Սարիբեկյանի ընտանիքը՝ ծայրահեղ վիճակում

Մանվել Սարիբեկյանը 2010թ. հունիսին, կատարելով իր պարտքը հայրենիքի հանդեպ, բանակից վերադարձավ տուն: Նա տան միակ աշխատողն էր, հովիվ էր:

Սակայն զորացրվելուց ամիսներ հետո՝ սեպտեմբերի 10-ին իրենց գյուղի տարածքում անտառից փայտ բերելու ժամանակ անհայտ կորավ: 3 օր փնտրելուց հետո պարզվեց, որ ազերի դիվերսանտների կողմից նա գերեվարվել է և տարվել Բաքու:

Շարքային գյուղացուն ազերիները գազանի նման խոշտանգեցին, այնուհետև՝ կախեցին: Ազերիները ի լուր աշխարհի ստահոդ հայտարարություններ տարածեցին, թե հովիվ տղան, որը հարևանի առաջարկով գնացել էր փայտ բերելու, քանի որ հարևանը պետք է վճարեր, իսկ այդ չնչին գումարով նա պետք է իր անչափահաս քրոջ և եղբոր դպրոցական համազգեստի և գրքերի համար վճարեր, դիվերսանտ է և ինքնասպանություն է գործել: Մայրը տեսել է խոշտանգված որդու դիակը (շրթունքները այրված, ոտքերը ջարդված, սիրտ-թոքը հանած, կապտուկներով, պարանոցը կտրած, աչքերը հանած):

Սարիբեկյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Ժորժետա Մեսրոպյանի տեղեկացմամբ, Սարիբեկյանի եղբայրը 3 ամիս առաջ է վերադարձել բանակից, սակայն տանը նույնիսկ գումար չի եղել, որպեսզի նոր հագուստ գնեն նրա համար: Իրավապաշտպան կազմակերպության սոցիալական աշխատողը և բժիշկները այցելել են Սարիբեկյանների ընտանիք:

«Առավոտին» տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ ընտանիքը գտնվում է ծայրահեղ չքավորության մեջ: Տան պատուհանները ապակու փոխարեն պոլիէթիլենապատ են, պատերը՝ առանց սվաղի, տան մեջ խոնավությունից պատերի միջից ջուր է լցվում, 2 սենյակում է, որ հատակը տախտակապատ է, մյուս սենյակներում գրունտ է: Տանը չկա առօրյա օգտագործման համար կենցաղային իրեր: «Մահճակալները կոտրտված են և երկաթյա, ծռմռված ճաղերով»,- տեղեկացնում է Ժ. Մեսրոպյանը:

Մանվել Սարիբեկյանի հայրը, չնայած տարիքին, ցանկանում է աշխատել, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները, սակայն աշխատանք չկա:
Այս հայ ընտանիքին հոգածո ձեռք է պետք և ակնկալում ենք, որ այն կգտնվի:

Աղբյուր՝ http://aravot.am