Քաղաքապետարանից պահանջում են փոխհատուցում հողատարածքի դիմաց

Խաչատրյանների ընտանիքի կողմից 55 տարուց ավելի օգտագործվող 1500 քմ հողատարածքի մեծ մասը Քաղաքապետարանը վաճառել և հատկացրել է այլ քաղաքացիների' առանց Խաչատրյանների իմացության և առանց փոխհատուցման: Խախտվել է Խաչատրյանների հողի օգտագործման վաղեմության և գնման նախապատվության իրավունքները:

Աղբյուր Սերոբի 52 հասցեում գտնվող իրենց շենքին հարակից քարքարոտ և անմշակ հողատարածքը Խաչատրյանները զբաղեցրել են 1951թ-ից և դարձրել մրգատու այգի: Անահիտ Խաչատրյանը պատմում է, որ իր սկեսրայրը մաքրել է տարածքը, ցանկապատել, հող լցրել, տնկել մրգատու ծառեր և թփեր, անցկացրել ոռոգման համակարգ, և 55 տարվա ընթացքում անմշակ հողատարածքը  դարձել է «դրախտային այգի»:

«Բազմիցս դիմել ենք հողատարածքը սեփականաշնորհելու համար, բայց ստացել ենք անհիմն մերժումներ»,- ասում է նա:

Երևանի քաղաքապետի 18.09.2006թ որոշմամբ, առանց օգտագործողներին տեղյակ պահելու, այգու 520 քմ տարածքը հատկացվել է Հասմիկ Ավդալյանին' բազմաբնակարան շենք կառուցելու համար: Որոշման մասին Խաչատրյաններն իմացել են այն բանից հետո, երբ շենքի հիմքը փորելու համար կառուցապատողները ջարդել են ցանկապատը, կտրել 20-25 հաստաբուն ծառերը, խաղողի վազերը, այդ տարածքով անցնող ոռոգման խողովակները:

Դրանից հետո ' 2006թ դեկտեմբերից սկսած' Անահիտ Խաչատրյանը կրկին բազմիցս դիմել է Քաղաքապետարան այգու մնացած հատվածը' ինքնակամ կառույցների հետ օրինականացնելու համար: Իսկ քաղաքապետի որոշումը բողոքարկել է դատարանում: Մեկ տարի անց դատարանը մերժել է հայցը' գտնելով, որ «գնման նախապատվության իրավունքը ծագում է դիմողների կողմից իրավասու պետական մարմիններին դիմում տալու օրվանից»:

«Մեր բազմաթիվ դիմումները անտեսելով' դատական գործընթացը դեռ չավարտված,  քաղաքապետը մեկ այլ' 2007թ հունիսի 20-ի որոշումով, այգու 584,6 քմ տարածքը ուղղակի վաճառքով հատկացրեց ոմն Խաչիկ Դավթյանին բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, բայց իրականում նրա հետևում գեներալ Արշալույս Փայտյանն է կանգնած»,- պատմում է Անահիտ Խաչատրյանը: Այդ մասին իրենք իմացել են կրկին ծառահատումից հետո: «Դրա նախորդ օրը ջրել ենք այգին, գնացել  ենք տուն: Հաջորդ օրը հարևանը զանգեց, հարցնում է' ձեր հողը վաճառե՞լ եք, ինչ-որ մարդիկ են եկել, ծառերը կտրում են»: Խաչատրյանները հենց նույն օրը' 29.07.2007թ ապօրինի ծառահատման վերաբերյալ հաղորդում են տվել ոստիկանություն: Քրեական գործը հարուցվել է ոչ թե օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում, այլ՝ դեպքից միայն 6 ամիս անց Խաչատրայնների բազմաթիվ դիմումներից ու մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո: 2008թ. ապրիլին քրեական գործն ընդդատության կարգով ապօրինաբար տեղափոխվել է ՊՆ քննչական վարչություն, քանի որ Խաչիկ Դավթյանը ՊՆ աշխատակից է, որտեղ էլ գործը կասեցվել է։

