Հետաքննություն ըստ Կենտրոն TV-Ի

Կենտրոն հեռուստաընկերության դեմ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում են ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Գևորգ Հայրապետյանն ու նրա շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, որով պահանջել են արձանագրել Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստը, ինչպես նաև պարտավորեցնել հեռուստաընկերությանը ուղիղ հեռարձակմամբ անվճար հեռուստաժամ տրամադրել հայցվորին և նրա ներկայացուցչին եթերում օրվա այն նույն ժամերին և այն նույն տևողությամբ, ինչ ժամի և ինչ տևողությամբ հեռարձակվել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները` դրանք հերքելու համար:

Նոյեմբերի 14-21-ը Կենտրոն հեռուստաընկերությունը «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում տեսանյութ է հեռարձակել, որում կոպտորեն խախտվել են Գևորգ Հայրապետյանի իրավունքները:

Հայցվորները պնդում են, որ այս հեռարձակմամբ հասարակության մեջ արատավորել է Գևորգ Հայրապետյանի պատիվն ու արժանապատվությունը, և նպաստել է վերջինիս կողմից չընդունված և չփարատված կասկածներով առաջադրված մեղադրանքը հասարակության մեջ որպես հավաստի մեղադրանք արմատավորելուն:

Տեսանյութում Գևորգ Հայրապետյանը ներկայացվում է որպես լրտեսության ձևով պետական դավաճանություն կատարած անձ, ընդ որում ներկայացվում են գործի նյութերից չբխող և գործի հանգամանքներն աղավաղող դրվագներ:

"Որևէ լրատվամիջոց և որևէ հեռուստաընկերություն երբևէ չի փորձել նպաստել պաշտպանության կողմի` Գևորգ Հայրապետյանի գործով հրապարակային դատաքննություն անցկացնելու համառ պնդումներին", ասված է հայցադիմում:

Գնահատելով հեռուստաընկերության դերը որպես տեղեկատվություն ապահովող մարմնի, հայցվորները գտնում են, որ տվյալ պարագայում հեռուստաընկերությանը մտահոգել է ոչ թե գործով ճշմարտությունը և Գևորգ Հայրապետյանի անհիմն դատապարտվելու վտանգը, այլ միայն հասարակական հնչեղություն ունեցող գործով տեսարժան շոու ներկայացնելու պատվերը:

Ըստ հեռարձակված տեսանյութի տրամաբանության` Գևորգ Հայրապետյանի ենթադրյալ հանցանքն անվիճելիորեն ապացուցված է օրինական ուժի մեջ մտած դատավճռով, մինչդեռ նրա նկատմամբ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հրապարակվել է 2010 թ. հոկտեմբերի 25-ին, և տեսանյութի հեռարձակման պահին դեռևս չէր լրացել դատավճռի վերաքննիչ բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, ուստի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չէր կարող մտնել:

Կենտրոն հեռուստաընկերությունը որպես տեղեկատվության աղբյուր նշում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրամադրված նյութերը:

"Ցավալի իրողություն է այն հանգամանքը, որ այդ նույն դատախազության ջանասիրության արդյունքում Գևորգ Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործն այդպես էլ չի քննվել դռնբաց դատական նիստում, ինչով ևս մեկ անգամ խախտվեց Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար և հրապարակային դատաքննություն անցկացնելու պահանջը", ասված է հայցադիմումում:

Կենտրոն հեռուստաընկերությունը փաստաբանի հարցմանն ի պատասխան, իր գրության մեջ հղում է կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին:

Սակայն փաստաբան Սեդա Սաֆարյանը վկայակոչում է գերակա իրավունքի նորմերը, որոնք այս դեպքում անտեսվել են: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը ստորադասվում է Եվրոպական կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությանը, որով երաշխավորված է անմեղության կանխավարկածի` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անմեղ համարվելու նրա հիմնարար և անբաժանելի իրավունքը:

Հայցվորը գտնում է, որ այդ տեսանյութի հեռարձակումը կանխակալ կարծիք կարող է ստեղծել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում առաջիկայում իր ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության ընթացքում:

Ըստ հայցվոր կողմի, Կենտրոն հեռուստաընկերությունը խախտել է հետևյալ միջազգային և ներպետական իրավական նորմերը.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածը. Արդար դատաքննության իրավունք

Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

Սահմանադրության 21-րդ հոդվածը:
«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածը. Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածը / Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը/ սահմանում է.

«1. Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

2. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային լրատվության նույն միջոցներով:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Կենտրոն հեռուստաընկերությունը փաստորեն ստանձնել է գլխավոր դատախազության չհիմնավորված մեղադրանքները քարոզողի ու տարածողի դեր` դա անվանելով հետաքննություն: Ըստ ամենայնի, Կենտրոնի և գլխավոր դատախազության շահերն այստեղ համընկել են, բայց չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դերերը մշտապես փոխվում են: Բնական է, որ եթե դատախազության մեղադրանքը հիմնավորված լիներ, նա խնդիր չէր ունենա եթեր փնտրելու և այնտեղից քարոզչություն իրականացնելու:

Աղբյուր՝ http://lragir.am/