ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը
Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ մարզերի մի շարք բնակիչներ իրենց դժգոհությունն են հայտնել այն մասին, որ առավոտվանից ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը դեպի Երևան, մասնավորապես, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերից: Պատճառը այսօր ժամը 17-ին Մատենադարանի հարակից տարածքում կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքն է:
Կա՛մ Երևան քաղաք մեկնող հասարակական տրանսպորտի միջոցներ չեն եղել, կա՛մ դրանք կանգնեցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք ուղևորներից հետաքրքրվելով Երևան ուղևորվելու նպատակի մասին, նրանց հորդորել են չգնալ Երևան: Որոշ դեպքերում ճանապարհի կեսից հետ են ուղարկվել, ինչով խոչընդոտվել է ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածով ամրագրված մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք վավերացվել են ՀՀ կողմից:
Նշենք նաև, որ մարտի 10-ին կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հարցին պատասխանել էր, որ հանրահավաքի օրերին ինքը հրաման չի տվել արգելելու հասարակական տրանսպորտի գործունեությունը և շեշտել է, որ նման փաստերը կարող են նյութ լինել ծառայողական քննություն անցկացնելու համար: Կարող ենք ասել, որ այսօր ոստիկանության կողմից նման փաստեր ձեռք բերելը որևէ դժվարություն չի ներկայացնում: Դրա համար անհրաժեշտ է լսել մարզերի ուղևորներին կամ ներկա լինել համապատասխան վայրերում:
www.hra.am-ը այս հարցով փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության մամլո քարտուղարի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանից` ներկայացնելով իրավիճակը, որին ի պատասխան Ա. Ահարոնյանը նշեց, որ «այսօր մարզերից եկող որևէ ճանապարհ փակ չէ»: Նորից փորձեցինք հստակեցնել հարցադրումը` արդյո՞ք ոստիկանները կանգնեցնում են մեքենաները, հորդորում մարդկանց չգնալ Երևան կամ մեքենաները հետ են ուղարկում, ինչին ի պատասխան Ա. Ահարոնյանը կրկնեց. «Նորից եմ կրկնում` որևէ ճանապարհ փակ չէ»:
www.hra.am խմբագրություն