 «Ծառահատներին բռնել ենք հատման պահին' գործիքները ձեռքներին, լուսանկարներ ունենք: Իրենք էլ ասել են, որ իրենց «պրորաբ Արմենն» է հանձնարարել ծառերը կտրել, փայտն էլ վերցնել: Սակայն քննիչ Տաթևիկ Ղուկասյանը կեղծել է նյութերը և գործում գրել, որ հայտնի չեն ծառահատները, իսկ էդ մարդիկ ուղղակի եկել են, արդեն հատված ծառերը կտրատել են, որ տանեն: Հետո գործը տեղափոխվեց ՊՆ քննչական ծառայության վարույթ: Քննիչ Ասատրյանը ավարտին հասցրեց և 8 ամիս հետո կասեցրեց գործի վարույթը' որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով»,- ասում է տիկին Անահիտը' հայկական արդարադատությունը անվանելով «հնարամիտ»:

Խաչատրյանները փորձաքննություն կատարելու համար դիմել են Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների տեսչություններին: Ըստ եզրակացության' հատված ծառերի արժեքը կազմում է 8 միլիոն 445 հազար ՀՀ դրամ, իսկ սպասվելիք տարեկան բերքի ընդհանուր արժեքը' մոտ 1 միլիոն դրամ: Չնայած կրած նյութական և բարոյական վնասներին, Անահիտ Խաչատրյանը տուժող չի ճանաչվել դատարանի կողմից:

Ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրեական գործի հարուցումից և Խաչատրյանների բարձրացրած աղմուկից հետո 2007թ հոկտեմբերին նրանց հաջողվեց կադաստրային արժեքով գնել և օրինականացնել մնացած 466 քմ հողատարածքը' գնման նախապատվության իրավունքով: Մինչդեռ մնացած 1000քմ տարածքն այլ քաղաքացիներին վաճառելիս Քաղաքապետարանը «մոռացել» էր, որ գնման նախապատվությունը, ըստ օրենքի, Խաչատրյաններինն է:

«Մենք չենք կարողանում անարգել օգտագործել մեր սեփականությունը, քանի որ հնարավորություն չունենք վերականգնելու: Ամբողջն ավիրել են' ցանկապատը ջարդել, ամբողջ ծառերը կտրել, ջրի խողովակները կտրել, և ոչ ոք չի պատժվել կատարված հանցագործությունների համար»,- ասում է Անահիտ Խաչատրյանը' ավելացնելով, որ 2007-ից իրենք զրկված են իրենց ջանքերով և միջոցներով ստեղծված այգու բարիքներից, որի վերականգնման համար տարիներ են պետք:

Անահիտ Խաչատրյանը 2010թ հոկտեմբերին դիմել է ՀՀ Վարչական դատարան և ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն պահանջում է փոխհատուցում իրենցից վերցված 1200 քմ հողատարածքի համար: Օրենքը սահմանում է, որ քաղաքացին ձեռքբերման վաղեմության իրավունք ունի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում է առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում է անընդմեջ և բացահայտ ավելի քան 10 տարի: Եվ «նման հողամասերն այլ նպատակային նշանակության համար վերցնելու դեպքում ձեռքբերման վաղեմություն ունեցող անձանց պետք է փոխարենը տրամադրվեն այլ հողամասեր կամ պետք է հատուցվեն նրանց վնասները»:

Մինչ օրս նշանակված դատական 3 նիստերը չեն կայացել և հետաձգվել են Քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայության պատճառով: 07.06.2011թ. նշանակված վերջին նիստը հետաձգվել է, որովհետև Քաղաքապետարանը ժամանակ է խնդրել ապացույցներ հայթայթելու համար: «Ութ ամսվա ընթացքում չե՞ն կարողացել ապացույցներ հայթայթել»,- զարմանում է Անահիտ Խաչատրյանը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am