ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրոնական կազմակերպության ներկայացուցիչը դարձել է դատախազության թիրախ

2011 թվականի մարտի 11-ին, ժամը 13:00-ին <<Ուրբաթ>> ակումբում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրավիրված մամուլի ասուլիս`Վլադիմիր Բաղդասարյանի մեղադրանքի վերաբերյալ:
Վլադիմիր Բաղդասարյանը հանդիսանում է Սևան քաղաքի Ավետարանական եկեղեցու ավագ հովիվը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2010թ. նոյեմբերի 10-ին Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենքում խոչընդոտել է լրագրողների (որոնք, հետագայում պարզվել է` եղել են <<Շանթ>> հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանը և Էդուարդ Պետրոսյանը) մասնագիտական օրինական գործունեությանը (ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդված):
Շենքը, որտեղ կատարվել են նկարահանումներ, և որտեղ ըստ մեղադրանքի խոչընդոտվել է լրագրողների գործունեությունը, հանդիսանում է մի քանի անձանց մասնավոր սեփականությունը: Շենքի դուռը եղել է ծածկված, և լրագրողներն այնտեղ մուտք են գործել առանց որևէ թույլտվության, առանց ներկայանալու և առանց լրագրող լինելը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու: Ներսում գտնվող անձանց պահանջներին հակառակ` բարձրացել են երկրորդ հարկ և կատարել նկարահանումներ:
Ասուլիսի ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ Վ.Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործը <<սարքված>> է և հարուցվել է այն պատճառով, որ նա հանդիսանում է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ: Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում նույնիսկ զանգվածային լրատվության ներկայացուցիչներից շատերը անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում կրոնական կազմակերպությունների նկատմամբ:
Վ. Բաղդասարյանի պաշտպաններ Անահիտ Սաղաթելյանը և Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեցին նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումները: Նրանք նշեցին, որ միջադեպը տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերի 10-ին, քրեական գործը հարուցվել է 2010թ. դեկտեմբերի 24-ին: Մինչև 2011թ. փետրվարի 15-ը Վ.Բաղդասարյանը, փաստացի լինելով մեղադրյալի կարգավիճակում, գործով անցել է որպես վկա և հնարավորություն չի ունեցել օգտվելու մեղադրյալի իր իրավունքներից:
Փետրվարի 15-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Վ.Բաղդասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրն էլ հայտարարվել է նախաքննության ավարտման մասին` հնարավորություն չտալով Վ. Բաղդասարյանին կազմակերպել իր պաշտպանությունը:
Փաստաբանների կողմից հարուցված միջնորդությունների, բացարկների և քննիչի գործողությունների վերաբերյալ բողոքներին առանց վերջնական լուծում տալու` փաստաբանները տեղեկանում են, որ գործն ուղարկվել է դատարան` առանց մեղադրյալին հարցաքննելու և գործի նյութերին ծանոթացնելու:
Դատարան կանչված անձանց ցուցակում, բացի մեղադրյալից, քննիչի կողմից ներառվել են միայն լրագրողներ Արփի Սուքիասյանի և Էդուարդ Պետրոսյանի անունները, այսինքն` միայն մեղադրանքի օգտին ցուցմունք տված անձինք, իսկ Վ. Բաղդասարյանի արարքը արդարացնող և նրա անմեղությունը ապացուցող վկաների անունները դատարան կանչված անձանց ցուցակում ներառված չեն:
2010թ. փետրվարի 24-ին քննիչի անօրինական գործողությունների դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը դատարանը պարտավոր էր քննել` այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին, սակայն մինչև օրս որևէ տեղեկություն դատարանից չկա:
Աղբյուր՝ http://www.armhels.org
