«Ա1+»ը փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել

«Ա1+»-ը հեռարձակող «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը դեկտեմբերի 29-ին 4 գրություններ էր ուղղել ՀՌԱՀ-ին: Հունվարի 10-ին Գրիգոր Ամալյանը մի գրությամբ պատասխանել է դրանց: Մեջբերենք այս գրագրությունից և փոխանցենք ստացված պատասխանների վերաբերյալ ՙԱ1+՚-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանի մեկնաբանությունները:

Մեսրոպ Մովսեսյան. ՙԹիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու՚ մասին 16.12.2010թ. թիվ 96-Ա որոշման 4-րդ էջում նշված է. ՙՄԵԼՏԵՔՍ՚ ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտի և կից փաստաթղթերի սկզբնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ: Վերոշարադրյալը հիմնավոր կասկածներ է առաջացրել ներկայացրած տվյալների տեղեկությունների իսկության վերաբերյալ՚: Խնդրում ենք հայտնել' ՀՌԱՀ-ի որ անդամի կամ անդամների կողմից է (են) պարզվել անհամապատասխանության փաստը, և ինչպես է այն արձանագրվել՚:

Գրիգոր Ամալյան. ՙՈրոշման մեջ նշված այն անհամապատասխանությունը, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ, պարզվել և համապատասխան հարցումները իրականացվել են իմ կողմից՚:

Տիգրան Տեր-Եսայան. ՙՀՌԱՀ-ի բոլոր 8 անդամներն ունեն հավասար իրավունքներ: Եվ արդյոք բոլոր թերությունները, սխալները կամ կեղծիքները հենց Ամալյա՞նն է նկատել: Ենթադրենք, որ իրոք հենց միայն նա է նկատել և տեղյակ պահել բոլորին: Ստացվում է, թե մնացած անդամները 55 օր' հոկտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 16-ը, ինքնուրույն ուսումնասիրություններ են արել, բայց Ամալյանը նրանց տեղյակ է պահել և եկել' 8-ից 7-ը ՙԱ1+՚-ին զրո են նշանակել, իսկ ՙԱրմնյուզին՚' 6: Բոլորը նույն կարծիքի՞ են եղել: Ենթադրենք, թե սա մեծ զուգադիպություն է: Բայց թիվ 96-Ա որոշման մեջ նշել են. ՙՀՌԱՀ անդամները, մրցութային հայտերի վերաբերյալ իրենց վերլուծություններում, գնահատելով մրցակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց հիմնավորումները՚ հանգել են եզրակացության՚:

Մեսրոպ Մովսեսյան. ՙԹիվ 96-Ա որոշման մեջ նշված է. ՙՀանձնաժողովը հնարավորություն չունի գնահատել ընկերության կողմից ներկայացվող առկա տեխնիկական միջոցները, քանի որ դրանք որևէ կերպ նկարագրված չեն բիզնես ծրագրում՚: Խնդրում ենք հայտնել' ինչպես է արձանագրվել տեխնիկական միջոցների գնահատման անհնարինության փաստը ՀՌԱՀ-ի անդամի կամ անդամների կողմից՚:

Գրիգոր Ամալյան. ՙԱյդ ձևակերպումը հաստատվել է վերոհիշյալ մրցույթի արդյունքների հիմնավորման փուլում և ՀՌԱՀ անդամների միջև տարաձայնությունների առիթ չի հանդիսացել՚:

Տիգրան Տեր-Եսայան. ՙՄենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 55 օրում, և ՀՌԱՀ յուրաքանչյուր անդամ ինչպես է ուսումնասիրություն կատարել, որի արդյունքում կայացրել է որոշում: Մենք կասկածում ենք, որ նրանք ֆիզիկապես ի վիճակի չէին այդ ընթացքում գնահատել բոլոր դիմումատու հեռուստաընկերությունների տեխնիկական միջոցները, մանավանդ որ' ՀՌԱՀ ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, թե յուրաքանչյուր դիմումատուի փաթեթների 2-ական օրինակները հերթով են տրամադրվել ՀՌԱՀ անդամներին՚:

