20-ամյա Զարուհու սպանության առնչությամբ պահանջում են արդար դատավճիռ

«Կանանց իրավունքների կենտրոնում» 9 նմանատիպ կարմիր փայտե կմախքներ են պահվում: Դրանք կենտրոնի աշխատակիցները պատրաստել են ի հիշատակ այն հայուհիների, ովքեր տանը ենթարկվել են բռնության, ծեծի, սակայն չեն ամաչել ու այդ մասին բարձրաձայնել են` պահանջելով հարգել իրենց իրավունքներն ու վերջ տալ բռնությանը: 

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի փայտե կմախքի վրա հայերեն ու անգլերեն գրված է.
«Զարուհի Պետրոսյան: Ամուսնացել եմ 18 տարեկանում: 20 տարեկանում զրկել են կյանքից՝ որբ թողնելով 1.5 տարեկան աղջկաս: Ամուսնության առաջին օրվանից ամուսինս և սկեսուրս ինձ նվաստացնում, ծեծում և խոշտանգումների էին ենթարկում: Վերջին անգամ ինձ աքացի են տվել, ծնկներս ու մատերս կոտրել, գլուխս ջարդել ու բերանս շոր մտցրել, որ արյունը կտրվի: Ավելին, որպեսզի մահս «դժբախտ պատահար» գրանցվի, վերջում ինձ աստիճաններից ցած են գլորել»:
Այսօր Զարուհու փայտե կմախքը կանգնեցված էր Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

«Մի՛ լռիր, բարձրաձայնի՛ր», «20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետևանքով», «Ո՛չ ընտանեկան բռնությանը» այս և բազմաթիվ գրություններ պարունակող ցուցապաստառներով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են Զարուհի Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար արդար դատաքննություն անցկացնել ու արդար վճիռ կայացնել: Միաժամանակյա ակցիա էր անցկացվում նաև Լոս Անջելեսում "Humas Rights Council"-ի նախաձեռնությամբ, որն ուղղված է դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանը ասում է, որ իրենք շարունակելու են նմանատիպ բողոքի ակցիաներ կազմակերպել` հասարակությանը հիշեցնելու Զարուհու ողբերգական մահվան մասին, մինչև մեղավորին չպատժեն:
«Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը պետք է սթափեցնի, որպեսզի կանայք կարողանան իրենց պաշտպանել, թույլ չտան, որ որևէ մեկն իրենց վրա ձեռք բարձրացնի, հարվածի»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

«Կանանց իրավունքների կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանի ներկայացմամբ` այսօր Հայաստանում տարբեր տեսակ ընտանեկան բռնությունների է ենթարկվում կանանց 1/3-ը: Ավելացել են թեժ գծին զանգերը: Դա մասնագետը կապում է ոչ թե բռնությունների ավելացման, այլ կանանց իրազեկության մակարդակի բարձրացման հետ:

Ակցիայի ժամանակ ցույցի մասնակիցներից մի քանիսին հրավիրեցին Գլխավոր դատախազության շենք, որտեղ նրանց խոստացել են հետևել, որպեսզի գործով արդար դատավարություն իրականացվի: Խոստացել են նաև, որ կկապվեն Զինդատախազության Եղեգնաձորի բաժին, որտեղ ընթացել է նախաքննությունն ու նոր մանրամասներ պարզել:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2010թ. հոկտեմբերի 1-ին մահացել էր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Պարզվել էր, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային վնասվածքը, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների`Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, պարբերաբար ծեծել է կնոջը: Դեպքի օրը` սեպտեմբերի 26-ին, Սարկիսովը կրկին դաժան ծեծի է ենթարկել Զարուհուն: Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Սակայն խնդիրն այն է, որ կալանավորված է միայն ամուսինը` Յանիս Սարկիսովը, իսկ սկեսրոջ դեմ գործ հարուցված չէ: Մինչդեռ Զարուհու քրոջ` Հասմիկ Պետրոսյանի ներկայացմամբ` սեպտեմբերի 26-ին Զարուհուն դաժան ծեծի է ենթարկել ոչ միայն ամուսինը, այլև սկեսուրը:

Հասմիկ Հարությունյան

Աղբյուր՝ www.hra.am