին ծանոթանալու, փորձաքննությունների հավաստիությունը գնահատելու առումով, մերժվում ենք: Այս նկատառումներով ուզում ենք այդ որոշումները դատական կարգով վիճարկել»,- ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը չի վստահում նախաքննությանը:
«Ես չեմ տեսնում, որ քայլեր արվում են ճշմարտությունը պարզելու համար: Ես միայն մի բան եմ տեսնում, որ ամեն ինչ անում են, որպեսզի կոծկեն: Ճշմարտությունը վաղուց պարզված է. կանխամտածված, առանձնահատուկ դաժանությամբ խմբակային սպանություն է,- ասում է Արտակ Նազարյանի մայրը՝ ավելացնելով,- Ես նրանց որևէ փորձաքննությանը վստահություն չունեմ: Շատ դժգոհ եմ նախաքննության ընթացքից: Ինչու՞ են երկարացնում, որ թուղթ լրացնե՞ն: Ու՞մ են խաբում»:
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
