ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրահարման վարկածը հերքվելուց հետո կրկին հաստատվեց. ի՞նչ է լինելու հետո

2007 թվականին Վարդենիսի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով սկսված նոր նախաքննությունը միտումներ ունի նմանվելու նախորդին:
Զինվորի մահվան նախնական վարկածը էլեկտրահարումն էր: Այդպիսի եզրակացություն էր տվել Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ Վիգեն Ադամյանը:
Երկրորդ փորձաքննության արդյունքում, որը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից, հերքվել է էլեկտրահարման վարկածը: Վճռաբեկ դատարանը գործը ուղարկել է նոր նախաքննության:
Առողջապահության նախարարի 10.09.2010թ. հրամանով ձևավորվել է 10 փորձագետից բաղկացած մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր գործով եղած ապացույցները և հայտնաբերեր մահվան իրական պատճառը։ 2011-ի հունվարի 12-ին մասնագիտական հանձնաժողովը քննչական վարչություն է ներկայացրել իր եզրակացությունը, որը, ըստ Տիգրան Օհանջանյանի ծնողների, ամբողջությամբ հիմնված է դատաբժիշկ Վիգեն Ադամյանի եզրակացության վրա։ Այսինքն՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարումը:
Տիգրանի ծնողները մի քանի անգամ www.hra.am-ին տեղեկացրել են, որ դժգոհ են հանձնաժողովի աշխատանքներից: Չորս ամսում հանձնաժողովն ընդամենը 2 աշխատանքային քննարկում է ունեցել, որոնց ներկա են գտնվել Օհանջանյանները: Նրանց հավաստմամբ, հանձնաժողովի անդամները հարկ չեն համարել ծանոթանալ քրեական գործին, այլ միայն դիտարկել են դատաբժշկական եզրակացությունները:
«Ինչի՞ համար են նշանակում 3-րդ փորձաքննությունը, եթե պետք է հենվեն Վիգեն Ադամյանի գրածի վրա»,- հռետորական հարց է հնչեցնում Տիգրանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը։
«Մենք մասնագիտական 16 հարց էինք ուղղել հանձնաժողովին և խնդրել էինք բանավոր պատասխանել: Իրենք ասացին, որ եզրակացության մեջ բոլոր հարցերի պատասխանը գրավոր կտան, բայց և ոչ մի հարցին սպառիչ պատասխան չտրվեց, իրենք խուսափել էին պատասխանելուց»,- հավելում է նա։
Տիգրանի ծնողները բողոքել են և պահանջել, որ մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը չեղյալ համարվի: Գործով քննիչ Լևոն Պետրոսյանը գտել է, որ Օհանջանյանների ներկայացրած բողոքը անհիմն է, իսկ հանձնաժողովի եզրակացությունը՝ հիմնավոր:
Սուրեն Օհանջանյանը ներկայացնում է հանձնաժողովին ուղղված հարցերից մի քանիսը. «Դեպքից հետո Վարդենիսի հոսպիտալում կատարվել է դիակի զննություն և կազմվել է արձանագրություն բժիշկների և այն ժամանակ գործը քննող դատախազ Գնել Մանուկյանի ներկայությամբ։ Հայտնաբերվել է պարանոցի վնասվածք 8-11 սմ։ Մեկ օր հետո Երևանում, դիահերձարանում դատաբժիշկ Վիգեն Ադամյանը արձանագրում է 19.6 սմ։
Մենք հանձնաժողովին հարց ենք ուղղել՝ հնարավո՞ր է, որ մեկ օրվա ընթացքում վնասվածքը 8-11 սանտիմետրից դառնա 19.6: Իրենք մեզ ուղղակի պետք է պատասխանեն՝ այո կամ ոչ։ Իսկ եզրակացության մեջ գրում են, որ դա քննչական գործողություն է, թող այդ հարցը քննչական ճանապարհով պարզվի»։
Մյուս հարցը վերաբերում է քրեական գործում առկա այն փաստին, որ Տիգրան Օհանջանյանը մահացած վիճակում բուժօգնություն ցույց տալու ժամանակ փսխել է: «Մենք դատաբժիշկ Վիգեն Ադամյանին հարցրել ենք՝ հնարավո՞ր է, որ մահացած վիճակում հետ տա մեր երեխան: Նա ասում է՝ «հնարավոր է, կարող է օգնություն են ցույց տվել, շարժել են, հետ է տվել»։ Իսկ եթե հետ է տվել, ինչո՞ւ է Վիգեն Ադամյանը եզրակացության մեջ գրում՝ բերանի խոռոչը մաքուր է։ Ինչպե՞ս կարող է հետ տված մարդու բերանի խոռոչը մաքուր լինել:
Մասնագիտական հանձնաժողովի բժիշկները նույնպես ասում են, որ բերանի խոռոչը մաքուր է, բայց իրենք քրեական գործին չեն ծանոթացել, ուղղակի վերցրել են Վիգեն Ադամյանի գրած եզրակացությունը։ Մեզ ասում են՝ «կարո՞ղ է մենք Վիգեն Ադամյանին չհավատանք, ձեզ հավատանք, բժիշկը ինչ գրել է, դա հիմնավոր է»,- պատմում է Սուրեն Օհանջանյանը։
«Ես իմ երեխային առանց ատամ բանակ եմ ուղարկել, իսկ Վիգեն Ադամյանը գրում է և մինչև այսօր էլ պնդում է, որ ատամնաշարը ամբողջական է և բնական: Ինչպե՞ս կարող եմ հավատալ և վստահել այդ բժշկի եզրակացությանը։ Իրենց կենտրոնի կատարած լուսանկարների մեջ շատ պարզ երևում է, որ իմ երեխայի ատամը չկա։ Մեր լուսանկարներում դա չի երևում, բայց մենք ունենք տեսաերիզ, որը մահվանից 2 ամիս առաջ է նկարահանված Երևանում, որտեղ մեր երեխան ժպտում է և շատ պարզ երևում է, որ դիմացի ատամը չկա»,- ասում է մահացած զինծառայողի հայրը։ Նա միջնորդությամբ հանձնաժողովին է ներկայացրել վերը նշված տեսաերիզը, սակայն փորձագետները չեն ուսումնասիրել այն՝ պատճառաբանելով, որ դրա իրավունքը չունեն: Այս ամենից Տիգրանի ծնողները եզրակացնում են, որ հանձնաժողովը «հրահանգ է կատարում»:
Հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո Օհանջանյաններին ընդունել է զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: «Նա մեզ ասաց, որ եզրակացությունը դեռ վերջնական չէ, ինքը նախկինում եղած-չեղածը մաքրել է և նոր քննություն է սկսել: Նորից զրոյից բոլոր հարցերին պետք է պատասխանեն քննիչները, դատախազները: Կոստանյանը ասում է՝ մեզ ուղղակի ժամանակ տվե՛ք, որ մենք նոր նախաքննությունը կատարենք»,- նշում է Տիգրանի հայրը և ավելացնում, որ իրենք որոշ ժամանակ կհետևեն գործի ընթացքին և կսպասեն:
«Մենք գիտենք, որ մեր երեխային սպանել են, ուղղակի մենք չգիտենք, ովքեր են եղել, դա ենք ուզում պարզել։ Իրենք էլ շատ լավ գիտեն՝ ինչ է եղել, ուղղակի ամեն կերպ աշխատում են մեզ կոտրած լինել, դա իրենց մոտ չի ստացվի»,- ասում է Սուրեն Օհանջանյանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
