Քննարկում. սպասվում են փոփոխություններ ընտրական օրենսգրքում

«Ընտրության գաղտիությունը չի կարող խոչընդոտ լինել ավելի կարևոր իրավունքին՝ ժողովրդի՝ իշխանությունը ընտրություների միջոցով փոխելու իրավունքին,ամբողջ աշխարհն արդեն սկսել է հասկանալ սա։ Միակ փրկությունը ընտրությունից հետո մասնակիցների ցուցակը հրապարակելն է»,- կարծում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի մեծամասնությունն այս տարվա մարտի 14-ին չընդունեց ՀՅԴ առաջարկ-նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»։ Նույն օրենքի բարեփոխումների՝ ԱԺ մեծամասնություն կազմող կուսակցությունների առաջարկը 10 օր անց առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Վահան Հովհաննիսյանն առաջին ընթերցումն անցած նախագծի միայն մի բարեփոխման մասին նշեց ՝ կապված ընտրական հանձնաժողովների ձևավորման հետ.«Մինչ այժմ ձևավորվում էին վերից վար կուսակցական սկզբունքով՝ ԱԺ ֆրակցիաներից ելնելով։ Այն ոչ թե վատ սիստեմ էր, այլ ուղղակի չաշխատեց Հայաստանում։ Հիմա առաջարկում են, որ իշխանությունները նշանակեն պատասխանատուներին՝ վերահսկողներին, և միայն ամենաստորին՝ տեղամասային հանձնաժողովներում լինի կուսակցական ներկայություն։ Այսինքն՝ վերջում բարդեն ամեն բան կուսակցությունների վրա՝ տեղամասային հանձանժողովների տեսքով. մենք սա չենք ընդունում, այն իր մեջ լուրջ ծուղակներ է պարունակում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Գործընկերություն հանուն բաց հասարակության՝ ավելի քան 60 կազմակերպությունների միավորումը, քննարկում էր կազմակերպել Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների շուրջ։ Քննարկմանը հրավիրված գործող քաղաքական կուսակցություններից ներկա էին Հայ հեղափոխական դաշնակցությունը և Ժառանգությունը։ Իրենց առաջարկներն ու մտահոգությունները բարձրաձայնեց նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և այլոք։ Ներկաները քննարկում էին ընտրական օրենսգրքում կատարվելիք բարեփոխումների՝ արդար ընտրություններ ապահովելու հնարավոր երաշխիքները։

Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը, համոզված է, որ օրենսգրքի բոլոր բարեփոխումներն անիմաստ կլինեն, եթե չլինի ընտրական գործընթացը տեսաձայնագրելու հնարավորություն, քանի որ, ըստ նրա, «իշխանությունները չունեն քաղաքական կամք փոփոխությունների գնալու»։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առաջարկեց անմիջապես ընտրությունների ավարտից հետո արձանագրել մատյաններում նշում արած քաղաքացիների թիվը, որ պետք է հավասար լինի ընտրաթերթրիկների ծրարների քանակին. «Եթե տարբերությունը գերազանցի 1%-ը, այդ տեղամասի ընսստրությունները համարել անվավեր»,- առաջարկեց նա՝ որպես լցոնումները կանխելու մի քայլ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն առաջարկեց օրենքով սահմանել լրատվամիջոցների կողմից նախընտրական արդյունավետ բանավեճեր ապահովելու պարտադիր պահանջ։ «Այս բանավեճերը պետք է ապահովվեն՝ մասնակից բոլոր կողմերի հետ համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց նա։

Բ. Նավասարդյանն ընդգծեց նաև նախընտրական շրջանում լրատվամիջոցների գործունեության դիտարկման անհրաժեշտությունը։

«Նախորդ ընտրությունների ժամանակ մենք դիտարկեցինք լրատվամիջոցների գործունեությունը և օրենքների բազմաթիվ խախտումներ արձանագրեցինք։ Եթե այլ կազմակերպությունների դիտարկումները որպես հիմք չեն ընդունվում, ապա պետք է օրենքով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձաժողովին պարտավորեցնել կատարել լրատվամիջոցների մոնիտորինգ, պարտադիր հրապարակել արդյունքները և տալ իր եզրակացությունը»,- լրատվամիջոցների նախընտրական գործունեության դիտարկումը կարևորեց Բորիս Նավասարդյանը։

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչները ԱԺ-ում կանանց մեծ թվով ներկայությունը ապահովելու խնդիրը բարձրացրեցին։ «Ունիսոն» ՀԿ-ն խոսեց խուլերի՝ քարոզարշավին մասնակից չլինելու և շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց ընտրության իրավունքի ոտնահարման մասին։

«Ընտրական իրավունքի պաշտպանությունը պետք է տեղափոխել քաղաքացիական դաշտ։ Միայն քաղաքացիական շարժումը կարող է լուծումներ բերել»,-կարծում է Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավարը։

Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը համատեղ հայտարարություն ընդունեց՝ ընտրական անառողջ քաղաքականությունը շտկելու առաջարկություններով։ Քննարկման ավարտին ձևավորվեց աշխատանքային խումբը, որը հնչած կարծիքները կամփոփի և կկցի առաջարկություններին։ Հայտարարությունը բաց է ստորագրել ցանկացողների համար։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուր` www.hra.am