Մեսրոպ Մովսեսյան. ՙԹիվ 96-Ա որոշման 5-րդ էջում նշված է. ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն. ՙԵթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներª դրանց իսկության մեջ հավաստիանալու համար՚: Այդ իսկ նպատակով 08.11.2010 թ. թիվ 01-324 գրությամբ դիմել եք Արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանին: Այդ հարցման արդյունքներում տրամադրվել են պատասխանները 20.11.2010 և 25.11.2010 թվականներին, համապատասխան թիվ 1/18278 և 1/18607 գրություններով: Խնդրում ենք հայտնել' ՀՌԱՀ անդամներն ինչպե±ս են տեղեկացվել այս հարցման պատասխանների արդյունքների մասին: ՀՌԱՀ-ի անդամներին վերը նշված հարցումների պատասխանները ծանուցելուց հետո արդյոք եղե±լ է ՀՌԱՀ-ի անդամների կողմից կարծիք կամ հատուկ կարծիք այդ հարցման պատասխանների առնչությամբ: Այդ գործողություններն արձանագրված լինելու դեպքում, խնդրում ենք տրամադրել այդ արձանագրությունների պատճենը՚:

Գրիգոր Ամալյան. ՙԹիվ 1/18278 և 1/18607 գրությունների պատճեններն իմ հանձնարարությամբ ՀՌԱՀ աշխատակազմի քարտուղարության միջոցով տրամադրվել են ՀՌԱՀ անդամներին' ի գիտություն' Վերոհիշյալ մրցույթի ամփոփման փուլում այդ գրությունների վերաբերյալ ՀՌԱՀ անդամների կողմից հատուկ կարծիքներ չեն եղել՚:

Տիգրան Տեր-Եսայան. ՙՀՌԱՀ-ը մշտապես խուսափում է նշել, թե հանձնաժողովի անդամների միջև եղել է քննարկման գործընթաց: Մեր յուրաքանչյուր հարցադրմանն ի պատասխան իրենք մեկնաբանում են, թե 8 անդամներով ուսումնասիրել են մրցութային փաթեթները և տվել վարկանիշային գնահատականներ: ՀՌԱՀ-ը մեզ մի փաստաթուղթ էլ է տվել, ըստ որի' մրցութային շրջանում ունեն ընդամենը 1 արձանագրություն, որը վերաբերում է հոկտեմբերի 28-ին նիստ հրավիրելուն, որտեղ մրցույթների մասնակիցները պետք է ներկայացնեին հայտերը: Հետո դեկտեմբերի 16-ին եկել' գնահատականներ են նշանակել և նիստն ավարտվել է: Ուզում են ներկայացնել, թե այդ 55 օրվա մեջ ՀՌԱՀ-ի անդամները միմյանց հետ չե՞ն շփվել, քննարկումներ չե՞ն եղել և միայն ուսումնասիրությո±ւն է եղել: Բայց որոշման տեքստի վերաբերյալ ինչպե՞ս են եկել համաձայնության: Եվ մի բան էլ' որոշման մեջ վկայակոչել են ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ օրենքը, բայց նույն օրենքում նաև հստակ ամրագրվածի համաձայն' պետք է կանչեին ու պահանջեին պարզաբանումներ: Օրենքի մի հոդվածը կիրառել են, գործողություններ արել, իսկ մյուս պահանջը չեն կատարել՚:

