«Ժառանգություն» կուսակցության շտապ հաղորդագրություն

Շտապ հաղորդագրություն

Մարտի 24, 2011, Երևան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլին առնչվող նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Աբրահամյան,

Ս.թ. մարտի 21-ին' ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկի օրը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքի վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու կապակցությամբ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկի, Դուք մասնավորապես հայտարարեցիք.  «Ասեմ, որ ես նոր եմ վերադարձել աշխատանքային այցից' Մեծ Բրիտանիայից, խոսել եմ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ և փորձել եմ տեղեկանալ նպատակի մասին' թե ինչ խնդիրներ է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանը, և կոնկրետ պատասխան չեմ ստացել¦: 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում իրականացվող «Ծոմ Ազատության» քաղաքացիական բողոքի պատճառով Ձեր հայտարարությանը արձագանքում եմ մի քանի օր ուշացումով:

Հաստատելով մարտի 16-ի առավոտյան մեր կարճ հեռախոսազրույցը, պետք է նաև հիշեցնեմ, որ ի պատասխան Ձեր' «ո՞րն է պատճառը, որո՞նք են պահանջները, ի՞նչ պետք է անենք մենք» հարցերին, ես, մասնավորապես, պատասխանեցի. «Մարտի 15-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել 40 րոպեանոց հիմնավոր ելույթով, իսկ մարտի 13-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը ընդունել է որոշում' 21 կետերով, որոնց ամբողջական տեքստերը տարածվել են ԶԼՄ-ներով: Ես չեմ կարող մի քանի րոպեի ընթացքում լիարժեք վերատադրել դրանք: Հետևաբար, լավ կլինի, որպեսզի Դուք ծանոթանաք դրանց և ինքներդ որոշեք, թե ինչ պետք է արվի»:

Քանի որ մարտի 21-ի Ձեր հայտարարութամբ Դուք հաստատել եք, որ դեռևս չեք ծանոթացել դրանց և տեղյակ չեք նպատակներին,  առաջադրված խնդիրներին, հարկ եմ համարում Ձեզ տրամադրել թե' Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 15-ի ելույթի ամբողջական տեքստը, թե' «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի' մարտի 13-ի որոշումը, որի 1-ին կետում ամրագրված է.

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է' 1. Հնարավոր բոլոր եղանակներով' Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար»»:

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն