Թրաֆիքինգով զբաղվողները փոխում են իրենց գործելաոճը

Վերջին երեք տարիներին Հայաստանում շատացել են թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը։ ՀՀ ոստիկանության տվյալներով՝ Քրեական օրենսգրքի 132 և 132¹ հոդվածներով 2008թ. գրանցվել է 12 քրեական գործ և 34 տուժող, 2009-ին' 15 քրեական գործ, 60 տուժող: 2010թ.-ին հարուցվել է 11 քրեական գործ 15 անձանց նկատմամբ, տուժողները 19-ն են: 

Թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների թվի նվազումը 2010-ին ոլորտի պատասխանատուները և մասնագետները բացատրում են մի քանի պատճառներով: Առաջինը իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքն է դեպքերը բացահայտելու, կազմակերպիչներին ու հավաքագրողներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Ընդ որում՝ 2009-ին Ոստիկանությունը առաջին անգամ հայտնաբերել և կանխել է սեռական շահագործման ենթարկելու նպատակով հավաքագրված խմբի փոխադրումը Միացյալ Արաբական Էմիրություններ: Իսկ նախկինում, սովորաբար, դեպքերը բացահայտվում էին շահագործման ենթարկելուց հետո:

Մարդկանց շահագործման դեպքերի նվազման մյուս պատճառը շահագործողների և հավաքագրողների աշխատանքի բնույթի փոփոխությունն է: «Եթե նախկինում խաբեության էին դիմում, չէին ասում, որ մարմնավաճառությամբ պիտի զբաղվեն, ապա հիմա անձը տեղյակ է, որ ինքը մարմնավաճառությամբ է զբաղվելու, հարկադրանքի եղանակներ չեն կիրառվում իր նկատմամբ ո՛չ հավաքագրման, ո՛չ շահագործման փուլում, այսինքն՝ համարյա թե կամավոր են տանում»,- ասում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:

Իսկ «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը երևույթը այսպես է բացատրում. «Ամեն ինչ անում են, որ դա թրաֆիքինգ չբնորոշվի, այլ' մարմնավաճառության կազմակերպում, որ բացահայտվելու դեպքում ծանր հոդվածի տակ չընկնեն: Խորամանկության են դիմում»:

Թրաֆիքինգի դեպքերի նվազման երրորդ պատճառը հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է խնդրի շուրջ, թեև այս հարցում դեռ անելիքներ կան հատկապես հանրապետության հեռավոր շրջաններում և բնակավայրերում: Սահմանային անցակետերում ՀԿ-ների միջոցով բոլորին բաժանվում են տեղեկատվական բուկլետներ և այլ քարոզչական միջոցներ, որտեղ նշված է' ինչ քայլերի պետք է դիմել թրաֆիքինգից պաշտպանվելու համար, նաև նշված է թեժ գծի հեռախոսահամարը: Դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և բուհերի ուսանողներին ևս որոշակի ինֆորմացիա է տրամադրվում թրաֆիքինգի վերաբերյալ:Թեման, սակայն, առայժմ ներառված չէ որևէ դասագրքում, և դասընթացները կազմակերպվում են միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների ջանքերով:

ՀՀ Քրեական օրենսգրքում 2006թ. սկսած կատարվել են մի շարք փոփոխություններ, խստացվել է մարդկանց շահագործման համար սահմանված պատժաչափը, իսկ զոհերը ազատվել են շահագործման ենթարկվելու հետևանքով կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելուց: 2010-ին Կառավարության կողմից Ազգային ժողովին է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 14 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկ: Նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունվել է:

Այդուհանդերձ, թրաֆիքինգի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար պետք է շարունակել օրենսդրական բարեփոխումները, ապահովել տեխնիկական լիարժեք հագեցվածություն և կատարելագործել համակարգի աշխատողների կարողությունները, այսպես է կարծում Ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:

Խնդիրներ կան նաև այլ երկրներում թրաֆիքինգով զբաղվող անձանց հայտնաբերման հարցում: «Մենք ունենք խոշոր թրաֆիքյորներ, որոնք հետախուզման մեջ են: Բայց նրանք ամուսնացել են օտարազգի մարդու հետ, ազգանունը, քաղաքացիությունը փոխել են, և տվյալ պետությունը նրանց մեզ չի հանձնում: Ասում են' նա մեր քաղաքացին է, եթե տվյալներ ունեք, տվեք, մենք կզբաղվենք: Մենք գործերը ուղարկում ենք»,- ասում է Թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Նազարեթ Մնացականյանը՝ ավելացնելով, որ հաճախ դա որևէ արդյունքի չի հանգեցնում:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am