Կյանքն առանց բռնության

Հայաստանում կանանց նկատմամբ սեռական բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է սեռական դաստիարակություն, հասարակության իրազեկության բարձրացում, օրենսդրական փոփոխություններ ու նաև ոստիկանների վերապատրաստում. կարծում է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ տնօրեն Լարա Ահարոնյանը:

«Ճիշտ սեռական վարքագծի մշակումը և դաստիարակումը պետք է սկսել վաղ տարիքից, որպեսզի հետագայում կնոջ համար ավելի պարզ լինի, թե որն է բռնությունը և ինչ անել նման իրավիճակներում»,- նշում է Լ.Ահարոնյանը:

Նա կարևորում է նաև ոստիկանների վերապատրաստումը, որ նրանք ոչ միայն կարողանան ճիշտ վերաբերմունք դրսևորել բռնությունից տուժածների հանդեպ, այլ նաև՝ ուղղորդել աջակցման և խորհրդատվական համապատասխան կենտրոններ:

Ըստ Լարա Ահարոնյանի' անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ և խստացնել սեռական ոտնձգության համար նախատեսված պատժաչափերը: Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ տուգանք կամ առավելագույնը 2 տարի ազատազրկում կիրառելը նա համարում է ոչ համարժեք պատիժ:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրենը նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համարում պետական ֆինանսական աջակցություն, ինչը, նրա խոսքերով, այսօր բավարար չէ:

ՀՀ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանի խոսքերով' սեռական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը կբարձրանա միայն հասարակության իրազեկման բարձրացմանը զուգահեռ: 

Ըստ դատախազության տվյալների' 2010 թվականին բացահայտվել է սեռական բռնության 82 դեպք, ինչը 9-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Արթութ Դավթյանը դեպքերի ավելացումը մտահոգիչ չի համարում. «Սրան հակառակ կողմից պետք է նայել. այն դեպքերը, որոնք կարող էին թաքնված մնալ, ի հայտ եկան»: Նա կարևորում է սեռական բռնությունների վերաբերյալ թեժ գծեր ունեցող ՀԿ-ների համագործակցությունը ոստիկանության հետ:

«Ամնեսթի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության տարեկան զեկույցի տվյալներով' Հայաստանում յուրաքանչյուր չորս կանանցից ավելի քան մեկը կյանքում գեթ մեկ անգամ ենթարկվում է ֆիզիկական բռնության իր ամուսնու  կամ ընտանիքի այլ անդամների կողմից, իսկ հոգեբանական բռնության ենթարկված կանայք ավելի շատ են, քան ֆիզիկական բռնության զոհերը:

Ըստ զեկույցի' այն կանայք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց բռնությունից և արդարություն են փնտրում, բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում: Նախ' դժվար է ընտանիքում իրականացրած խախտումը գրանցել որպես հանցանք, քանի որ կամ համապատասխան օրենք չկա, կամ էլ այդ օրենքը լիարժեք կերպով չի սահմանում նման խախտումը որպես հանցանք: Երկրորդ' ընտանեկան բռնությունը որպես խախտում արձանագրելը ընկալվում է որպես «ընտանիք քանդել», ինչը խարանվում է:

«Առողջապահության ոլորտում աշխատողների, ինչպես նաև ոստիկանների, դատախազների և ընտանեկան բռնությունների խնդիրների հետ առնչվող այլ մասնագետները չունեն համապատասխան պատրաստվածություն, կամ այն բավարար չէ»,- նշվում է զեկույցում:

«Ամնեսթի Ինթերնեյշնլի» կողմից հարցված կանայք արտահայտել են իրենց վախը, որ բռնության մասին բողոք ներկայացնելով, նրանք կանգնում են ամուսնալուծվելու և առանց սեփականության մնալու վտանգի առջև միայն այն պատճառով, որ դիմել են ոստիկանություն:

Կազմակերպությունը զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանություններն այս խնդրի լուծման ուղղությամբ քայլեր են կատարում, սակայն բռնության դեպքերի աճը վկայում է, որ քիչ բան է փոխվել: 

Դժվար է ասել՝ բռնությունների աճ է գրանցվել, թե պարզապես բռնության ենթարկված և խորհրդատվության դիմած կանանց թիվն է ավելացել: Այնուամենայնիվ, խնդիրը առկա է և այն լուծման կարիք ունի: Վերոնշյալ գործողությունների մեծ մասը կրում է ոչ այնքան կանխարգելիչ բնույթ, որքան արդեն իսկ բռնության զոհ դարձած անձանց համապատասխան օգնություն ցույց տալուն ուղղված քայլեր: Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում. քարոզարշավներ' իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ, ստեղծվում են բազմաթիվ ցուցապաստառներ, ցույցեր ու երթեր են կազմակերպվում՝ կոչ անելով դատապարտել հանցագործներին, վերջ դնել կանանց և աղջիկների դեմ բռնություններին, զանգահարել այս կամ այն թեժ գծին: Բոլոր այս քայլերը կրում են հիմնականում խնդիրը բարձրաձայնելու, բայց ոչ լուծելու միտումներ: Թերևս ավելի օգտակար կլիներ կենտրոնների ստեղծումը, որտեղ կանայք և աղջիկները ինքնապաշտպանության դասընթացների կմասնակցեն՝ սովորելով կոնկրետ հնարքներ, թե ինչպես կարելի է պաշտպանվել հանցագործից' սեփական ուժի ու գիտակցության շնորհիվ, խուսափել անպաշտպան լինելու հոգեբանական գործոնից։

Ավելի արդյունավետ կլինի հանցանքը կամ բռնությունը կանխարգելելը, քան հետագայում դրանց թողած ֆիզիկական և հոգեբանական բացասական հետևանքները վերացնելը:     

ՍոֆյաՄանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am