Ընտանիք կերակրելը մոդել չէ

Փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդման վարողը մեր բողոքը վերաձևակերպեց, ասելով, թե` տարիների ընթացքում բացօթյա առևտուր անելը վերածվել է մոդելի: Ու նշեց, որ գարշելի է, երբ քաղաքական ուժերն իրենց նպատակների համար փորձում են օգտագործել մեր բողոքը... Համարելով, որ նա ընդամենը պատվեր կատարող է, մեր խոսքն ուղղում ենք պատվիրատուներին և Հանրայինի ղեկավարներին:

Տարվա բոլոր եղանակներին առավոտից երեկո փողոցում մանրածախ առևտուր անելով մենք կերակրել ենք ինքներս մեզ և մեր ընտանիքի անդամներին: Զրկված լինելով այլ աշխատանքից` մենք միայն այդպես ենք ստեղծել մեր ամենօրյա ապրուստը: Ընտանիքին հացով ապահովելը մոդել չէ, համակարգ չէ, կառուցվածք չէ - դա գոյատևելու միջոց է: Իսկ մոդելը, մեզ հացից զրկողներ, կազմակերպված է լինում, ասենք` իշխանավորի կամ դղյակատիրոջ կողմից, օրինակ` սուպեր-մարկետների միլիոնները միլիարդ դարձնելու նպատակով մեր նման զրկվածներից օրական 1000 դրամ աշխատելու միջոցը խլելը: Իսկ ինչու՞ Հանրայինը չի խոսում այն մասին, որ մինչև հիմա մեր միակ հույսն էլի մնացել է բացօթյա առևտուրը, և չեն ստեղծվել ուրիշ աշխատատեղեր կամ հնարավորություններ, որոնց միջոցով մեր պես հազարավորները կարողանային քիչ թե շատ արժանապատիվ ապրուստ վաստակել, և ոչ թե ամբողջ օրը փողոցում մանր առևտուր անել:

Սահմանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին, կնշանակի` կուսակցությունները միայն մեր ընտրությամբ` թույլտվությամբ, պետք է ստանձնեն պետական գործառույթներ և իրագործեն միայն ժողովրդի կամքը: Չենք հրաժարվում քաղաքական ուժերի կողմից մեզ օգնելու հնարավորությունից, քանի որ դա նաև նրանց պարտքն է, ու հետո` այս քաղաքապետը մեզ ծայրահեղ վիճակի է հասցրել, և կուսակցությունների կամ ուրիշների օգնությունը մեզ համար գարշելի չէ: Իսկ գարշելին այն է, երբ իշխանությունը զրկում է մեզ ամենօրյա հացից, ճնշում է մեր բողոքը, երբ հեռուստատեսությունները չեն խոսում այդ մասին ու չեն պաշտպանում մեր ապրելու իրավունքը...

Հանրային հեռուստաընկերության և նրա աշխատակազմի ծախսերը ի հաշիվ հարկատուների են` Հայաստանի քաղաքացիների, և մենք պահանջում ենք առաջնորդվել միայն ժողովրդի շահերով, ու ոչ թե կուրորեն ծառայել իշխանությանը և լուռումունջ կատարել նրա հրամանները: Քանի դեռ մեր հարցը դրական չի լուծվել` Հանրայինից և նրա ղեկավարներից պահանջում ենք մեր բողոքի օբյեկտիվ և ամենօրյա լուսաբանում, որովհետև ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ճշմարտությունը ներկայացնել մի քանի հազար մարդու ճակատագրի վերաբերյալ:

Բացօթյա առևտրով ընտանիք պահողներ