Դատական համակարգն անկախ չէ այնքան, որ ճանաչի «խոշտանգումը»

Հայաստանում խոշտանգումը համարվում է  անցյալից ժառանգած բացասական գործելաոճ և ներկայի անպատժելիության արդյունք։ Բոլորն ընդունում են, որ այն բացասական երևույթ է,  մասամբ՝ համաձայնում, որ այն առկա է պետական համապատասխան մարմիններում։ Բոլորը պայքարում են խոշտանգումների դեմ, բայց դեռևս  ոչ ոք համապատասխան պատժի չի արժանանում։

«Խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու նպատակով. այն սահմանված է ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածով։

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով՝ թեև օրենսդրությունը լիովին հնարավորություն է տալիս խոշտանգման դեպքերում համապատասխան պատիժ սահմանել, բայց այսօրվա դրությամբ դատական համակարգն անկախ չէ այնքան, որ ճանաչի «խոշտանգումը»։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածով՝ խոշտանգման դեպքում սահմանվում է պատիժ՝ առավելագույնը 7 տարի ազատազրկմամբ։

ՀՀ դատարանները գերադասում են կիրառել հիմնականում Քրեական օրենսգրքի 375 հոդվածը, որը չի ենթադրում խոշտանգում, այլ՝հանցանք է ամրագրում իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։ Թեև այս հոդվածով առավելագույն պատիժը սահմանված է 13 տարի, բայց հիմնականում օգտագործվում է նվազագույն պատիժը՝ այն է 2 տարի ազատազրկումը։

Իրավաբան Արտակ Զեյնալյանը, ով արդեն հաշիվը կորցրել է, թե «Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին»  Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումներ) քանի գործ է ուղարկել Եվրոպական դատարան, ասում է, որ ներկա  իրադրության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում դեռ պահպանվել է խորհրդային միության մեխանիզմը։

Զեյնալյանը նաև նշում է Հայաստանում տարածված մի գործելաոճ. որպեսզի անձը խոստովանի ինչ-որ հանցանք, բերում են նրա ընտանիքի անդամներին ոստիկանություն, պահում են, սպառնում են, որ նրանց նկատմամբ կդրսևորվի անմարդկային վերաբերմունք, ինչի հետևանքով տվյալ անձը տալիս է ինքնախոստովանական ցուցմունք։

«Խոշտանգման վերաբերյալ հայտարարությունը քննում է նույն անձը, ով որ կասկածվում է կամ ում դեմ ներկայացված է բողոքը։ Կարծում եմ՝ սրանք պետք է առանձին վարույթներ լինեն, և դատավորը, ով որ պետք է գնահատի ապացույցները պիտի չքննի և գործում չպիտի լինեն այնպիսի ապացույցներ , որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ։ Դա լրիվ ուրիշ դատարանի կողմից պետք է քննվի, ու եթե դատարանը որոշեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, այլևս պետք է գործից հանվի, և հիմնական գործը քննող դատարանը դրա մասին ընդհանրապես տեղյակ էլ պետք է չլինի,- ասում է Զեյնալյանը,-մի սկզբունք կա. այլևս չես կարող լռեցնել հնչած զանգի ձայնը։ Պիտի դատավորի ներքին համոզմունքի վրա որևէ ազդեցություն չունենա այդ փաստը, եթե դա ձեռք է բերվել օրենքի խախտմամբ»։ Ա. Զեյնալյանը նշում է, որ տարվա ընթացքում ամենաքիչը 2 դեպքի է առնչվում, որտեղ առկա է խոշտանգում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները տարբեր մոնիթորինգների արդյունքում բարձրաձայնում են, որ  խոշտանգումները հիմնականում իրականացվում են ՀՀ ոստիկանությունում՝ մինչև ձերբակալվածին ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) տեղափոխելը և հիմնականում ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով։ Նման մի օրինակ է Ստեփան Հովակիմյանի հետ կատարվածը, ով մեղադրում է հանրապետության Գլխավոր դատախազությանը, ոստիկանական մարմիններին խոշտանգումների փաստի առթիվ արդյունավետ քննություն չանցկացնելու մեջ։  Քանի որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը  ձգձգել է Հովակիմյանի հարցաքննությունը, չի անցկացրել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, հետագայում՝ ծառայողական քննության ընթացքում ոստիկանները հերքել են Հովակիմյանի ասածը։ Ինչն էլ հաշվի առնելով՝ դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել խոշտանգումների հայտարարության կապակցությամբ։

Նման խոշտանգումները հաճախ մահվան առիթ են դառնում, օրինակ՝ Չարենցավանի ոստիկանությունում մահացավ Վահան Խալաֆյանը, Երևանի ոստիկանությունում՝ Լևոն Գուլյանը։

Փաստաբանները կարծում են, որ դատարանները չեն հաստատում խոշտանգումները, քանի որ չեն ուզում սուր հակամարտության գնալ ոստիկանության ու դատախազության հետ, և եթե դատավորները սխալվում են, գերադասում են սխալվել հօգուտ դատախազության։ 

«Դրա վառ ապացույցը մի երկու օր առաջ այդպիսի հակամարտության արդյունքում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին իր լիազորություններից զրկելու որոշումն է։ Չնայած մենք Եվրոպական դատարանում գործ ունեինք, որով  «խոշտանգումները կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար» կոպիտ ձևակերպում տված դատավորը ընդամենը ենթարկվեց թեթևակի տույժի ԵԴ որոշումից հետո, իսկ դատավճիռը ուժի մեջ թողած վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն ընդհանրապես տույժի չենթարկվեցին»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը, ով 15 տարիների ընթացքում հիշում է 5 դեպք, որոնց մեջ ակնհայտ խոշտանգում է եղել ու դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքները։

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ո՛չ հաստատեց և ո՛չ էլ ժխտեց ոստիկանությունում խոշտանգումների փաստերը, միայն նշեց, որ իրենք պայքարում են դրանց դեմ։

«Ոստիկանության ծառայողների կողմից բռնության կամ խոշտանգումների ենթարկվելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2011թ.-ի հունվարի 1-ից մինչև օրս ստացվել են քաղաքացիների 5 բողոքներ, որոնց կապակցությամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքներով 2-ում նշված հանգամանքները չեն հիմնավորվել, 3-ի ընթացքը կասեցվել է մինչև այդ կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության կամ դատաքննության ավարտը»,- հայտնեց Ահարոնյանը։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը նշեց, որ խոշտանգումները բացակայում են ՁՊՎ-ներում (որոնք գտնվում են ոստիկանությունում)։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am