ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչը պարտավորեցրեց առաջին ատյանի դատարանին հայցը վարույթ ընդունել

Մարտի 15-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը քննեց և բավարարեց «Միլանո» խանութի փոխտնօրեն, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքը, որով նա պահանջում էր պարտավորեցնել առաջին ատյանի դատարանին իր հայցադիմումը վարույթ ընդունել:
Հովհաննես Ղուկասյանը Առաջին ատյանի դատարան էր դիմել Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող եռահարկ շինության նկատմամբ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքից զրկելու և իր սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով: Նշյալ տարածքը մինչև հարկադիր օտարումը սեփականության իրավունքով պատկանել է Ղուկասյանին և «Միլանո» խանութի համար ծառայել է որպես պահեստ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը մերժել էր վարույթ ընդունել Հովհաննես Ղուկասյանի հայցը՝ պատճառաբանելով, որ նման գործեր քննելը իր իրավասությունների շրջանակում չէ:
Այսօր Վերաքննիչ դատարանը պարտավորեցրեց Առաջին ատյանի դատարանին վարույթ ընդունել Հովհաննես Ղուկասյանի հայցը:
«Միլանոյի» գործով մեկ այլ վերաքննիչ բողոք կքննվի մարտի 17-ին, ժամը 11:45-ին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
