ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օտարում հայկական տարբերակով. Կենտրոնի վերակառուցումը չպետք է ֆինանսական և բարոյական վնասներ պատճառի երևանցիներին

Ամեն հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի առջև հավաքվող ցուցարարների մեջ կարելի է տեսնել Երևանի Կենտրոն համայնքի նախկին բնակիչներին, ում սեփականությունը օտարվել է։ Ներկայումս օտարման վտանգի առջև են Կոնդ, Կոզեռն, Ֆիրդուսի թաղամասերի, Սախարովի հրապարակի հարակից տարածքի բնակիչները: Առայժմ կառուցապատող կազմակերպությունները սեփականատերերի հետ բանակցում են գույքի փոխհատուցման չափերի մասին, սակայն փոխշահավետ համաձայնության չեն գալիս:
Բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան տեղեկանալու, թե ի՞նչ է նախատեսվում կառուցել իրենց բնակարանների տարածքում, ի՞նչ ֆինանսական հնարավորություններ ունի կառուցապատողը և արդյոք ի վիճակի՞ է իրականացնել փոխհատուցման գործընթաց։ Քաղաքապետարանը բնակիչներին պատասխանել է, որ այդ տեղեկատվությունը գաղտնիք է:
2000-ականների քաղաքաշինության հետեւանքները
Սեփականության հարկադիր օտարման գործընթացը սկսվեց 2000 թ.-ին, երբ Կառավարությունը հավանություն տվեց Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին։
«2000-2006 թթ.-ին ՀՀ քաղաքացիների սեփականության օտարման ողջ գործընթացը եղել է անօրինական,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը,-դա եղել է բիզնես ծրագիր։ «Բացառիկ՝ հանրային գերակա շահ» անվան տակ իրականացրել են քաղաքացիների թալան պետական մակարդակով»։
Մինչ 2005թ. գործող ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածում ամրագրված էր. «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»։ Այնինչ, մինչ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի ընդունումը (2006թ նոյեմբերի 27) օտարման ողջ գործընթացը կատարվել է ոչ թե օրենքի, այլ՝ Կառավարության որոշումների հիման վրա։ «ՀՀ կառավարությունը չի կարող հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք»,- գրված է ՀՀ Սահմանադրական դատարանի 1998-ին կայացրած որոշման մեջ։ Իսկ 2006թ-ի մեկ այլ որոշմամբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կենտրոնում կառուցապատման ծրագրեր իրականացնելու մասին Կառավարության թիվ 1151-Ն որոշումը։
2002-ին գործադիրը հաստատեց պետության կարիքների համար օտարման ենթակա գոտիները՝ 345.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք Երևանի կենտրոնում։ Այդ տարածքներում ապրում էին սեփականության կամ ժամանակավոր բնակության իրավունք ունեցող հազարավոր քաղաքացիներ։
«Այն, որ կենտրոնը պետք է վերակառուցվի, ոչ մեկը դրա հետ չէր վիճում, բայց այդ ամենը, մեր կարծիքով, պետք է արվեր ավելի քաղաքակիրթ՝ այդ գոտիների բնակիչներին չպատճառելով նյութական կամ բարոյական ոչ մի վնաս»,- ասում է իրացման գոտու բնակիչ Գոհար Ղարիբյանը։
Կառուցապատման ծրագիրն իրականացնելու համար 2001-ին քաղաքապետարանին առնթեր ստեղծվեց Հյուսիսային պողոտա և Կասկադ ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ), որը պետք է զբաղվեր քաղաքացիների գույքի գնահատման, փոխհատուցման չափի որոշման, պայմանագրերի կնքման և տարածքների ազատման հարցերով։
