ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
20-ամյա Զարուհի Պետրոսյանին սպանած ամուսինը չի ընդունում իր մեղքը

Մարտի 16-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը: Նշենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Պաշտպանության կողմի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը նիստի սկզբին միջնորդություն ներկայացրեց դռնփակ դատաքննություն անցկացնելու վերաբերյալ, որը մերժվեց դատարանի կողմից այն հիմնավորմամբ, որ արդարադատության շահերը պահանջում են, որպեսզի տվյալ գործով դատական նիստը անցնի հրապարակային:
Դրանից հետո պաշտպանության կողմը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանության իր իրավունքից և որդեգրում է պասսիվ դիրքորոշում: Այդ պահից սկսած պաշտպանության կողմը հրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Այսօր հարցաքննվեցին գործով անցնող հիմնական վկաները: Հրապարակվեց ամբաստանյալ Յանիս Սարկիսովի ցուցմունքը, որից հետո հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդ Հայաստան Պետրոսյանը, Զարուհի Պետրոսյանի ընկերուհին՝ Ասյա Զաքարյանը և հարևանուհին՝ Հայկուշ Ապոյանը:
Յանիս Սարկիսովի մայրը՝ Լիլիա Սարկիսովան չի հարցաքննվել, քանի որ հրաժարվել է իր ցուցմունքներից և դատակոչի ենթակա անձանց ցուցակում չի եղել:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 28-ին, ժամը 12:00-ին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
