ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավոր լռություն. վրացական պետհամարանիշներով մեքենաների խնդիրը դեռ լուծված չէ

«Շատ հնարավոր է հոկտեմբերին նոր բողոքի ալիք բարձրանա վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող ավելի քան 1500 քաղաքացիների կողմից, ովքեր պետությունից առանց տոկոսի վարկ են վերցրել իրենց մեքենաների մաքսազերծման համար»,- կարծում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա զբաղվում էր վարորդների իրավունքների պաշտպանությամբ, երբ նրանք 2011 թ-ի փետրվարին բողոքում էին ՀՀ կառավարության որոշման դեմ, ըստ որի' վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծումը դարձավ պարտադիր:
2010թ.-ի օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնության համաձայն' ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում կարող են իրականացնել միայն արտասահմանցիները, իսկ ժամանակավոր ներմուծվող ավտոմեքենան պետք է անցնի «ժամանակավոր հաշվառում» Հայաստանում. 2 ամսով կամ 1 տարով, ինչը մոտ 30 հազար դրամ կարժենա:
Ըստ նախկինում գործող օրենքի' ավտոմեքենա ներմուծող քաղաքացին 10 օր էր ունենում ավտոմեքենան մաքսազերծելու ու գրանցելու համար, որի համար վճարում էր մեքենայի շուկայական արժեքի շուրջ 32 տոկոսը։ Իսկ եթե մեքենան գրանցվում էր որպես «ժամանակավոր», ապա հարկ չէր գանձվում, և քաղաքացուն թույլատրվում էր առանց մաքսազերծման մեքենան 30 օր պահել Հայաստանում: Ոմանք, օգտագործելով օրենքի այս բացը, կարողանում էին անորոշ ժամկետով մեքենան պահել Հայաստանում առանց մաքսազերծման: Քանի որ Վրաստանի սահմանը մոտ է, քաղաքացին, մեքենան հարևան երկիր տանել-բերելով, թարմացնում էր իր փոխադրամիջոցի «ժամանակավոր» կարգավիճակը:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, որ 2009 թ. 7 ամիսների ընթացքում ժամանակավոր ներմուծման ռեժիմով 32 հազար ավտոմեքենա է գրանցվել, իսկ 2010թ.-ին՝ 44 հազար: Նրա կարծիքով`սյս որոշումը միտված է կանխելու էժան ու տեխնիկապես անսարք ավտոմեքենաների ներմուծումը հանրապետություն և թանկարժեք ավտոմեքենաներ ներմուծողների կողմից պետբյուջեի մուտքերի ավելացման:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այդ ժամանակ հայտնեց, որ չի բացառում բյուջեի գումարների ավելացումը, բայց ավելի կհզորանան մենաշնորհները ավտոմեքենայի խոշոր ներմուծողների ոլորտում:
«Այս պարագայում դաշտն իրոք կարգավորելու համար պետք է իջեցնել մաքսային բարձր տոկոսադրույքը. Օրինակ' ինչպես Դուբայում է, որտեղ մաքսատուրքը 10 անգամ քիչ է Հայաստանից»,- ասում էր Բագրատյանը:
Մարդիկ բաժանվեցին մի քանի խմբերի՝ մի մասը համաձայնվեց վարկեր վերցնել, բայց մարզպետարանները սկսեցին 25-30 տոկոսով ավելի մեծ գումարներ պահանջել, քան այն գումարները, որոնք վարորդները նախապես ճշտել էին մաքսայինից:
«Մեքենա կար, որ օրինակ 1450 դոլարի տեղը պահանջում էին 2100 դոլար: «Արարատ» բանկն է տալիս այդ վարկերը, որի տերը տարբեր տեղեկություններով' Սերժ Սարգսյանն է, ու վարկի գումարը կասկածելիորեն մեծ է այն տեղեկությունների համեմատ, որ վարորդները պարզել էին մաքսայինից»,-www.hra.am-ին հաղորդում է Լևոն Բարսեղյանը:
1500 վարորդ համաձայնվեց վարկեր վերցնել և մարտի 25-ին Ֆինանսների նախարարությունը 6 ամիս ժամկետով մոտ 935 մլն դրամ անտոկոս վարկ տրամադրեց Երևանի ու մարզերի բնակիչներին:
«Այդ մարդկանց մեծ մասը իմ տեղեկություններով' այժմ մեկնել է խոպան աշխատանքի, որ կարողանան մարել վարկը, բայց այն միևնույն է շատ է ու հնարավոր է՝ 5 ամիս հետո նորից բողոքի ալիք բարձրանա»,-ասում է Լևոն Բարսեղյանը:
Իսկ գյումրեցի, վանաձորցի ու տավուշցի վարորդների մյուս մասը, ովքեր փետրվարին բողոքում էին և ոստիկանների կողմից անգամ խոչընդոտների հանդիպեցին իրենց կողմից կազմակերպված ցույցերի ժամանակ, մեկնեցին Վրաստան և չնչին գներով վաճառեցին իրենց ավտոմեքենաները, քանի որ վրացիները տեղյակ էին մաքսազերծման շուրջ առաջացած աղմուկից ,ցածր գներ էին առաջարկում մեքենաների համար:
Վարորդներից մի քանիսը մինչև այսօր Վրաստանի բարեկամների միջոցով դեռ վաճառում են իրենց մեքենան, իսկ մյուս մասը փորձում է ստանալ երկքաղաքացիություն, որը նրանց հնարավորություն կտա չանցկացնել մեքենայի մաքսազերծում Հայաստանում:
Դեռևս 2 ամիս առաջ Լևոն Բարսեղյանը դիմել էր Շիրակի մարզի ոստիկանություն, որ քրեական գործ հարուցվեր ոստիկանների կողմից ցուցարարների ազատ շարժվելու իրավունքը խախտելու համար: Որպես ապացույց նա ներկայացրել էր տասնյակ տեսանյութեր ու նկարներ:
«Երկու օր առաջ են պատասխանել, այն դեպքում, երբ 7 օր հետո արդեն պիտի պատախան տրվեր: Ասել են, որ քրեական գործ չեն հարուցում հանցակազմը ապացուցող նյութերի բացակայության պատճառով: Մենք, բնականաբար, բողոքարկելու ենք այդ որոշումը՝ դիմելու ենք դատախազություն, հետո նաև' դատարան»,- ասում է Լ. Բարսեղյանը:
Ի դեպ, նա դիմել էր նաև Վարչական դատարան՝ իր ազատ տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտելու բողոքով: Բողոքը մերժվել էր, և այժմ այս գործը գտնվում է արդեն Վարչական վերաքննիչ դատարանում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Նկարը` http://en.wikipedia.org/wiki/File:GEO_SOS776.jpg