Կառավարության սկզբնական որոշման մեջ փոխհատուցումը պետք է տրվեր գումարի կամ բնակարանի տեսքով։ Սակայն հետագայում իրացման գոտիների բնակիչներից ոչ մեկը նորակառույց շենքերում բնակարան չստացավ։
2001թ., երբ սկսվեց օտարման գործընթացը, անշարժ գույքի գները Երևանում բավականին ցածր էին։
Գույքի գնահատմամբ զբաղվում էր քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված միակ՝ «Արթին էնթրփրայս» կազմակերպությունը։ Այլ գնահատող կազմակերպությունների եզրակացությունները հիմք չէին ընդունվում։ Ընդ որում, գնահատման համար կառուցապատողն էր վճարում «Արթին էնթրփրայսին»։ Վերջինս էլ գույքը գնահատելիս չէր անտեսում կառուցապատող բիզնեսմենների շահերը։
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահի խոսքերով՝ սկզբնական շրջանում փոխհատուցման և խրախուսման գումարները քիչ թե շատ համարժեք էին, և Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների մեծ մասը այդ գումարներով կարողացան նոր տներ գնել։ Դրանից հետո անշարժ գույքի շուկայում գները կտրուկ բարձացան, սակայն գնահատող կազմակերպությունը շարունակում էր գնահատել նախկին գներով։
«Քաղաքի կենտրոնում գտնվող իմ տան համար՝ տնամերձ այգով, առաջարկել են 16,000 դոլար։ Ծիծաղելի գումար, որով նույնիսկ ծայրամասում 1 սենյականոց բնակարան չէի կարող գնել»,- ասում է Գոհար Ղարիբյանը։
« «Արթին էնթրփրայսը», որը բացարձակ մենաշնորհ ուներ, գույքը գնահատում էր 3-4 անգամ ավելի ցածր, քան հողի իրական, շուկայական արժեքն էր։ Խրախուսման գումարն էլ հետը գույքի արժեքի 50 տոկոսը չէին կազմում»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը։ Նրա կարծիքով՝ ճիշտ չէ, որ կառուցապատողն է վճարում և պատվիրում գնահատումը։ Նա շահագրգռված է, որ գույքը ցածր գնահատվի, որպեսզի քիչ վճարի և թանկ վաճառի։
Սեփականատերերը չէին համաձայնում փոխհատուցման այդ չնչին գումաներով պայմանագիր կնքել։ ԾԻԳ-ը դիմում էր դատարան, դատը շահում էր և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով քաղաքացիներին վտարում իրենց բնակարաններից։
Փաստաբան Արթուր Գրիգորյանն ասում է. «Դատարանները եղել են ԾԻԳ-ի որոշումների վրա կնիք դնելու գործիք, այսինքն՝ լեգալիզացնում էին կատարված ապօրինությունները։ Բոլոր դեպքերում սեփականությունը խելել են. մի դեպքում փոխհատուցում տրվել է, մյուս դեպքում պարտադրել են պայմանագիր կնքել, մյուս դեպքում փոխհատուցում չի տրվել»։
«Մարդկանց մեծ մասը պայմանագիրը ստորագրում էր՝ այլ ելք չտեսնելով։ Վախեցնում էին, ահաբեկում էին, ասում էին՝ «կարող է տղադ բանակից չվերադառնա», կամ «աղջիկդ այսինչ բուհի այսինչ ֆակուլտետում է սովորում, չես մտածո՞ւմ նրա մասին»։ Անջատում էին լույսը, հեռախոսը, ջուրը...»,- պատմում է իրացման գոտու բնակիչ Վաչագան Հակոբյանը, ով նույնպես սպառնալիքների ճնշման տակ ստորագրել է պայմանագիրը։ Վ. Հակոբյանը հիմնել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ն՝ պաշտպանելու այս խնդրի առաջ կանգնած մարդկանց իրավունքները։
ԾԻԳ պետ Կարեն Դավթյանը հրապարակավ հայտարարում և պնդում էր, որ սեփականատերերը ստանում են համարժեք փոխհատուցում։ Իսկ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ասում էր, որ իրենք բնակիչներին առաջարկում են 900 դոլար մեկ քմ-ի դիմաց, բայց նրանք պահանջում են դրա քառակին։ Սակայն փաստերն այլ բան են ցույց տալիս։
ՀՀ նախագահը պարբերաբար այցելում էր շինհրապարակներ, հետևում կատարվող աշխատանքներին, բայց խոսում և հետաքրքրվում էր միայն տնտեսական հարցերից։
«Ես ժամանակին հաշվարկ եմ արել, Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցապատողները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ստացել են 25-30.000 դոլար մաքուր եկամուտ՝ բոլոր ծախսերը և հարկերը հանած»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը։
Ավելի քան 25 գանգատ է ուղարկվել Եվրադատարան
Փաստաբան Արթուր Գրիգորյանը սեփականության իրավունքի խախտման մասին մեկ տասնյակի հասնող գործեր է ուղարկել Եվրադատարան։ «Հակասահմանադրական իրավական ակտերի հիման վրա, ասել է, թե՝ չունենալով որևէ իրավական հիմք, մարդկանց զանգվածաբար զրկել են սեփականության իրավունքից և վտարել։ Նրանցից շատերը դարձել են անօթևան, ձեռք են բերել բոմժի կարգավիճակ, և Կառավարությունը բացարձակ մտահոգված չէ այդ հարցերով»,- ասում է նա։
Աբովյան 1/3 հասցեում գտնվող 433քմ ընդհանուր տարածքով խանութը «Արթին էնթրփրայսը» գնահատել էր 47.000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ այլ գնահատող կազմակերպություն՝ 185.000 դոլար։ Տեղական դատարաններում պարտվելով՝ սեփականատեր Գևորգ Ճղլյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (սա ԵԴ ուղարկված առաջին գործն էր)։ ՀՀ կառավարությունը անմիջապես հաշտության առաջարկ էր արել Ճղրյանին և պարտավորվել 150.000 դոլար փոխհատուցում վճարել։
Գնահատող անկախ կազմակերպությանը ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն զրկեց լիցենզիայից։ Նմանատիպ մի քանի դեպքերից հետո անկախ գնահատող կազմակերպությունները հրաժարվում էին գործ ունենալ իրացման գոտու բնակիչների հետ։
Իրացման գոտու բնակիչների անունից ավելի քան 25 գանգատ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից երկուսը բավարարվել են 2009թ. և 2010թ., երկուսը՝ մերժվել։
ԵԴ-ն երկու դիմում-գանգատի մասով ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա) Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության իրավունք) և ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը քաղաքացիների հետ նոր պայմանագրեր կնքելու համար: Բայց քանի որ Կառավարությունը և քաղաքացին հաշտության չեն եկել, ԵԴ-ն որոշել է քննել գործը և փոխհատուցման մասին որոշում կայացնել: Քաղաքացիները սպասում են Եվրադատարանի վճռին:
«Մեր դատարաններում և ոչ մի քաղաքացի դատը չշահեց։ Սա խոսում է այն մասին, որ մարդու իրավունքների տեսանկյունից մեր երկրում ապսուրդ վիճակ է»,- նշում է ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։
Սեդրակ Բաղդասարյանը համոզված է, որ ԵԴ-ն բոլոր հայցերը բավարարելու է, սակայն չէր ցանկանա, որ խնդիրը նման լուծում ստանար. «Այդ բոլոր գործերով մեր պետությունը պարտվելու է և փոխհատուցումը պետբյուջեից է տրվելու։ Եթե տեղական դատարանների վճիռներով մեր իրավունքները պաշտպանվեին, մեզ հատուցելու էր կառուցապատողը։ Բայց այսօր կառավարությունն ու բիզնեսն իրար մեջ սերտաճած են, փողերը ուտում են, բյուջեի հերն էլ անիծած»։
