ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեական գործը կոծկվել է

Այսօր' հունվարի 19-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի անցած տարի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10- ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու դեմ բերած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի բողոքը: Նա պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել էր 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ' "մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով":
Պատահարը տեղի է ունեցել դպրոցում' քննության ժամանակ, և տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել:
Գործի վարույթը կարճելու որոշման մեջ քննիչ Մկրտչյանը որպես հիմնավորում վկայակոչել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պետական տեսչության գրությունը, որի համաձայն Դերենիկ Գասպարյանի մահը դպրոցի տնօրենի կամ վարչակազմի կողմից չարաշահումների կամ թերացումների արդյունք չէ:
2010 թ. հունիսի 5-ին չորրորդ դասարանի աշակերտ Դերենիկ Գասպարյանի ծնողները որդուն տարել են թիվ 5 միջնակարգ դպրոց' մաթեմատիկայի քննության մասնակցելու համար և երեխային հանձնել դասղեկ Սուսաննա Կակոյանի և մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանի հսկողությանը, սակայն դպրոցում երեխաների համար պատասխանատու վերը նշված ուսուցչուհիները զբաղված լինելով ոչ պայմանագրային աշխատանքով, երեխաներին թողել են առանց հսկողության, որի հետևանքով Դերենիկ Գասպարյանը մահացել է:
Արայիկ Զալյանն իր բողոքում վկայակոչում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը պետական հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրում տնօրենի պարտավորությունների մասին (2009թ. Թիվ 1105 հրաման), արձանագրելով, որ անչափահաս Դերենիկ Գասպարյանին կյանքից զրկելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է դպրոցի վարչակազմը' պատասխանատու անձինք:
"Ապահովել սովորողի կյանքի անվտանգության պայմանները' միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ":
Նույն հրամանի 6-րդ գլխի համաձայն, "կողմերը պայմանագրով սահմանված իրենց պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման կամ գերազանցման համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով":
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հետևության, նախաքննական մարմինը Դերենիկ Գասպարյանի կայնքի համար պատասխանատու անձի ինքնությունը չի պարզել և կատարված արարքը որպես հանցագործություն որակելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել:
Մի կողմից նախաքննական մարմինը ապացուցված է համարել նրան ծեծի ենթարկելու փաստը, մյուս կողմից ծեծը որպես մահվան պատճառ քննության չի առել:
Զալյանի համոզմամբ, մինչ օրս նախաքննության մարմնի կողմից գործով ապացույց ձեռք բերելու փոխարեն կատարվել է գործի նյութերի կոծկում, հայտնի չեն գործի նյութերը, հայտնի չէ, թե ով է հարցաքննել և ինչի հիման վրա է քննիչը որոշում կայացրել: Բացի այդ, վերահսկողություն սույն գործի նկատմամբ վերադաս մարմինների կողմից արդյունավետ չի եղել.
"Չարենցավանի ոստիկանության նախաքննական մարմնի գործողությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն չկա", փաստել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Աղբյուր' www.lragir.am
