Պետք է վերջ դնել քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոտնձգություններին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH)
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ)

Համատեղ մամուլի արձանագրություն

 Պետք է վերջ դնել քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոտնձգություններին

Փարիզ-Երևան, մարտի 10, 2011 - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և նրա գործընկեր կազմակերություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ)  դատապարտում են քաղաքական ընդդիմադիրների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ  վերջերս իրականացված և կրկնվող ոտնձգությունները։

2011թ. փետրվարի 23-ին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր   Զարուհի Փոստանջյանի  եղբայրը՝  Տիգրան Փոստանջյանը, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) և այնտեղ ձերբակալվել։ Հարազատներին թույլ չի տրվել նրան տեսակցել։

Ըստ 2011թ. փետրվարի 21-ի  Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  3111 (1) հոդվածի հիման վրա  քրեական գործ է հարուցվել*  (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)։

Նախաքննությունը գտնվում է ԱԱԾ-ի վարույթում, մինչդեռ  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի առաջին մասի համաձայն 3111 հոդվածով նախատեսված  հանցագործության նախաքննությունը պետք է կատարեն ոստիկանության քննիչները։

2011թ. փետրվարի 25-ին դատարանը որոշում կայացրեց կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պարոն Փոստանջյանի նկատմամբ։ Մարտի 2-ին նա տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շարունակաբար զգալի գերբնակեցում է արձանագրվում։

Ըստ  փաստաբան Հայկ Ալումյանի՝  Տ. Փոստանջյանի տեղափոխումը վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է։

Մեր կազմակերպությունները մտահոգված են այն հանգամանքով, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի ճնշում գործադրել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց ընտանիքների անդամներին հետապնդման միջոցով: Բացի այդ, FIDH-ը և ՔՀԻ-ն շարունակաբար քննադատել են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնույթ կրող չարաշահումները՝ նախնական կալանքի կիրառման և առհասարակ արդարադատության իրականացման ընթացքում։

Մեր կազմակերպություններն իրենց մտավախությունն են հայտնում առ այն, որ պարոն Փոստանջյանի արդար դատավարության իրավունքը երաշխավորված չի լինի:

Այս իրադարձությունները տեղի են ունեցել կառավարության կողմից ընդդիմադիր խմբերի, կուսակցությունների  նկատմամբ մշտապես կիրառվող ճնշումների համատեքստում:

Մարտի 3-ի առավոտյան ոստիկանական ուժերը ցրեցին Կառավարական շենքի մոտ խաղաղ ցույցը, որն ուղղված էր փողոցային առևտուրը արգելող որոշման դեմ: Ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով հետ մղեցին ցուցարարներին՝ խախտելով նրանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անմիջական մասնակցություն է ունեցել այս միջադեպին։ Ցուցարարների շարքերում էին  «Ժառանգություն» կուսակցության անդամներ  Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջել է հետաքննել այս դեպքի հանգամանքները և փաստի առիթով հարուցել քրեական գործ: Մարտի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Ոստիկանությանը՝ անցկացնել ծառայողական քննություն ոստիկանների գործողությունների օրինականության վերաբերյալ:

FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ են անում ՀՀ իշխանություններին.

  • իրականացնել թափանցիկ, անկախ և լիակատար քննություն Տիգրան Փոստանջյանի գործով,
  • զերծ մնալ ընդդիմության անդամների կամ նրանց բարեկամների դեմ ուղղված անօրինական գործողություններից,
  • երաշխավորել, որպեսզի Ոսիտկանությունը գործի օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում,  
  • երաշխավորել  խաղաղ հավաքների ազատությունը։

www.fidh.org
www.csi.am

* http://www.genproc.am/en/125/item/6557/