Օրենքի ընդունում՝ չլուծված խնդիրներ
2006-ի նոյեմբերի 27-ին «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի ընդունմամբ խնդիրները չլուծվեցին։ Հանրային լսումների ժամանակ օրենսդիրը հաշվի չառավ ո՛չ քաղաքացիների, ո՛չ ՀԿ-ների և ո՛չ էլ օմբուդսմենի առաջարկություններն ու դիտողությունները։
Օրենքով պետության բացառիկ՝ գերակա հանրային շահ է համարվում նաև քաղաքաշինությունը, այսինքն՝ բնակարանային և շինարարական բիզնեսը դիտվում է որպես է բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Օրենքի անցումային դրույթներում նշվեց մի կետ, որով իշխանությունները «մարսեցին» նախկինում հակասահմանադրական ճանաչված օրենքների և որոշումների հիման վրա սեփականատերերից վերցված անշարժ գույքը։
«Օրենքը այսօր, ցավոք, վստահաբար եմ ասում, լիովին չի երաշխավորում քաղաքացիների իրավունքները։ «Բացառիկ՝ գերակա հանրային շահի» անվան տակ օրենքը հնարավորություն է տալիս օտարել սեփականությունը և կատարել քաղաքաշինական ինչ-որ ծրագրեր։ Եթե համարժեք փոխհատուցում տրվեր, այսքան խնդիրներ չէին լինի»,- համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը։
Ըստ օրենքի՝ փոխհատուցման գումարը հաշվարկվում է այսպես. շուկայական գին գումարած 15 տոկոս։ Սակայն գործում է գույքի գնահատման և փոխհատուցման նախկին արատավոր պրակտիկան։
Այն սեփականատերերը, ովքեր բողոքի ձայն բարձրացրեցին և իրենց իրավունքները պաշտպանելու փորձեր արեցին, հայտնվեցին ավելի ծանր վիճակում։ Ամենաշատ բողոքները, ցույցերն ու դատական հայցերը եղան Փ.Բյուզանդի փողոցի բնակիչների կողմից։ Երբ իրավական բոլոր միջոցները սպառվել էին, նրանք բարիկադներով փակեցին բուլդոզերների և տրակտորների ճանապարհը։ Սակայն 2005-ի վերջին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նրանց բռնի ուժով վտարեցին փողոց։
Նրանցից շատերը մինչ օրս չեն ստացել օրենքով հասանելիք փոխհատուցումը և չունեն տուն ու գրանցման հասցե։
2006-ին Բյուզանդի փողոցի բնակիչները Սեդրակ Բաղդասարյանի և փաստաբան Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրեցին «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը, որը գործում է մինչ օրս։
«2007-ին մենք գնացինք մասնակցելու ԱԺ ընտրություններին և պարզվեց, որ ցուցակում չկանք։ Իսկ այն մարդիկ, ովքեր պայմանագիր էին կնքել և օրենքի համաձայն պետք է գրանցումից դուրս եկած լինեին, ցուցակում էին՝ մոտ 400 հոգի»,- ասում է Ս.Բաղդասարյանը։
Բյուզանդի և Արամի փողոցի 37 բնակիչներ այժմ չունեն գրանցման հասցե։ Նրանց անձնագրերում դեռ գրված է նախկին հասցեն, բայց ոստիկանության տվյալներով՝ իրենք գրանցումից հանվել են։ Այդ քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ընտրություններին, դիմել թոշակի անցնելու, աշխատանքի ընդունվելու, անձնագիր ստանալու, զինծառայության համար հաշվառվելու, ամուսնությունը գրանցելու, բուհ ընդունվելու համար, քանի որ չեն կարող ներկայացնել տեղեկանք բնակության վայրից։ Սեդրակ Բաղդասարյանը այս հարցով դիմել է տարբեր դեսպանների և հուսով է խնդրին լուծում կտրվի։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
Լուսանկարը՝ www.pkz.am
