ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բնապահպանները չեն բացառում, որ ուրանի արտահոսք կլինի
Բնապահպաններն ահազանգում են, որ հեղինակություն վայելող ռուսական «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում հրապարակած հոդվածն ապացուցում է, որ Հայաստանի ուրանի պաշարները այժմ հիմնականում գտնվում են տարբեր արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող պղնձի, մոլիբդենի և ոսկու հանքավայրերի տարածքում:
Բնապահպաններն այս պարագայում չեն բացառում, որ ցանկացած պահի կարող է լինել ուրանի արտահոսք:
Հոդվածում առանձնացված է մասնավորապես՝ անտառային հանքերևակումը, որը տեղակայված է Մարմարիկ գետի ավազանում, հարակից է Մեղրաձորի ոսկու, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերին, գտնվում է Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ: Իսկ Սյունիքի ուրանի պաշարները սերտ կապված են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ :
Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի համաձայն, որը արտատպվել է «ԷկոԼուր» տեղեկատվական կայքում, ուրանի պաշարներ կան Հայաստանի 34 հանքերևակումներում և հանքավայրերում:
Լեռնաձոր գյուղի հարևանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրը, որը վերջերս ընտրվել էր ուրանի հետախուզման աշխատանքների համար ամենամեծը չի. նրանում ուրանի պաշարները գնահատվում են 20 հազար տոննա: Ամենաշատն անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարներն են, որոնք գնահատվում են 30-40 հազար տոննա: Վեդու երևակումները գնահատվում են 10-15 հազար տոննա, Անդիի հանքավայրինը' 5-10 հազար տոննա, իսկ Վայքի երևակումները՝ 20-30 հազար տոննա:
«Չնայած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարությանը, որ Հայաստանում ուրանի պաշարները հաշվված չեն, և հնարավոր է, որ ուրան ընդհանրապես չկա, պարզվում է, որ պաշարներ կան, և նրանք կազմում են 100 հազար տոննայից ոչ պակաս, այն էլ գործող հանքավայրերում, իսկ ուրանը չի հարցնի, թե գիտե՞ք դուք լիցենզիա ունեք ոսկու կամ մոլիբդենի արտահանման համար, ուղղակի դուրս կգա՝ ռադիացիայի ենթարկելով շրջապատը»,- www.hra.am -ի հետ զրույցում անհանգստություն հայտնեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Հոդվածում նշված են ոչ միայն ուրանի կանխատեսվող պաշարները, այլ նաև քարտեզագրական տվյալները, որոնք կարող են օգնել Հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներով զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանը» հետախուզման աշխատանքների վայրի ընտրության հարցում:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը մեզ հայտնեց, որ իրենք չեն հետևում ամեն մի նման հոդվածի, պարզապես, երբ իրենց հուզող հարցեր են տալիս՝ գրավոր տեսքով, պատասխանում են:
«Մենք միայն մի հարցում ենք ստացել «ԷկոԼուր»-ի կողմից, որն առնչվում էր Վայոց Ձորում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին, որին տվել ենք արդեն պաշտոնական պատասխան»,- ասում է Հարությունյանը:
«Էկոլուր»-ին տրված պաշտոնական պատասխանի մեջ ասվում է, որ հանքի շահագործման լիցենզիան տրվել է «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը 2009թ.-ին, որի տնօրեն Հայկ Ալոյանը նախարարությանը հայտնել է, որ Ամուլսարի հանքավայրում հետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել է մոտ 3500 նմուշարկում, որոնց լաբորատոր փորձարկումներն իրականացվել են կանադական ALSChemex ընկերության կողմից: Արդյունքում պարզ է դարձել, որ ուրանը քիչ քանակությամբ է այդ վայրում տարածված՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի պարունակությունը կազմել է առավելագույնը 0.002%:
«Նախարարությունն ինքը ոչ մի ուսումնասիրություն չի անում ու պետության անվտանգությունը վստահում է մի կազմակերպության, որը դեռ նոր պետք է գործի ու պարզ էլ չի արդյոք կարելի՞ է վստահել նրանց, թե ուրանը այդտեղ որքան տոկոս է կազմում, այն դեպքում երբ նույն հոդվածում գրված է, որ այնտեղ պաշարները կազմում են 0,025-0,03 %, իսկ նախարարության պատասանի մեջ նշված է 0.002%: Ամեն դեպքում, որքան էլ քիչ տոկոսով լինի, արտահոսքի դեպքում միևնույն է տարածքը ռադիացիայի է ենթարկվելու»,- ասում է Զարաֆյանը:
Ինգա Զարաֆյանը պնդում է, որ նախարարությունը պետք է հստակ քարտեզ կազմի և ուսումնասիրի արդեն գործող հանքավայրերը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
