ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այս տարին թոշակառուների համար «անակնկալներով» լի է

Այս տարվա հունվար ամսից մահացած մարդու թաղումը կազմակերպելու համար պետության կողմից տրամադրվող միանվագ դրամական օգնությունն ընտանիքի անդամներին հասնում է 1 ամիս հետո միայն, եթե օրինակ տվյալ մարդը մահացել է ամսվա վերջին:
Մեկամսյա ժամկետը միշտ էլ նախատեսված է եղել օրենքով, սակայն մինչև 2011թ. այդ, ինչպես նաև՝ կենսաթոշակների կանխիկ վճարման հարցերով «Հայփոստ» Փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) փոխարեն զբաղվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2011 թվականի հունվարի 1-ից լուծարվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայությունը, որը որպես կանոն մարդու մահանալու մասին դիմումը ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում ընտանիքին էր փոխանցում նախատեսված 200 հազար դրամը: Նշենք, որ այս մարմինն ուներ ընդամենը 17 բաժանմունք, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն՝ 90:
«Բնականաբար, մենք գումարները հայթայթեցինք, բարեկամներն ու ծանոթները տրամադրեցին, մինչև պետության կողմից նախատեսված գումարը հասավ մեզ»,- ասում է թոշակառու Մառլենա Պողոսյանը, ում ամուսինը մահացել է մոտ մեկ ամիս առաջ, իսկ գումարը նրանք կարողացել են ստանալ 10 օրից։ Եթե չհասցնեին վերջին օրով մահվան մասին գրանցում անել հաջորդ ամսվա ցուցակներում, գումարը, որ նախատեսված է հանգուցյալ թոշակառուի հուղարկավորության ծախսերի համար, նրանց կհասներ ոչ շուտ, քան մեկ ամսից:
Կառուցվածքային փոփոխությունները դժգոհություններ առաջացրեցին նաև թոշակառուների մոտ հենց 2011թ. առաջին օրերին, երբ թոշակառուները՝ որպես ամանորյա անակնկալ տեղեկացվեցին, որ թոշակները ուշ են ստանալու, քանի որ հունվարի մեկից հետո հերթեր են գոյանում: Թոշակը ստանալու առաջին օրը նշանակվեց հունվարի 4-ը: Ծայրամասերում թոշակառուները հանգիստ թոշակ ստացան, իսկ «Հայփոստի» կենտրոնական բաժանմունքում մեծ քաշքշուկ եղավ:
«Առաջին անգամ հունվարի 4-ին գնացի, այնպիսի սարսափելի հերթ էր, որ մարդիկ իրար էին տրորում: Նույնիսկ մի կնոջ գլխին խփեցին, գլխարկը թռավ: Հետո էլ հերթ էինք կանգնում, ասում էին' գումարը պրծավ»,- վերհիշում է 77-ամյա Լուսինե Մնացականյանը, ով միայն հունվարի 10-ին կարողացավ ստանալ իր թոշակը՝ 10 օր չխմելով ճնշման համար նախատեսված դեղերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հունվարի 28-ին հայտնեց, որ 2011թ. հունվար ամսին 2010թ. դեկտեմբերի համեմատությամբ Երևան քաղաքում շուրջ 4000 կենսաթոշակառուի կենսաթոշակ կամ շուրջ 500 մլն դրամ չի վճարվել։
«Հայփոստի» հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը հետագայում պարզաբանեց, որ խառնաշփոթը պայմանավորված էր նրանով, որ նոր պարտականություն են ձեռք բերել:
«Ամանորյա տոներից հետո ինկասացիայի հետ կապված խնդիրներ էին եղել, դրա համար էլ մեծ հերթեր են գոյացել»,- ասում է Աբրահամյանը:
Հետագայում այդ խնդրին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ի դեպ մինչև կառուցվածքային փոփոխությունները խոստացել էր, որ թոշակները ժամանակին են հասնելու իրենց հասցեատերերին:
«Հանիրավի սոցիալական լարվածություն ենք ստեղծում, երբ այս փոփոխությունները պետք է հակառակին բերեին, որ թոշակառուները գոհ լինեին, որ էապես պարզեցվել են իրենց սպասարկման գործառույթները. արդյունքում պետք է շահած լինեին թոշակառուները, և պետությունը կունենար լուրջ տնտեսումներ»,- դիմելով ՀՀ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ասաց վարչապետը հունվարի ավարտին կառավարության հերթական նիստի ժամանակ:
Եվս մի փոփոխություն, որն ունի գեղեցիկ ձևակերպում, բայց թերի կիրառություն. այժմ թոշակառուն ինքն է ընտրում' գնալ և թոշակը ստանալ «Հայփոստի» տվյալ բաժանմունքի՞ց, թե՞ սպասել տանը' արդեն «Հայփոստի» աշխատողների միջոցով թոշակը ստանալուն:
Ստացվեց հանրաճանաչ ասացվածքի պես՝ ուզում էին, որ լավ լինի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ, քանի որ թոշակառուն խուսափում է հերթերից ու թոշակը հիմնականում տանն է ստանում մոտ 4 օր հետո: Չնայած տեղում կամ փոստատարի առաքման դեպքում ոչ մեկն իրավունք չունի թոշակառուից հավելյալ գումարներ գանձել, ու դա կանխելու համար «Հայփոստը» նույնիսկ թեժ գիծ է բացել, վերջին տարիներին ընդունված «կարգ» է դարձել թոշակ բաժանող անձանց կողմից իրենց ծառայության դիմաց մինչև 1000 դրամ ապօրինի գանձումները չնչին գումար ստացող (սովորաբար 25-35 հազար դրամ) թոշակառուներից:
Կառավարության որոշումը նպատակ ուներ պակասեցնել հերթերը նաև բանկերից պլաստիկ քարտերով թոշակ ստանալու միջոցով, որի գաղափարին թոշակառուներն անգամ ուշադրություն չեն դարձնում, քանի որ տեղեկացված չեն, չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հայտարարությամբ, արդեն պայմանագրեր են ստորագրվել 12 բանկերի և 4 վճարահաշվարկային կազմակերպությունների հետ։ Այս հարցին ՀՀ վարչապետը ևս անդրադարձել էր:
«Եթե դուք քաղաքացիներին չներկայացնեք նոր ստեղծված հնարավորությունը, ոչ մեկը չի օգտվի այդ ծառայությունից։ Անհրաժեշտ է պայմանավորվել Կենտրոնական բանկի հետ, առևտրային բանկերի հետ, վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ, իրազեկել մեր քաղաքացիներին այդ մասին։ Եթե մենք դա չներկայացնենք, եթե հեռուստատեսությամբ չներկայացնենք այդ հնարավորությունը, բնականաբար, օգտվողների քանակը շատ չի լինի»,- նույն նիստի ժամանակ հրահանգ է տվել վարչապետը:
Նշենք, որ կառավարության նոր որոշումը ավելացրեց նաև գործազուրկների շարքերը, քանի որ մոտ 300 աշխատող մնացին գործազուրկ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ վճարումների ծառայության լուծարման արդյունքում պայմանագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո այդ անձանց հետ նոր պայմանագրեր չկնքվեցին, իսկ անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը լուծվեցին օրենքով սահմանված կարգով։ Միայն առաջարկվեց մոտ 70 աշխատողի աշխատանքի անցնել «Հայփոստում»:
Բայց պատկերը շատ ավելի դրական տեսք ունի ՀՀ նախագահի Ս. Սարգսյանի կարծիքով. «Առաջին երկու ամիսների արդյունքները խոսում են այն մասին, որ, իրոք, հնարավոր է այս խնդիրները լուծել, և դրանք լուծելով' տնտեսել միլիարդավոր գումարներ, որոնք կարող են ուղղվել ցանկացած սոցիալական խնդրի լուծմանը»։
Այս ոլորտի բարեփոխումները նաև կոռուպցիան զսպելու նպատակ ունեին.անցյալ տարի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանում թոշակ են ստացել բազմաթիվ «մեռած հոգիներ»' 2008, 2009 և 2010 թթ. ութ ամիսների ընթացքում թոշակ է ստացել 58.921 մահացած մարդ:
Խախտվել են նաև վետերանների պատվո վճարների թիվը' պատվո վճար է նշանակվել պատերազմի վետերան չհամարվող մարդկանց , պատվավճար են ստացել մահացած վետերանները, այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո շարունակվել է նրանց պատվավճար տրվել: Այս ամենի մեջ ոչ պաշտոնապես, այլ ներքին խոսակցությունների մակարդակով մեղադրվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, ով հետագայում ժխտեց իր մեղավոր լինելը:
Քաղաքում կարելի է հանդիպել բանկոմատների առջև շփոթված կանգնած մեծահասակների, ում հայացքը երիտասարդի է փնտրում՝ օգնության համար։ Ավելի անվտանգ ու հեշտ տարբերակը նախընտրողներն էլ դժգոհում են փոստատարի կողմից թոշակը տուն բերելու ուշացումից. տվյալ ամսվա 4-րդ օրից հետո կարող են թոշակ ստանալ, իսկ «մնացորդ» գումար չթողնելու դեպքում, նույնիսկ ավելի ուշ։ Թոշակառուները հիմնականում օգտվում են թոշակ ստանալու ավանդական մեթոդից ու, բնականաբար, մեծ բնակչություն ունեցող թաղամասերում' հատկապես կենտրոնում, հերթեր են գոյանում։ Կառուցվածքային փոփոխությունները պաշտոնյաները գնահատում են՝ որպես բարեփոխում, բայց դրանք չպակասեցրին թոշակ ստանալու հերթերը և ժամկետները։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը'www.hra.am
