Այժմ էլ ծանրաբեռնված են համաներման պատճառով

ՀՀ արդարադատության նախարարությունը վերջերս պարբերաբար մերժում է լրատվամիջոցների՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդկանց հետ հարցազրույցներ անցկացնելու դիմումները։

www.hra.am -ին վերջին անգամ մերժել են հունիսի 6-ին՝ պատճառաբանելով, որ չեն կարող ապահովել հարցազրույց ցմահ ազատազրկված Մանուկ Սեմերջյանի հետ, քանի որ ծանրաբեռնված են ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացով։

Նշենք, որ մինչև համաներման գործընթացն էլ քրեակատարողական հիմնարկները գրեթե միշտ մերծում էին լրագրողներին նույն պատճառաբանությամբ՝  իրենց ծանրաբեռնված աշխատանքով։

«Եթե սովորական դատապարտյալի հետ ես ուզում հանդիպել, հիմնականում խնդիրներ չեն առաջանում, բայց աղմկահարույց դեպքերի ժամանակ միշտ են մերժում»,- ասում է «Հայկական Ժամանակ» -ի լրագրող Վահագն Հովակիմյանը, ով միայն մարտի 1-ի գործով դատապարտվածների հետ հանդիպելու համար 3 անգամ դիմել է ու մերժվել։

Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկները գիտակցում են, որ լրագրողներն օպերատիվ են աշխատում ու ամեն կերպ ձգձգում են պատասխանելը, երբեմն նույնիսկ պատասխան էլ չեն ուղարկում։

«Մենք էլ արդեն չենք էլ դիմում՝ քաջ հասկանալով, որ ավելորդ տեղը ժամանակ ենք կորցնում»,- ասում է Հովակիմյանը։

«Հետք» -ի լրագրող Արարատ Դավթյանը ևս նշում է, որ իրենց թերթն էլ միայն 2010թ. ընթացքում մի քանի անգամ դիմել է ու մերժվել։ Նույնիսկ հատուկ հոդված են տպագրել այն մասին, որ ՔԿՎ Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, ով հունիսի 10-ից, այլևս այդ պաշտոնում չէ, պարբերաբար մերժում էր լրագրողներին նույն պատճառաբանությամբ։

«Չնայած օրենքը շրջանցելու հնարավորություն տալիս է, բայց իմ կարծիքով՝ դա մարդու իրավունքների սահմանափակում է, և հիմնարկի վարչակազմը պիտի միջոցներ ձեռնարկի դատապարտյալներին լրագրողների հետ շփվելու հնարավորություն տալու համար»,- կարծում է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 7-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկմանն անդրադարձավ նաև այս հարցին։ www.hra.am -ի կողմից հարց հնչեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ դատապարտյալների հետ հարցազրույց անելու լրագրողների դիմումները հիմնականում մերժվում են՝ որպես կոնկրետ  օրինակ նշելով ցմահ ազատազրկված Սեմերջյանի հետ հարցազրույց անցկացնելու մերժումը.

«Սա այն դեպքն է, որ յուրաքանչյուր դեպքում պիտի ասել, թե որ դեպքի մասին է խոսքը: Եթե հարցազրույցն ուզում եք անցկացնել նախաքննության փուլում գտնվող և նախնական կալանքի տակ գտնվող որևէ անձի հետ, ապա, բնականաբար, մերժվել է, մյուս բոլոր դեպքերում պետք է կոնկրետ նայել և տեսնել, թե որոնք են եղել այդ մերժման հիմքերը», - այսպիսի անորոշ պատասխանեց տվեց նախարար Հրայր Թովմասյանը:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am