ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորները չեն օգտվում գրավոր դիմում-բողոքներ հղելու իրավունքից

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԶՈւ հատկապես շարքային (ժամկետային) զինծառայողները չեն ներկայացնում գրավոր դիմում-բողոքներ, որի հնարավորությունը տալիս է ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրի 5-րդ գլուխը»,- փետրվարի 22-ին «Մարդու իրավունքները բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին իր մտահոգությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Նա կարծում է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով գրանցվող շատ անցանկալի զարգացումներից կարելի է խուսափել, եթե զինվորների կողմից իրացվի գրավոր դիմում-բողոքներ ներկայացնելու հնարավորությունը, և այդ հարցում պետք է շահագրգիռ լինի նաև հրամանատարական կազմը։
Այն, որ բողոքներ ու դժգոհություններ կան, Գեղամ Հարությունյանը չի հերքում, սակայն դրանք հիմնականում ներկայացվում են ոչ թե անմիջականորեն զինծառայողների, այլ՝ նրանց ծնողների միջոցով։ Իսկ հանրային խորհուրդը դրանք ներկայացնում է պաշտպանության նախարարին։
Պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի նախագահը կողմ է, որ բանակի շուրջ լինի թափանցիկության մթնոլորտ։ Նա կարծում է, որ հասարակությունը շահագրգիռ է ուժեղ զինված ուժեր ունենալու հարցում, և ցանկանում է լսել ոչ միայն բացասական երևույթների մասին, այլ նաև՝ դրական զարգացումների։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
