Տիգրան Փոստանջյանի գործով նախաքննությունը ավարտված է

Մարտի 14-ին ժամը 11։20-ին Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործով նախաքննությունը ավարտված է։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն Տիգրան Փոստանջյանին 25.02.2011թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրություն ստանալու համար:

«Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, 2010 թվականի ընթացքում 3 դեպքով քաղաքացիներից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն: Մասնավորապես` Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի մայիսին Երևանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդ» կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել և ապօրինի ստացել է 192 000 դրամ վարձատրություն»,- ասված է ՀՀ դատախազության 12.03.2011-ի հաղորդագրության մեջ։

Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը և իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը և Ավետիք Իշխանյանը համոզված են, որ ՀՀ դատախազությունը կոպիտ ձևով խախտել է Փոստանջյանի անմեղության կանխավարկածը՝ փետրվարի 18-ից մինչև այսօր տարածելով հաղորդագրություններ։

«Դատարանը կորոշի՝ նա հանցագործ է, թե չէ, ու մենք կապացուցենք, որ հանցակազմը բացակայում է, բայց հանցագործ է այն անձը, ով իրեն թույլ է տալիս մինչև նախաքննությունը ու դատավճիռը հայտարարել, որ ինչ-որ մեկը կատարել է հանցագործություն»,- համոզված է Ալումյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է, որ տարիներ հետո կաշառքի մասին արված հայտարարությունից հետո միայն հայտարարության վրա քրեական գործ չեն հարուցում, այն դեպքում, երբ ապացուցելի չէ կաշառք վերցնելը։

Իշխանյանը նշեց մարտի 10-ին կայացած ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույց. Մեկ տարի անց» թեմայով քննարկման մասին, որտեղ քննադատվել է կալանքի միջոցը անտեղի որպես խափանման միջոց կիրառելը։ Այս պարագայում նրանց համար անհասկանալի է, թե կոնկրետ ինչու են Փոստանջյանին կալանավորել։

«Նրանք տալիս են հետևյալ պաշտոնական մեկնաբանությունը, թե նկատի ունենալով, որ գործին մասնակցող անձինք բնակվում են նույն համայնքում ինչ և Տիգրան Փոստանջյանը, ուստի նրանց վրա ճնշում գործադրելու հավանականությունը մեծ է Տիգրան Փոստանջյանի կողմից, դրա համար անհրաժեշտ է նրան կալանավորել։ Այսինքն, եթե Դավիթաշենի կամուրջից այն կողմ են ապրում, ուրեմն կարելի է չկալանավորել, բայց քանի որ Դավիթաշենի կամրջի այս կողմում է ապրում, ուրեմն պետք է կալանավորել։ Գործը սարքելուց էլ մի քիչ պրոֆեսիոնալ պետք է լինել...»,- ԱԱԾ-ի բացատրությունը ծաղրում է Ալումյանը։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am