ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մաքսազերծելիս գանձում են 5-պատիկը

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգի առաջին հորիզոնականներում է ավտոմեքենաների մաքսազերծման կարգը: Այն փաստը, որ Հայաստանում այդ հարցում կան խնդիրներ և որ դրանց հետևանքով մեքենան մեզ մոտ դեռ շքեղություն է (և ոչ միջին քաղաքացուն հասու տրանսպորտ), կարծում եմ` տարակուսանք չի առաջացնում:
Քաղաքակիրթ մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարող է օգտագործված ավտոմեքենայի մաքսազերծման համար հաճախ գանձվել ավելի, քան այդ մեքենայի արժեքն է: Այն էլ գանձել այդ, կարելի է ասել, աստղաբաշխական թվերը մի երկրում, որն ավտոմեքենա չի արտադրում և սեփական արտադրողին խրախուսելու խնդիր չունի: Պարզվում է` պատճառները բազում են, իսկ աստղաբաշխական թվերն էլ ստացվում են տարբեր ապօրինությունների գումարման հետևանքով: Անրադառնանք դրանցից երկուսին, որոնք ամենամասսայականն են: Եվ այսպես.
1. Համաձայն Մաքսային Օրենսգրքի 91-րդ հոդվածի, Հայաստանի շուկայական գնով ապրանքների (մեքենաների) մաքսային արժեքի որոշումը ենթադրում է, որ այդ ապրանքի շուկայական գնից հանվում է ներքին շուկայում դրա իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթը և այդ ապրանքների ներմուծման համար վճարման ենթակա մաքսային վճարները: Այսինքն, եթե մեքենան Հայաստանում արժե մոտ X դրամ, ապա այդ X դրամից պետք է հանել մեքենաներ ներմուծող-վերավաճառողների շահույթը (մոտ 10 տոկոս), այնուհետև` նաև այն գումարը, որը այդ ներմուծողը վճարել է որպես մաքսային վճարներ (32-ից 52 տոկոս): Ստացվածն էլ կլինի այդ մեքենայի մաքսային արժեքը (X-ի մոտ կեսը), որից արդեն պետք է գանձվեն մաքսավճարները:
Սակայն, ի հեճուկս մաքսային օրենսդրության, վիճակն այլ է: Մաքսային ծառայությունը մեքենաների մաքսային արժեքը գնահատում է հենց շուկայական գնին մոտ գնով: Իսկ երբ հարցնում ես «էս շուկայական գներն են, բ՞ա նվազացումները», ասում են «Մեքենադ էս գրվածից մոտ 2 անգամ թանկ է, էս նվազեցումներով է էսքան եկել»: (Մանրամասները` http://lragir.am/armsrc/economy43874.html3)
2. Փաստացի գանձվող մաքսավճարները իրենց մեջ ներառում են մաքսային արժեքի 10 տոկոսը` որպես մաքսատուրք, 20 տոկոսը` որպես ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), և 2-ից 22 տոկոսը (կախված է մեքենայի տարիքից)` բնապահպանական հարկ:
Սակայն, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետի, ՀՀ ներմուծվելիս` անձնական օգտագործման իրերը ԱԱՀ-ով չեն գանձվում: Որևէ կասկած չի կարող հարուցել այն հանգամանքը, որ ավտոմեքենան, որը քաղաքացին ինքն է գնել, ինքն է քշելով դրանով եկել Հայաստան, և որը առաջիկա 3 տարիների ընթացքում մտադրված չէ վաճառել, ոչ այլ է, քան անձնական օգտագործման իր: Եվ ուրեմն, այն մեքենաները, որոնք բերվել են ՀՀ ոչ թե վաճառելու (վերավաճառելու), այլ անձնական օգտագործման համար, չպետք է հարկվեն ԱԱՀ-ով: Եվ դա հաստատում է օրենքում տեղ գտած այն դրույթը, որում ասվում է, որ այդպես (որպես անձնական օգտագործման իր) ներմուծելուց հետո 3 տարում իրը վաճառելու դեպքում պետք է վճարել չվճարված հարկերը:
Փաստորեն, ընդհանրացնելով կարելի է արձանագրել, որ թե համարյա կրկնակի է գնահատվում ավտոմեքենաների մաքսային արժեքը, և թե դրանցից գանձվում է ԱԱՀ (մեծ մասից` ապօրինի): Գումարային ստացվում է, որ օգտագործած և անձնական օգտագործման նպատակով ներմուծվող մեքենաների մաքսազերծման ընթացքում փաստացի գանձվում է մինչև հինգ անգամ ավելի, քան ենթադրվում է օրենքով:
Ակնհայտ է, որ այս բեռը հիմնականում ընկնում է միջին խավի վրա, քանի որ չունևորները մեքենա չունեն, իսկ հարուստները հանգիստ կարող են նույնիսկ դա վճարել: Այսինքն, պետությունը քամում, հարկախեղդ (հնգապատիկ գանձումը այլ կերպ չես անվանի) է անում միջին խավը... Հենց այն խավը, որը պետք է հիմք լինի պետության համար:
ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցություն
Հ.Գ. Ողջունելի է, որ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում իշխանություններին ներկայացված պահանջներում էր նաև անձնական օգտագործման մեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի ապօրինի կիրառման դադարեցումը: Մեքենաների մաքսազերծման հարցերով է զբաղված նաև «Ժառանգությունը»: Հարցով բավականին հետաքրքրված է ՀՅԴ խմբակցությունը: Բայց, ցանկալի կլիներ, որ մաքսային մարմինների թե վերոնշյալ, և թե դեռ ծպտյալ մնացած խախտումների ամբողջական դադարեցումը դառնար ամբողջ ընտրազանգվածի շահերը և օրենքները հարգող ուժերի օրակարգային հարց:
Աղբյուր՝ http://lragir.am
