ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի

ԼՂՀ զորամասերից մեկում 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան մասին Պաշտպանության նախարարությունը նրա ընտանիքին պաշտոնապես չի տեղեկացրել:
Թորգոմի մայրը` տիկին Լենան պատմում է, որ իրենց տուն են եկել զինվորական համազգեստով 3 անձինք, ովքեր ոչ թե հայտնել են, Թորգոմի մահվան մասին, այլ` մորն ասել են, որ նա զորամասում տեղի ունեցած գողության մասնակից է:
"Մեր տուն եկած 3 զինվորականները ներկայացան որպես ռազմական ոստիկանության աշխատակիցներ: Ինձ հարցրեցին Խոջալուի զորամասում սննդի վրա աշխատող ինչ բարեկամ ունեք, մտածեցի գուցե էրեխես փախել է դրա համար են եկել, բայց հետո ասեցին, թե այնտեղ գողություն է եղել, երեխադ գողություն անողներից մեկն է...":
Մինչ մայրը կհերքեր որդու գողություն կատարելու մասին անհեթեթուրթյունը, նրա ավագ որդին`Նարեկը, ով արդեն մեկ այլ աղբյուրից իմացած է եղել եղբոր մահվան մասին, գրկել է մորն ու ասել, որ Թորգոմն այլևս չկա:
Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել 2009-ի դեկտեմբերին` 21 տարեկան հասակում: Նա Գյումրիում գտնվող Մոսկվայի ձեռնարկատիրական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող էր: Բանակ ուշացումով զորակոչվելու պատճառը Թորգոմի ունեցած խրոնիկական հիվանդությունն է եղել (ոտքերի հետ կապված խնդիր), և զինկոմիսարիատն ինքը երկու անգամ հետաձգել է նրա զորակոչը: Հարազատներն ասում են, որ իրենք չեն միջամտել այդ գործընթացին:
"Բայց հետո խրոնիկ հիվանդությունը դարձրեցին տրավմատիկ ու տարան բանակ: Բանակ տանելու օրը զինկոմիսարիատում ինձանից 8000 դոլար փող ուզեցին, բայց որտեղից տայի", արցունքն աչքերին պատմում է մայրը:
Մայրն ասում է, որ ծառայության ընթացքում բազմիցս այցելել են որդուն: Վերջին անգամ Թորգոմին տեսել են նրա ծննդյան օրը` հունվարի 15-ին: Տղան գոհ է եղել ծառայությունից, նույնիսկ ասել է, որ որոշել է շարունակել զինվորական գործը:
Գյումրեցի զինծառայող 22-ամյա Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում 3 հոգու մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը, իսկ քրեական գործը հարուցվել է ինքնասպանություն հասցնելու հիմքով:
Թորգոմ Սարուխանյանը մահացել է փետրվարի 12-ին սրտին հասցված հրազենային կրակոցից: Հարազատները պնդում են, որ Թորգոմի դեմքի վրա բռնության հետքեր են եղել:
Ծնողները չեն հավատում առաջ քաշած վարկածին: Նախ զորամասից, ապա արդեն գործը վարող քննիչը հարազատներին տեղեկացրել է, թե իբր Թորգոմը մահվանից առաջ ինքնասպանության մասին երկտող է գրել, որ իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն: Քննիչն անգամ այդ երկտողը ցույց է տվել հարազատներին, սակայն վերջիններս պնդում են, որ դա իրենց տղայի ձեռագիրն ու ստորագրությունը չէ:
"Մենք նրա ամեն քայլի մասին տեղյակ ենք եղել, ամբողջ ծառայության ընթացքում: Իմ տղան ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի: Տանում են բանակ` սպանում հետ բերում ու ինքնասպանության պիտակ կպցնում: Սպանողն իրենք են", համոզված է մայրը:
