ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երբ համընկնում են հիվանդի հարազատների և հոգեբուժարանի շահերը

Լուսինե Մնացականյանը (անուն ազգանունը փոխված է) իր մտավոր խնդիրներ ունեցող եղբորը Երևանի Ավանի հոգեբուժարանում պահելու համար ստիպված է լինում ամսական 100 հազար դրամից ավելի գումար վճարել. նրան բացատրել են, որ իր եղբորը չեն կարող պետական միջոցների հաշվին պահել:
Լուսինեի հավաստմամբ՝ նա միակը չէ, քանի որ 2010թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տասնյակ հիվանդների դուրս են գրել հիվանդանոցից՝ պետական միջոցների բացակայությունը պատճառաբանելով, և ով կարողացել է իր հիվանդին պահել վճարովի հիմունքներով, թողել է հիվանդին հիվանդանոցում, ով ոչ՝ տարել է տուն:
Հիվանդանոցի տնօրինությունը ժխտեց այն փաստը, որ հիվանդանոցում հիվանդին բուժելու համար գումար է պահանջվում հարազատներից:
«Ես չգիտեմ միգուցե քույրն ինչ-որ գումարներ է տալիս բուժքույրերին, որ լավ նայեն, դա միգուցե հնարավոր է, բայց պետականորեն վճարում չկա»,- ասում է ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
Գլխավոր հոգեբույժը պարզաբանեց, որ ոչ մի հիվանդ պետական միջոցների հաշվին անընդհատ բուժում չի ստանում հիվանդանոցում, եթե չկա դատարանի որոշում, որով հիվանդը շրջապատի համար վտանգավոր է ճանաչվում։ Հիմնականում հիվանդներին սուր հոգեկան խնդիրներ ունենալու ժամանակ բերում են հիվանդանոց, որտեղ 24 օրվա ընթացքում նրանք համապատասխան բուժում են ստանում և դուրս են գրվում։
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը կամ ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:
«Այն հիվանդները, ովքեր ցանկություն չունեն բուժվելու, ոչ ոք իրավունք չունի նրանց կամքին հակառակ հոգեբուժարանում պահել, այդ պարագայում միայն դատարանի որոշումով կարող են հոսպիտալացվել, որովհետև տվյալ բուժհիմնարկի ադմինիստրացիան կարող է 4-8 տարի կալանավորվել»,- ասում է ՀՀ գլխավոր հոգեբույժը:
Օրենքի նույն հոդվածի համաձայն՝ հիվանդին կարող են պահել հիվանդանոցում միայն, եթե հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում, որի ժամանակ հոգեբուժական այն կազմակերպության տնoրինությունը, որում բուժվում է քաղաքացին դիմում է դատարան' քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:
Սամվել Թորոսյանը բացատրում է, որ շրջապատին վտանգ չսպառնալու դեպքում իրենք չեն կարող հիվանդին պահել 24 օրից ավելի, քանի որ դա է պաշտոնապես սահմանված ժամկետը, որի ընթացքում սուր վիճակում գտնվող հիվանդը ստանում է բուժումը և ուղարկվում է տուն, ինչը նաև հիվանդին հասարակություն վերաինտեգրելու հարց է լուծում:
Այսինքն' այն հիվանդը, ով դատարանի որոշմամբ շրջապատի համար վտանգավոր չի ճանաչվել, բայց 24 օրից ավելի է գտնվում հիվանդանոցում, բուժում չի ստանում պետական միջոցներով: Մեր հասարակությունը որոշակի վերապահումով է մոտենում հոգեկան հիվանդներին, և հաճախ հիվանդների հարազատները փորձում են պահել նրանց հիվանդանոցներում, եթե նույնիսկ նրանք վտանգավոր չեն շրջապատի համար: Այս դեպքում առաջ է գալիս այընտրանք և' հիվանդի հարազատների, և' հոգեբուժարանի համար. հիվանդի հարազատն իրեն «հոգեպես ապահովագրում է», որ հիվանդն ավելի լավ է զգում հիվանդանոցում բուժվելիս, իսկ հոգեբուժարանը ստանում է կողմնակի եկամուտ:
Գլխավոր հոգեբույժի փոխանցմամբ' ՀՀ-ում հաշվառված է մոտ 46 հազար հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդ, որոնցից միայն 1000-ն են այժմ գտնվում հոգեբուժական հիվանդանոցներում, մնացածը պարբերաբար այցելում են հիվանդանոցներ, վերցնում են դեղորայք ու հիմնականում տանն են բուժվում։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
