ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գործն արդեն ՀՔԾ-ում է: Կալանավորը դադարեցրել է հացադուլը:
Լոռու մարզի ոստիկանության քննչական վարչության քննչական բաժնի նախաքննության արդյունքում պարզվել է, որ 34-ամյա վանաձորցի Աշոտ Հարությունյանի ստացած մարմնական վնասվածքները առաջացել են դատական կարգադրիչների կողմից նրան հարվածելու և ծեծելու արդյունքում: Վերոնշյալը հաստատելու, դատական կարգադրիչների նկատմամբ մեղադրանք առաջադրելու և քրեական գործ հարուցելու համար էլ գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:
34-ամյա վանաձորցին կասկածվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Ա. Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանը հունվարի 16-ից հացադուլ էր հայտարարել՝ այդկերպ իր բողոքն արտահայտելով իրեն անարդարացիորեն կալանավորելու, ինչպես նաև նախաքննական մարմնի անօրինականությունների դեմ:
10 օր հետո «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը դադարեցրել է հացադուլը: «Քանի որ գործը գտնվում է ՀՔԾ-ում, այն դադարեցվել է, որպեսզի այդ քայլը ճնշում չդիտվի ՀՔԾ-ի ու դատարանի վրա»,- պարզաբանեց Աշոտի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հունվարի 31-ին վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար փաստաբանի՝ իր պաշտպանյալի կալանքի ժամկետները երկարաձգելու հարցի շուրջ վերաքննիչ բողոքի դատական նիստը, որը, սակայն, չի կայացել՝ դատախազության և ՀՔԾ-ի աշխատակիցների չներկայանալու պատճառով:
«Նախաքննության մարմինը որևէ նյութ չի ներկայացրել դատարանին, որով կհաստատվեր իմ պաշտպանյալին վերագրվող արարքը: Առաջին ատյանի դատարանը, առանց որևէ հիմքի, որոշել է կալանավորել Աշոտ Հարությունյանին և երկարաձգել ժամկետը: Դատարանը հիմք է ընդունել քննիչի բանավոր հայտարարությունը»,- ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Ըստ նրա՝ ոտնահարվել է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անտեսվել օրենքով սահմանված ընթացակարգը: «Ստացվում է՝ դատարանները պատվեր են կատարում և քննիչի բանավոր հայտարարության հիման վրա երկարաձգում կալանքի ժամկետները»,- ասում է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Հարությունյանն արդեն 2,5 ամիս է՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է: Կարգադրիչների մեղքն ապացուցվելու պարագայում Աշոտ Հարությունյանը կդիտվի որպես տուժող: «Սրանից ենթադրվում է, որ իմ պաշտպանյալը պետք է անհապաղ ազատ արձակվի կամ գոնե խափանման միջոցը փոխարինվի ստորագրություն չհեռանալու մասին որոշմամբ»,- ավելացնում է փաստաբանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուր՝ http://aravot.am