Մայրն ասում է, որ անցած ամառվանից սկսած տղան զորամասում սպայական կազմի ցանկությամբ քարտեզներ էր գծում: "Ինձ ասում էր, մամ ջան, դու կարող ես հպարտանալ քո տղայով, տղեդ լավ անուն ու հարգանք է ձեռք բերել":
Սակայն, այժմ, արդեն մահվանից հետո զորամասում հրաժարվել են, թե նա քարտեզներ է գծել կամ գծագրեր արել: Ծնողները չեն կարողանում հասկանալ հրաժարվելու պատճառները:
Հրաժարվողներից մեկը զորամասի սպայական կազմից Էդիկ Գրիգորյանն է, ում հետ Թորգոմի հարազատները անցյալ ամառվանից մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, ում վստահել ու պահ են տվել իրենց տղային, որ "լավ նայի": Ամեն անգամ Ղարաբաղ այցելության ժամանակ հանդիպումները եղել են հենց այս սպայի տանը, նրա ընտանիքի ներկայությամբ: Դեպքից հետո, սակայն, Էդիկը չի զանգել հարազատներին և որևէ բացատրություն չի տվել, իսկ վերջերս Ղարաբաղից վերադարձած Թորգոմի եղբորը` Նարեկին ներկայացրել է պաշտոնական վարկածը:
"Երեխաս ամեն ինչ մասին կիսվել է ինձ հետ, եթե երեխաս սիրել էր զինվորական գործն ու ինձ այդ մասին ասում էր, ինչու պիտի նման քայլի դիմեր, ես շարքային զինծառայողներին չեմ կասկածում, իմ տղային սպանել են սպայական կազմից, ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, դա պրոֆեսիոնալի ձեռքի գործ է, իմ երեխային քնած տեղն են սպանել, կամ էլ վստահելի մարդ է մոտեցել ու կրակել ուղիղ սրտին, հետո ամեն ինչը սարքել են", համոզված է մայրը:
Ինքնասպանության հասցնելու վարկածն առաջ են քաշել, բայց մինչև հիմա պարզ չէ հանցագործության կատարման դրդապատճառները: Ծնողներին այցելած քննիչը քննարկել է մի քանի վարկածներ, որտեղ կարծես փորձ է արվել մեղավորության սլաքը տանել դեպի Թորգոմը:
"Բանակից գնալուց երեք տարի առաջ իր կրծքին խաչ է դաջել, հինգ րոպեն մեկ ասում են էդ խաչն ինչու էր ծեծել, ուրեմն սատանայական-էմոյական ինչ որ մի ուղղության է պատկանել: Տղաս ինտերնետից էր այդ խաչը հանել և տան մեջ` մեր ներկայությամբ է այդ խաչը դաջել, ուզում են դարձնել հոգեկան շեղում ունեցող մեկը", բորբոքվում են հարազատները:
"Եղբորս հարյուր տոկոս սպանել են, մեկ տարի երկու ամիս ծառայություն անցած զինվորը երբեք ինքնասպան չի լինի", ասում է զինվորական ծառայություն անցած Նարեկը: Ծնողներն ափսոսում են, որ տղային ուղարկել են ծառայելու:
"Բանակ գոյություն չունի, բանակն իմ իմանալով այն է, որ զինվորի նկատմամբ պատասխանատվություն կա և ապահով է նրա կեցությունը, հիսուն դրամանոց նախկին զինվորի վրա ծախում են երկու հարյուր դրամով, դա է մեր հզոր բանակը":
Մայրն ասում է, որ երկու տղաներին էլ զինվորական ծառայության ընթացքում պահել է ամեն ինչով, միայն թե գան տուն հասնեն:
"Թորգոմի հայրը տարիներով ռուսաստաններում գետնի վրա քնել է, որ իր երեխայի նասկին ու գոյությունը բանակում հասցնի: Ես մտածել եմ իմ տղաներին ծառայության տեղը պահեմ, որ գան տուն հասնեն: Ամեն օր մոմ էի վառում ու ասում. Աստված ջան թիկունք եղիր երեխայիս...":
Թորգոմի հարազատները չեն հավատում, թե իրավապահ մարմինները կբացահայտեն կատարվածը, բայց վճռական են և պայքարելու են իրականությունը պարզելու համար:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ http://lragir.am
