ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեռ նախաքննություն է ընթանում

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը hra.am -ին հայտնեց, որ շարունակվում է 2010թ. Տավուշի մարզի զորամասերից մեկում և ԼՂՀ պաշտպանության բանակում կատարված երկու աղմկահարույց գործերի նախաքննությունը, այդ իսկ պատճառով ՊՆ դեռևս ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի Հադրութի զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար զինծառայող Մանվել Հազրոյանը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու և ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու և ավելի մարդկանց սպանության փորձ), և 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Մյուս դեպքը տեղի էր ունեցել ՀՀ Տավուշի մարզի զորամասերից մեկում դեկտեմբերի 31-ին։ Զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանը 2010թ. դեկտեմբերի 31-ին Տավուշի N զորամասում ծեծի է ենթարկել Գեղահովիտ գյուղի մի քանի երիտասարդների, որոնցից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, հունվարի 10-ին մահացել է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), 34-104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով):
Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
