ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խղճի և դավանանքի ազատության իրավունք

2010թ. դեկտեմբերի 8-ին Վիենայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպվել էր «Խղճի և դավանանքի ազատության իրավունքի ոլորտում կարողությունների զարգացման սեմինար», որին մասնակցում էին իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում պրոֆեսորներ Քոլ Դյուրհեմը, Սիլվիո Ֆերարին, Գերհարդ Ռոբբերսը ներկայացրին խղճի և դավանանքի ազատության հիմնական բաղադրիչները, արտաքին և ներքին հարթությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կրոնական իրավունքի հետ, կրոնական նախապատվության արտահայտման իրավունքը, ինչպես նաև դրա ընդունելի սահմանափակումները։
Մարդու իրավունքների զարգացման արդի փուլում առավել արդիական ենք համարում կրոնական համոզմունքների հիման վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների թե՛ իրավական գործիքների կատարելագործումը, թե՛ հանրային ընկալման և վերաբերմունքի դրսևորումները։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև իրավապաշտպանների դերակատարությունը մշտադիտարկման և զեկույցների պատրաստման գործում։
Կարծում ենք, նման միջոցառումները բավականին անհրաժեշտ և օգտակար են հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների վերապատրաստման գործում, քանի որ լրատվամիջոցները ոչ միայն տեղեկատվության տարածման աղբյուր են, այլև հզոր գործիք հանրային կարծիքի ձևավորման հարցում։ Այս տեսանկյունից կարևորում ենք խղճի և դավանանքի ազատության իրավունքի վերաբերյալ նման սեմինարների կազմակերպումը, և ցանկալի է, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակի դրանք՝ օրակարգում դնելով նոր խնդիրների վերաբերյալ գիտելիքների տարածումը։
Իսկ դեկտեմբերի 9-10 Հոֆբուրգում անցկացվեց ԵԱՀԿ «Լրացուցիչ հանդիպում կրոնի և դավանանքի ազատության» թեմայով հանդիպումը, որտեղ ելույթ ունեցան դեսպանները, այնուհետև մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Սոֆյա Ավագյան
Աղբյուր՝ www.hra.am
