ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերջապես ե՞րբ են երկրաշարժից անօթևան ընտանիքներին զերծ պահելու ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից

Աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում սկսել է 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ընդունելու գործընթացը, սակայն առ այսօր քաղաքացիները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից:
Անօթևանների հերթացուցակում հաշվառված 2400 ընտանիքներից միայն 1200 են կարողացել ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկարատև բացակայում են Հայաստանից: Իսկ երկրից դուրս գտնվողների մի մասն էլ տարբեր պատճառներով չեն կարողանում լիազորագրեր ուղարկել: Հետևաբար, հազարավոր անօթևան ընտանիքներ չեն կարողացել օգտվել իրենց' բնակարան ստանալու իրավունքից, որը սահմանված է ՀՀ կառավարության N 432 որոշմամբ:
«Կառավարությունը 2010 թ. օգոստոսի 5-ին ընդունեց որոշում, որի համաձայն մի շարք փոփոխություններ կատարվեցին N 432 որոշման մեջ: Կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվել բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների ներկա անդամներին' ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվել բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն' փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին' բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:
Այս տարի սկսվել է երկրորդ փուլով բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ընդունումը, սակայն ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթևանները կրկին հայտնվել են փակուղու առջև: Բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանված և Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարություն այն մասին, որ իրենց բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովել բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը տարաբնույթ պատճառաբանություններով սովորաբար հրաժարվում է վավերացնել շահառուների կողմից կառավարության վերոհիշյալ որոշմամբ պահանջվող հայտարարությունները:
Նոտար Ռոբերտ Մուկուչյանը կառավարության վերոհիշյալ որոշումը չկատարելն ու բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հայտարարությունները միայն բացառիկ դեպքերում վավերացնելը պատճառաբանեց այն հանգամանքով, թե իրեն հիմնականում հավատ չեն ներշնչում դիմողների այն հայտարարությունները, ըստ որոնց նրանց ընտանիքների բացակա անդամները իրոք չեն կարող լիազորագրեր ուղարկել: Նա նաև կարծիք հայտնեց, թե շատ քաղաքացիներ հնարավոր է, որ բնակարանը ստանալուց անմիջապես հետո վաճառեն, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների' ներկայումս նման արգելք չկա: Նոտարը շահառուներին հիմնականում խորհուրդ է տալիս դիմել դատարաններ և իրենց ընտանիքների բացակա անդամներին անհայտ բացակայողներ ճանաչելով լուծել այդ հարցը»,- նշված է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրության մեջ, որն ուղղված է ՀՀ վարչապետին, ՀՀ քաղաքաշինության և արդարադատության նախարարներին:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
