ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գնված ապրանքը պարտավոր են ետ վերցնել

Ուշադիր սպառողի աչքից չի վրիպում վաճառքի շատ կետերում փակցված «գնված ապրանքը ետ չի վերադարձվում» հայտարարությունը: Մինչդեռ գնորդը կարող է ապրանքը ետ վերադարձնել համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի:
Երբ գնված ապրանքն անսարք է
Աննա Բարսեղյանը «Բիլայն»-ից գնել է մոդեմ, որը անսարքության պատճառով փոխել է: Երկրորդ անգամ «Բիլայն»-ից անսարք մոդեմ ստանալուց հետո, որոշում է վերջնականապես վերադարձնել այն: Պատասխանում են, որ կարող են փոխել, նորոգել, բայց գնված ապրանքը ետ վերցնել չեն կարող: Ծանոթ լինելով իր իրավունքներին` Աննան շարունակում է պայքարը: Բազում դիմումներից ու բողոքներից հետո «Բիլայնը» լուծում է այս հարցը ի շահ սպառող Աննա Բարսեղյանի, որն արդեն պատրաստվում էր դիմել դատարան:
«Արմենտել»-ի («Բիլայն») հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը պնդում է, որ իրենք հետևում են բոլոր օրենքներին, և տեղի ունեցածը թյուրիմացություն է:
«Եթե սպառողը անտեղյակ է իր իրավունքներից, թե' փոքր կրպակները, թե' մեծ կազմակերպությունները օգտվում են առիթից և անում այն, ինչ ցանկանում են», -ասում է «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:
Երբ գնված ապրանքը սարքին է
«Պապագալլո», «Մանգո», «Բրավո» խանութներում ստեղծել են իրենց օրենքը. առանց զեղչի գնված ապրանքը հնարավոր է փոխանակել, բայց զեղչված ապրանքը ոչ փոխանակվում է, ոչ էլ առավել ևս վերադարձվում: Իսկ այլ խանութներում ոչ մի դեպքում ետ չեն վերցնում գնված ապրանքը:
«Չկա նման ոչ մի օրենք: Սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը, լինի դա անսարք, սարքին, զեղչված կամ առանց զեղչի: Կարող են առաջարկել ձեր գնված ապրանքի գնին համապատասխան այլ ապրանք, ապրանքի վերանորոգում, իսկ սպառողին դա չի բավարարում, վերջինս իրավունք ունի ետ վերադարձնել ապրանքը և ստանալ համապատասխան գումարը»,-ասում է Արմեն Պողոսյանը:
Երբ կարելի է սննդամթերք վերդարձնելը
Եթե խանութից գնված սննդամթերքը չունի պիտանելիության ժամկետ, հնարավոր է սննդամթերքը ետ վերադարձնել և ստանալ գումարը: «Սակայն, եթե գնել եք ապրանք, բացել եք այն և հայտնաբերել, որ թարմ չէ կամ ունի այլ խնդիրներ, պետք է դիմել էքսպերտիզայի»,-ասում է Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահը:
Ո՞ւր դիմել
Եթե հրաժարվում են գնված ապրանքը ետ վերցնել, կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարության տեսչություն, իսկ սննդի դեպքում` Գյուղնախարարության սննդի որակի տեսչություն, տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ): «Դատարանը միշտ կա, սակայն մինչ դատարանը կարելի է լուծել այդ հարցը: Տեղեկացված լինելն սպառողի առաջնային իրավունքն է»,-ասում է Արմեն Պողոսյանը:
ՀԴՄ կտրոնները միայն գումար շահելու համար չեն նախատեսված, դրանք առաջին հերթին գնված ապրանքի ապացույցն են: Այդպիսով սպառողն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել:
Աղբյուր՝http://www.a1plus.am
