ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում խոսքի ազատություն և՛ կա, և՛ չկա

Ամփոփելով նախորդ տարվա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2010թ.-ի տարեկան զեկույցը՝ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այս տարի արձանագրում է խոսքի ազատության նոր սահմանափակում, որը նախորդ տարվա խոսքի ազատության բնագավառում օրենսդրական բացթողման արդյունք է համարում:
Փետրվարի 9-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ Մելիքյանը անդրադարձավ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի փոխհատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայցի դատավճռին, որով դատարանը վճռել էր, որ օրաթերթը որպես փոխհատուցում պետք է պատգամավորներից յուրաքանչյուրին վճարի 2 միլիոն 44.000 դրամ:
Կազմակերպության իրավաբան Օլգա Սաֆարյանը, անդրադառնալով նման վճռի համար հիմք ծառայած քաղաքացիական օրենսգրքում նոր ավելացած 1087 հոդվածին, ասաց, որ այդ հոդվածը կարգավորում է մարդու պատվին, արժանապատվությանը, բարի համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգը և պայմանները, իսկ վերջերս կա միտում, որ հայցերը այդ հիմքով տրվեն դատարան հիմնականում լրատվամիջոցների դեմ:
«Վճիռը եղել է օրենսդրության սահմաններում, քանի որ օրենսդիրը տուգանքը սահմանում է մինչև նվազագույն աշխատավարձի 200ապատիկը, այստեղ դատարանը չի գերազանցել դա, բայց հոդվածը հստակ նշում է, որ այդ գումարը սահմանելիս դատարանը պետք է նկատի ունենա տեղեկության տարածման եղանակը և միջոցները և դա տարածողի նյութական վիճակը»,- ասում է իրավաբանը:
Մելիքյանը ավելացնում է, որ հոդվածը հրապարակելուց հետո՝ հոկտեմբերի 14-ին, թերթը տպագրել է ճշտում, որտեղ հայտնել է, որ նախկինում հոդվածը տպագրվել է չսրբագրված տարբերակով, և արդեն տպագրել են այլ հոդված, որտեղ հստակ հղում է արվել տեղեկության աղբյուրին:
«Փաստորեն խմբագրությունը, չսպասելով որևէ դատական նիստի, ինքը իր աղբյուրը բացահայտել է...եթե նույնիսկ սխալվել է, իր սխալը խմբագրությունը զգացել է, և դա հաշվի չառնելն ուղղակի շատ տարօրինակ տպավորություն է թողնում: Մաքսիմալ պատիժ են նշանակվել փաստորեն, իսկ մենք միշտ ասում էինք, որ 2 միլիոնը շատ մեծ պատիժ է, ասում էին, որ պետք է այնպես լինի, որ սխալվելու դեպքում լրատվամիջոցը ցավ զգա: Սրանից հաստատ հաշվեհարդարի հոտ է գալիս»,- համոզված է Մելիքյանը:
Անդրադառնալով նախորդ տարվա ամփոփիչ զեկույցին Մելիքյանը հրապարակեց, որ 2009թ-ի համեմատ նվազել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների թիվը: Եթե 2009թ.-ին գրանցվել է 11, 2010թ-ին գրանցվել է 9 դեպք, որոնցից 5-ը գրանցվել է 2010թ. հունվարի 10-ին, երբ տեղի ունեցան լրացուցիչ ընտրություններ Խաչատուր Սուքիասյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո:
Լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ այլ տեսակի ճնշումների պարագայում կոմիտեն արձանագրել է 19 դեպք, որը 2009թ-ի համեմատ 5-ով շատ է: Տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումների թիվը ևս այս տարի աճել է՝ 2009-ին արձանագրվել է 13, իսկ 2010թ-ին՝ 18 խախտում:
«Այս տարի արձանագրել են դեպքեր, երբ թերթերի ամբողջ խմբաքանակը գնում են: Օրինակ, հունվարի 13-ին Երևանի տարբեր հատվածներում գնել են «Հայկական ժամանակ» թերթը , ենթադրվում է, որ դա կապված է եղել այդ օրվա համարում տպագրած այն հոդվածի հետ, ըստ որի Ջիանի համալիրում պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Լևոն Սարգսյանի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել»,- հայտնում է Մելիքյանը:
Նախորդ տարվա աղմկահարույց դեպքերից կոմիտեի նախագահը հիշատակեց նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից հատուկ մարդկանց ուղարկելը Հայկական ժամանակի լրագրողի հոր մոտ, որ նա հորդորի իր դստերը չտպագրել այնպիսի հոդվածներ, որոնք չի հավանում Բեգլարյանը:
«Կամ բոլորին հայտնի է Արմավիրի կայազորի ղեկավար Գրիշա Սարգսյանի հեռախոսազանգը «Չորրորդ իշխանության» խմբագրություն, որտեղ ինքը ասում էր, որ Զարուհի Թովմասյանին և Գագիկ Շամշյանին «գլխից խփելու» է, որ գալու է խմբագրություն «բամբիտ անելու» և այլն»,- ասում է Մելիքյանը:
Նա կարծում է, որ շատ դեպքերում էլ լրագրողները լռում են և փորձում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, երբ սպառնալիքներ են լինում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուր՝ www.hra.am