Մեսրոպ Մովսեսյան. ՙԹիվ 96-Ա որոշման 5-րդ էջում նշված է, որ ՙՄելտեքս՚ ՍՊԸ-ի. ՙՀայտում և կից փաստաթղթերում անորոշ անձանց կողմից ֆինանսական ներդրման մասին Աննա Տանելյանի (280 000 եվրո) հավաստագիրը վավերացված չէ ոչ ստորագրությամբ, ոչ' կնիքով՚: Նույն որոշման 6-րդ էջում նշված է. ՙԱնհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են և անհիմն (120000 դոլար և 280000 եվրո)՚: Խնդրում ենք հայտնելª ՀՌԱՀ ո±ր անդամի կամ անդամների կողմից է (են) պարզվել Աննա Տանելյանի կողմից տրված (280 000 եվրոյի) հավաստագրի անորոշ և անհիմն լինելու մասին փաստերը, և ՀՌԱՀ-ի կողմից ինչպիսի՞ գործողություններ են կատարվել հիմնավոր կասկածները պարզելու ուղղությամբ: Եղե՞լ է արդյոք ՀՌԱՀ անդամների կողմից Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի անորոշ կամ անհիմն լինելու փաստի մասին կարծիք և/կամ հատուկ կարծիք, և ինչպե՞ս է այն արձանագրվել՚:

Գրիգոր Ամալյան. ՙԸստ Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի' պարտավորություն ստանձնող անձանց անորոշ լինելը, ինչպես նաև գրության անստորագիր և կնիքով չվավերացված լինելն ակնհայտ է եղել և լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն չի պահանջվել' Թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու մասին 16.12.2010թ. ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշման հիմնավորման փուլում այդ կապակցությամբ ՀՌԱՀ անդամների կողմից այլ (հատուկ) կարծիքներ չեն եղել՚:

Տիգրան Տեր-Եսայան. ՙՀՌԱՀ-ը համարել է, որ 3 փաստաթուղթ չի համապատասխանում իրականությանը, բայց ճշտումներ է արել միայն 2-ի հետ կապված: Թող բարի լիներ' 3-րդ փաստաթղթի հետ կապված էլ ճշտումներ աներ: Ինչո՞ւ չի արել. գուցե համոզված էր, որ հարցում անելուց հետո կլիներ դրական պատասխան: Մանավանդ որ, Տանելյանների ընտանիքը նաև 2003-ի մրցույթում է ֆինանսական աջակցության հավաստագիր տվել ՙԱ1+՚-ին: Նշվում է, թե այժմ գրությունն անստորագիր և կնիքով չվավերացված էր: Բայց այդ բլանկի վրա կային բոլոր կոորդինատները, անգամ այդ գործարարի հարկային կոդը: Ուղղակի ՀՌԱՀ-ը ցանկանում էր այդ 3 փաստաթղթերով հիմնավորել, թե ՙԱ1+՚-ի ֆինանսական միջոցները բավարար չեն ծրագրի և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար: Իսկ եթե ճշտեին նաև այս 3-րդ փաստաթուղթը' գումարը բավարար կլիներ: Եվ ՀՌԱՀ-ի անգործությունն այս դեպքում մի բացատրություն ունի' գիտակցաբար հարցում չեն արել, որ կարողանան մերժել նման ձևակերպմամբ՚:

ՀՌԱՀ-ՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԱՅԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Հեգնանքով արձագանքելով ՀՌԱՀ անդամ Գրիգոր Ամալյանի պատասխանում նշված այն արտահայտություններին, թե ՀՌԱՀ անդամների միջև մրցույթում տարաձայնություններ չեն եղել, որոշումների վերաբերյալ չեն եղել այլ ու հատուկ կարծիքներ' ՙԱ1+՚-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ՙԱռավոտին՚ ասաց. ՙԵս այս գրությունից հասկացա, որ գուցե ընդհանրապես չի՞ հայտարարվել ու անցկացվել որևէ մրցույթ: Տարօրինակ պատասխաններ են, որոնց բացատրությունը միակն է' կամ շատ են խճճվել ու չեն կարողանում կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ճիշտ կլինի գնալ, կամ էլ ՀՌԱՀ-ն ընդհանրապես նրանց տեղը չէ՚:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»

Աղբյուր՝ http://www.a1plus.am