ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ փորձագետը Ղրղզստանում ներկայացրել է խոշտանգումների դեմ պայքարի ազգային և միջազգային փորձը
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ և ՄԱԿ-ի խոշտանգումների ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանը մարտի 2-3-ը Ղրղզստանում անցկացված երկօրյա սեմինարի ընթացքում ներկայացրել է խոշտանգումների դեմ պայքարի ազգային և միջազգային մեխանիզմները։
ՄԱԿ-ի խոշտանգումների կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ։
Ղրղզստանը ներկայումս մշակում է իր երկրի ազգային մեխանիզմը։ Սեմինարի ընթացքում Արման Դանիելյանը հանդես է եկել 3 զեկույցով։ Նա ներկայացրել է «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը», ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն, Ազգային կանխարգելման մեխանիզմը , Հայաստանի փորձը, խոշտանգումների կանխարգելման և վերահսկման մեխանիզմները։
Այնուհետև ներկայացվել է տեղական օրենքի նախագիծը և քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ «Ղրղզստանում նախատեսում են, որ պիտի լինի առանձին կառույց, որի մեջ նաև օմբուդսմենը ի պաշտոնե պիտի տեղ ունենա։ Բայց օմբուդսմենի ազդեցությունը շատ փոքր է լինելու այդ կառույցի վրա, ինչը, մեր կարծիքով, լավ է, քանի որ Ղրղզստանում օմբուդսմենի ինստիտուտը թույլ է և ծանրաբեռնված է աշխատում։ Ավելի լավ է՝ նոր կառույցներ ստեղծվեն»,- www.hra.am-ին այսպես մեկնաբանեց Արման Դանիելյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
