Պաշտպանի կարծիքով` դատարանն առանց հիմնավոր ապացույցների կայացրել է մեղադրական վճիռ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Արկադի Գևորգյանի նկատմամբ' առանց նրա մեղավորությունն ապացուցող փաստական հիմքերի, միայն նախաքննության ընթացքում տված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 5-ին վճռել է վերսկսել գործի քննությունը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի փետրվարի 2-ին կայացրած վճիռը:

28-ամյա Արկադի Գևորգյանը մեղադրվում է չորս գողություն և մեկ գողության փորձ կատարելու մեջ: Նա պնդում է, որ իրեն 5 օր շարունակ ապօրինաբար պահել են ոստիկանությունում, որտեղ ճնշման տակ և առանց պաշտպանի ներկայության ինքնախոստովանական ցուցմունք է գրել:

Ամբաստանյալի պաշտպան Գոռ Մարգարյանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել նյութական և դատավարական իրավունքի խախտումներով: Բացի այդ, գործի նախաքննության ընթացքում խախտվել է ամբաստանյալի'պաշտպան ունենալու իրավունքը, ինչպես նաև ամբաստանյալին վերագրվող հանցագործությունների կատարման վերաբերյալ բավարար ապացույցներ չեն ներկայացվել:

Պաշտպանական ճառի ժամանակ փաստաբան Մարգարյանը ընդգծեց, որ ամբաստանյալ Արկադի Գևորգյանը որպես կասկածյալ հարցաքննվել և ինքնախոստովանական ցուցմունք է տվել պաշտպանի բացակայությամբ:

Ասվածը հիմնավորելու համար փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ձերբակալման և պաշտպանի ներգրավման միջև ընկած կարճ ժամանակային տարբերության վրա: Ըստ օրենքի' ձերբակալումից հետո քննիչը ամբաստանյալին պետք է բացատրի իր իրավունքները' ներառյալ պաշտպան ունենալու իրավունքը, և ձերբակալման հիմքերը: Դրանից հետո, ամբաստանալի'հանրային պաշտպան ունենալու ցանկություն հայտնելուց հետո քննիչը պետք է դիմի ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին: Վերջինս պետք է հանրային պատպան նշանակելու մասին որոշում կայացնի, այդ մասին տեղեկացնի նշանակված պաշտպանին և նա ներկայանա իր պաշտպանյալի հարցաքննությանը:

Ըստ Գոռ Մարգարյանի' ձերբակալման, հանրային պաշտպան ներգրավելու որոշման և հարցաքննության միջև ընկած 20 րոպեն բավարար չէր այս բոլոր գործողությունները կատարելու համար: Այդ փաստը ապացուցում է, որ հանրային պաշտպան Ցոլակ Մարգարյանը ոստիկանություն է ներկայացել միայն ամբաստանյալի ցուցմունք տալուց հետո և պարզապես ստորագրել դրա տակ: «Փաստորեն, ամբաստանյալն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել պաշտպանության իրավունքի խախտմամբ, որը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում և դիտվել որպես ապացույց»,- նշեց փաստաբանը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին և 3-րդ կետերը, որտեղ հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի «անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետներում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք» և քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձին պետք է տրամադրվի «բավարար ժամանակ և հնարավորություններ' իր պաշտպանությունը նախապատրաստելու համար»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արկադի Գևորգյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից' ասելով, որ ինքնախոստովանությունը գրել է ճնշումների տակ' առանց պաշտպանի ներկայության, սակայն նրա ասածների իսկությունը պարզելու համար ոչինչ չի ձեռնարկվել: Դատավոր Արթուր Ադամյանն ավելի արժանահավատ է համարել նախաքննության արդյունքում ձեռքբերված ինքնախոստովանական ցուցմունքը և տուժողների տված ցուցմունքները:

Վերաքննիչ դատարանում փաստաբան Գոռ Մարգարյանը բերեց մի շարք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ կատարվել է գործի թերի քննություն: Մի դեպքում քննիչը դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշել է, որ տուժող Ա.Սարգսյանին պատկանող ավտոմեքենայի մեջ մատնահետքեր կամ այլ տեսակի հետքեր չեն հայտնաբերվել, մինչդեռ մեքենայի տերն ասել է, որ գողության փորձ կատարելուց հետո մեքենան շահագործվել է: Սրանից փաստաբանը եզրակացնում է, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է թերի, չեն վերցվել մատնահետքեր փորձաքննության ենթարկելու համար:

Բերված մեկ այլ օրինակի համաձայն' Գևորգյանին վերագրվող հանցագործություններից մեկի' գազաբալոն գողանալու կապակցությամբ, ո´չ նախաքննական մարմինը և ո´չ էլ դատարանը չի պարզել հանցագործության կատարման հստակ օրը, սակայն պարզել է ժամը:

«2010թ. հոկտեմբեր ամսին' գործով չպարզված օրը, ժամը 01:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Գևորգի Մովսիսյանի տան դիմաց կայանված և նրան պատկանող «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է զգալի չափի' 140.000 դրամ  ընդհանուր  արժողության 1,1 խմ տարողության գազաբալոն»,- գրված է Արմավիրի դատախազության մեղադրական եզրակացության մեջ:

«Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածն ամրագրում է, որ միայն ապացույցների հիման վրա են հաստատվում հանցագործության դեպքը և հանգամանքները, ներառյալ' ժամանակը, տեղը և եղանակը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ անձին որևէ հանցագործության մեջ մեղադրելու հիմքում պետք է դրվի դրա կատարման հստակ ժամանակի և վայրի հաստատման ապացույցները»,- ասում է փաստաբանը:

Չնայած  մեղադրող կողմը' ի դեմս դատախազ Անդրանիկ Սահակյանի, անհիմն և վերացական համարեց պաշտպանական կողմի բերված բոլոր ապացույցները, Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր' Մհեր Արղամանյան) վճռեց վերսկսել գործի քննությունը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am