ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցմահ դատապարտյալների հետ վարվեցողությունը՝ ըստ միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության

2011թ. հունվարի 29-30 Աղվերանում Միջազգային բանտային բարեփոխում (PRI տարածաշրջանային տնօրեն Թիրա Չանտուրիայի մասնակցությամբ) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ կողմից կազմակերպվել էր ուսուցողական դասընթաց «Ցմահ դատապարտյալների հետ վարվեցողությունը՝ ըստ միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության» թեմայով՝ ցմահ դատապարտյալների հետ աշխատանքի համար պատասխանատու քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար։ Ուսուցողական դասընթացը վարում էին Գիվի Միկանաձեն (միջազգային դասավանդող, փորձագետ) և Էդմոն Մարուքյանը (Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան)։
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ազգային օրենսդրությամբ ցմահ ազատազրկված անձի կարգավիճակը, օրենքով նրա համար սահմանված իրավունքները, ինչի շուրջ ծավալված քննարկումները հենված էին այն մտահոգության վրա, որ օրենսդրությունը և պրակտիկան իրար երբեմն հակասում են, հնարավոր են իրավունքի չարաշահումներ դատապարտյալների կողմից, ինչպես նաև պարտականությունների անբարեխիղճ կատարում հիմնարկի վարչակազմի կողմից։ Հատուկ հնչեղություն ստացավ բարոյական վնասի փոխհատուցման խնդիրը, ինչը ազգային օրենսդրությունը չի նախատեսում։
Արտահայտվեցին մտահոգություններ օրենքով սահմանված կարգի և դրա նկատմամբ դատապարտյալի սուբյեկտիվ ընկալման վերաբերյալ (մասնավորապես, դատապարտյալները դժգոհում են, որ կարճատև տեսակցության ընթացքում կողմերը շփվում են ապակե միջնապատից և դժգոհում, թե «ինչու՞ ես իրավունք չունեմ գրկելու իմ երեխային»)։ Քննարկվեցին ազգային օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վերաբերմունքի և պահման կարգի հետ կապված առանձնահատկությունները։
Բարձրացվեցին ՔԿՀ-ներում հնարավոր և առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսպես թե այնպես անհավասար պայմաններում են դնում դատապարտյալներին։ Մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց ազատազրկված անձանց հատուկ խմբերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի վրա՝ ըստ ազգային չափորոշիչների, ինչպես նաև ներման ընթացակարգը և պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները՝ ըստ ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների։
Ներկայացվեցին ցմահ դատապարտյալների հետ կապված միջազգային իրավունքի նորմերը, համեմատական անցկացվեց Վրաստանի և Հայաստանի փորձի միջև, քննարկվեցին ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված վրացական և հայկական օրենսդրության հիմնախնդիրները։ Քանի որ երկու երկրներում էլ այս պահին դեռ չկան պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալներ, քննարկումները հիմնականում տեսական բնույթի էին։ Կոնկրետ դատական գործերի խմբային քննարկումներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բարելավելու իրենց գիտելիքները միջազգային իրավունքի ոլորտում։
Ոլորտում առկա հիմնախնդիրների ընդհանուր համատեքստում քննարկվեցին ոչ միայն դատապարտյալների հետ առնչվող բազմաթիվ օրենսդրական և պրակտիկ խնդիրներ, այլև դրանց զուգահեռ համակարգի աշխատակիցների իրավունքները։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն դարձվեց քրեակատարողական հիմնարկներում անձնակազմի համալրման և ռեսուրսային խնդիրներին։ Նշվեց, որ սահմանափակ կազմով հնարավոր չէ պատշաճ իրականացնել ծառայողական պարտականությունները՝ օրենքի տառին համապատասխան։ (Այսպես, եթե ՔԿՀ-ում կա աշխատակիցների պակաս, օրինակ, օրենքով նախատեսված յուրաքանչյուր դատապարտյալին օրական մեկ ժամյա զբոսանքը չի կարող ապահովվել, քանի որ սահմանափակ ռեսուրսով հնարավոր չէ այն իրականացնել՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն։ Կամ, եթե ՔԿՀ-ի զբոսահրապարակների թիվը սահմանափակ է, իսկ հիմնարկը գերբնակեցված է, ապա հնարավոր չէ ապահովել դատապարտյալի՝ օրենքով սահմանված օրական 1 ժամյա զբոսանքի իրավունքի իրականացումը)։
Դասընթացի ամփոփմանը մասնակիցները իրենց գոհունակությունը հայտնեցին ձեռք բերած նոր և անհրաժեշտ գիտելիքների և դասընթացի կազմակերպման բարձր մակարդակի համար, և համոզմունք հայտնեցին, որ ստացած նոր գիտելիքները միանգամայն կիրառելի են իրենց հետագա աշխատանքում։ Այդ իսկ պատճառով նման դասընթացների անհրաժեշտություն կա հատկապես ՔԿՀ-ում դատապարտյալների հետ անմիջապես աշխատող անձնակազմի համար, և մասնակիցները հույս հայտնեցին, որ նման դասընթացներ կկազմակերպվեն նաև հետագայում։
Սոֆյա Ավագյան
Գլխավոր խմբագիր
www. hra.am
