ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օրենքը չի բխում իրավունքների հավասարության սկզբունքից. քաղաքացիական հասարակությունը դեռ դժգոհ է

«Օրենսդրական գործունեության մեջ քաղաքացիական մասնակցության բացառման պայմաններում այսօր մենք ունենք օրենքներ, որոնք հակասում են մարդու իրավունքներին և սոցիալական հավասարության սկզբունքներին»,- փետրվարի 25-ին Մամուլի ազգային ակումբում նման հայտարարություն արեցին «Քաղաքացիական հասարակության համագործակցության» ցանցի անդամները:
Հայտարարությունը, մասնավորապես, վերաբերում էր փետրվարի 24-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված և ԱԺ ուղարկված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծին:
Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը ներկայացրեց նախագծի դրական և բացասական դրույթները:
«Միայն հղիության և ծննդաբերության նպաստների համար հանվել է վերին շեմը, այսինքն՝ յուրաքանչյուր կին իր ստացած աշխատավարձի չափով հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ կարող է փոխհատուցում ստանալ: Միաժամանակ նպաստի հաշվարկային նախկին հիմքն է փոխվել: Այժմ հաշվի են առնվելու ոչ միայն աշխատանքային, այլև՝ տոն օրերը: Մյուս կարևոր դրույթը օրենքի հետադարձ ուժն է, ինչը նշանակում է, որ բոլոր կանայք, ովքեր դեկտեմբերի 1-ից սկսած՝ տուժել են օրենքի պատճառով, պիտի փոխհատուցվեն»,- սրանք, ըստ Տ.Դավթյանի, օրենքում կատարված դրական փոփոխություններն են, որոնք կատարվեցին՝ բողոքի դուրս եկած կանանց և հղիներին ընդառաջելով:
Սակայն, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կարծիքով, օրենքը դեռ ունի խնդրահարույց դրույթներ, որոնց վրա հրավիրում է ԱԺ ուշադրությունը:
Դեկտեմբերի 1-ին ընդունված օրենքը, ի տարբերություն նախորդի, սահմանում է, որ ժամանակավոր անաշխատունակության ցանկացած նպաստ պետք է հարկվի, այսինքն՝ պետք է սոցվճարներ և եկամտահարկ պահվեն: ՔՀՀ ցանցը գտնում է, որ այդ դրույթը պետք է փոխվի առնվազն հղիության և ծննդաբերության նպաստների դեպքում: «Մենք ունենք ժողովրդագրական խնդիր, և ամեն ինչ պետք է անել՝ խրախուսելու համար ծնելիությունը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց թույլ տալ ունենալու երեխաներ»,- ասում է Տ.Դավթյանը:
Մյուս կետը հղիության և ծննդաբերության նպաստներից բացի ժամանակավոր անաշխատունակության մյուս նպաստների փոխհատուցմանն է վերաբերում: Նախկինում աշխատողը փոխհատուցում էր ստանում պետության կողմից: Նոր նախագծով առաջին օրվա համար նա չի վճարվելու, իսկ դրան հաջորդող 3 օրերի համար փոխհատուցում պետք է տա գործատուն: ՔՀՀ ցանցը մտավախություն ունի, որ եթե գործատուն չցանկանա փոխհատուցել աշխատողին, վերջինս, գործատուից կախման մեջ գտնվելով, չի կարողանա պահանջել իրեն հասանելիք փոխհատուցումը:
Օրենքի նախագծի շուրջ հրավիրված քննարկումից հետո գործադիրը եզրակացության մեջ գրել է, որ հասարակական կազմակերպությունների կողմից արված առաջարկությունների մի մասը չի ընդունվել, քանի որ դրանք չեն համապատասխանում օրենքի տրամաբանությանը: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը պնդում է, որ ցանցի կողմից արված ոչ մի առաջարկ չի ընդունվել, թեև դրանք բխել են հասարակության բոլոր անդամների իրավունքների հավասարության սկզբունքից:
«Եթե գործադիրը կամ օրենսդիրը հաշվի չի առնում հանրային կարծիքը և առաջարկները, ապա գոնե պետք է հստակ հիմնավորի, թե ինչու»,- ասում են ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները և կոչ անում օրենսդիր և գործադիր մարմիններին ավելի հավասարակշիռ ու թափանցիկ գործելաոճ որդեգրել, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է հանրային նշանակության օրենքներին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
