ՊՆ մամուլի քարտուղարը չի սիրում, երբ գրում են զինվորների առողջության մասին

Վերջերս www.hra.am-ը անդրադարձել էր Մարտակերտի զորամասերից մեկում ծառայող զինվոր Մերուժան Հարությունյանի մոր բողոքին։ Տղան ունի ծնկի լուրջ վնասվածք, որի պատճառով զորակոչվել է ոչ շարային ծառայության։ Մոր՝ Ռիտա Հարությունյանի խոսքերով, տղայի ծունկը այտուցված է, չի կարողանում տեղաշարժվել և պառկած է զորանոցում։

Փետրվարի 24-ին՝ կառավարության նիստերի օրը, զինվորի մորը ընդունել էր ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ով անձամբ պաշտպանության նախարարի անունից հավաստիացրել էր, որ հաջորդ օրն իսկ տղային կտեղափոխեն զինվորական հոսպիտալ։ Մինչ օրս տղան դեռ զորամասում է, և, մոր փոխանցմամբ, խոսք անգամ չի եղել նրան տեղափոխելու մասին։

hra.am-ը փորձեց պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել, թե Մերուժան Հարությունյանը ինչո՞ւ չի տեղափոխվել հոսպիտալ և ե՞րբ կտեղափոխվի։ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեզ պատասխանեց. «Տվյալ զինվորի մասին մենք տեղյակ ենք։ Ինքը բուժում ա ստանում ու ամեն օր իրա առողջության վիճակի մասին հոդվածներ գրելը, կարծում եմ, ոչ նպատակահարմար ա, հետևաբար ես չեմ պատասխանի»:

Մենք հիշեցրեցինք, որ տվյալ զինվորի հարցով առաջին անգամ ենք զանգահարում և հոդված գրում։ Մամուլի քարտուղարը կրկնեց գրեթե նույնը, ինչ ասել էր նախորդ անգամ մեր մյուս լրագրողին մեկ այլ զինվորի հարցով զանգահարելիս. «Մենք ունենք տասնյակ հազարավոր զինվորներ: Դուք հիմա հաճո՞ւյք եք ստանում, որ ես ամեն անգամ կրկնում եմ ձեր լրատվամիջոցի համար: Տասնյակ հազարավոր զինվորներից նորմալ ա, բնական ա ու անխուսափելի ա, որ պիտի լինեն նաև հիվանդներ ու հիվանդացողներ, մրսողներ: Ու եթե էդ մարդիկ բուժվում են, ու դրա վերաբերյալ հոդվածներ ա գրվում, դա աբսուրդ ա»։

Նա մեզ չփոխանցեց Գառնիկ Հայրապետյանի հեռախոսահամարը՝ ասելով, որ աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ շփվում է միայն իր միջոցով։ Փոխարենը մենք զինվորի մորը փոխանցեցինք Դավիթ Կարապետյանի հեռախոսահամարը, որպեսզի զանգահարի և ճշտի՝ ինչ փուլում է իր տղայի տեղափոխման հարցը։

Հ.Գ. Երբ նյութը արդեն պատրաստ էր, Ռիտա Հարությունյանը մեզ փոխանցեց, որ իր զանգելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Դավիթ Կարապետյանը զանգահարել է և ասել, որ հրամանը տրված է, և երկու-երեք օրվա մեջ տղային կտեղափոխեն զինվորական հոսպիտալ։ «Ասացի, բայց հաստա՞տ կբերեն։ Ասեց, հո դո՞ւք չեք ասելու պայմանները։ Ես ասացի՝ պայմանները չեմ ասում, օրենքն եմ ասում, եթե երեխան հիվանդ է, շուտ պետք է բերվի, չէ՞։ Ասաց, «հա դե մենք էլ ամեն ինչ օրենքի սահմաններում անում ենք, անպայման կբերենք էս քանի օրվա ընթացքում»։ Չգիտեմ...»,- պատմում է մայրը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am