Կապան. խնդիրներ առանց լուծումների

Իր մեծությամբ Հայաստանի չորրորդ քաղաքը՝ Կապանը, ամայացման վտանգի առջև է։ Պատճառը' «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից հանքարդյունահանման ծրագիրն է, որով նախատեսվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործել բաց եղանակով, մինչդեռ, ըստ «Էկոլուրի», հանքավայրի մի մասը գտնվում է անմիջապես քաղաքի տարածքում, ինչի արդյունքում պայթեցումները, փոշին և թունավոր տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարները անմիջապես կազդեն Կապանի բնակչության վրա:

Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ նախագիծը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, բայց և՛ մարզպետարանը, և՛  Կապանի քաղաքապետը, և՛ կառավարությունը նրա մասին արդեն խոսում են ինչպես իրականացման հանձնված նախագծի մասին: Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման մասին կառավարության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետևյալ ձևակերպմամբ' հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը:  Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային և ազգային սեփականության' ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի և, վերջապես, ուրանի հաշվին:

Սակայն, ինչպես նշեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը, այսպիսի ծրագրի իրականացումից միգուցե կշահեն մի քանի ձեռներեցներ, սակայն ավելի մեծ քանակով մարդիկ կտուժեն, քանզի արդեն իսկ անոմալ ծնունդների քանակը ավելի շատ է, քան կարելի էր ակնկալել:

Ուստի տիկին Ադամյանը ավելացրեց, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը և Ինգա Զարաֆյանը պատրաստվում են գրել մի բաց նամակ կանադական «Dundee Precious Metals» ընկերությանը, ներկայացնելով այն աղետաբեր իրավիճակը, որին կհանգեցնի ընկերությունների իրականացվելիք ծրագիրը, ինչպես նաև նրանք ծրագրում են հանդիպել եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ' այդպիսով փորձելով կանգնեցնել այդ գործընթացը' թույլ չտալով հետագայում այդ գործընթացի ծավալումը:

«Էկոդար» կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանն էլ խոսեց երիտասարդ ակտիվիստների գործողությունների մասին' նշելով, որ բացի նամակին միանալուց, նաև, երբ փաստացի սկսվի ծառերի հատելու գործընթացը, Երևանի և Կապանի երիտասարդ բնապահպանները նույնիսկ պատրաստակամ են վրանային ճամբար կազմակերպելու Կապանում' ֆիզիկապես թույլ չտալով ծառերի հատումը:

Հանդիպման ժամանակ մասնակիցները նշեցին, որ դեռևս պաշտոնական հայտարարություններ ծրագրի իրականացման մասին չեն եղել, այնուամենայնիվ, նրանք փորձում են կանխարգելել ապագա գործողությունն արդեն այսօր:

Սակայն, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս ծրագրի արմատներն ավելի խորն են, քան կարելի էր ակնկալել, և, ուսումնասիրելով արդեն իսկ եղած փաստերը, մեզ մոտ հարց է առաջանում՝ արդյոք արդեն ուշ չէ՞ այս հարցով զբաղվելը: Նախ նշենք, որ հայկական «Deno Gold Mining (DGMC)» և կանադական «Dundee Precious Metals» ընկերությունները դեռևս 2010թ.-ի օգոստոսի 10-ին ստորագրել էին համաձայնագիր' Կապանի հանքարդյունաբերական կոմբինատում 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի վերաբերյալ, իսկ մինչ այդ էլ  նախագծի իրականացման համար այդ ընկերությունները պարտավորվել էին այդ տարածքները գնել բնակիչներից շուկայական գներով:

Բնակիչները, դեռևս անցյալ տարվա սկզբում դիմել էին դատարան' պահանջելով կանխել մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռիսկերը: Իսկ 2010թ.-ի փետրվարի 17-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան և 20 հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Իրինա Մանուկյանը ստորագրել էին հաշտության համաձայնագիր, ըստ որի' վաճառքի էր հանվելու բնակիչների գույքը, իսկ ընկերությունը իր հերթին պարտավորվելու էր շուկայական գներով ձեռք բերել այդ սեփականությունները: Ըստ ընկերության կառավարության ու հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի' ձեռնարկությունը փոխհատուցելու էր ոչ միայն դատարան դիմածներին, այլև բոլորին: Ուստի կազմվել էին ցուցակները, իսկ գույքագրումն ու հաշվարկը կատարվելու էր հատուկ արտոնագիր ունեցող երևանյան կազմակերպության կողմից։

Ամբողջ գործընթացը, ընդհուպ մինչև վճարումը, ավարտվել է 2010թ.-ի ապրիլի վերջին։ Բնակիչներին էլ հորդորել են, որ չմշակեն հողամասերը, քանի որ բնակավայրը հետագայում վեր է ածվելու բաց հանքի:

Նշվում էր, որ բաց հանքը նոր աշխատատեղերի բացման հնարավորություն կտա: Սակայն այդպես էլ որոշակի թվեր ու ժամկետ չնշվեց։ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» hասարակական կազմակերպությունը կրկին դիմեց դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ընկերությանը՝ իրեն տրամադրել բնապահպանության նախարարության կողմից 2009թ. իրականացված ստուգումների մասին տեղեկատվություն:

Սակայն այդպես էլ պատասխան չեղավ, քանի որ ինչպես Նորայր Աղայանն էր նշել,  ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի' «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» նման ընկերությունները պարտավոր չեն տեղեկատվություն տալ: (Տեղեկատվության ազատության մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, թե որ կազմակերպությունների վրա է տարածվում օրենքը: Այդպիսի կազմակերպություններից են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները և հանրային նշանակության կազմակերպությունները: Նույն օրենքի 3-րդ հոդվածում սահմանվում է, թե ինչ է նշանակում հանրային նշանակության կազմակերպություն հասկացությունը: Այդպիսիք են' ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք ունեցող, ինչպես նաև հանրային, կոմունալ և այլ ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունները):

Այսպիսով, երբ ամեն ինչ կարծես թե քիչ թե շատ պարզ է, և ամեն հարց կարծես թե լուծված է, կարելի է բնապահպանների այնպիսի գործողությունները, ինչպիսիք են նամակ գրելը, համարել մի քիչ ուշացած: Թերևս հույսը կարելի է դնել Հրայր Սավզյանի և մյուս երիտասարդ բնապահպան ակտիվիստների միասնության և ֆիզիկական դիմադրության վրա:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուր՝ www.hra.am