ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանները պահանջում են առանց «դաբրոյի» արդարադատություն (վիդեո)

Փաստաբանների «համբերության բաժակն» արդեն լցվել է։ Հուլիսի 7-ին ավելի քան 100 փաստաբաններ բողոքի ակցիա էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի առջև՝ պահանջելով վերջ դնել վերին ատյանի դատարանի «դաբրոներով» առաջնորդվող «անարդարադատությանը»։
«Ինչ սխալ կա հանրապետությունում, Վճռաբեկ դատարանի նախագահի տակ է։ Նա է մեղավոր, եթե նա չի կանխում խախտումները և դրանք ձնագնդիկի նման աճում են, ապա մեղավորը ինքն է»,- հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։
Նա ընդգծեց, որ բողոքի ակցիայի նպատակը դատավոր Սամվել Մնացականյանին պաշտպանելը չէ, այլ բոլոր փաստաբաններին կոչ անելը, որ այլևս չհանդուրժեն դատավորների կամայական և չպատճառաբանված որոշումները։ Ստեղծված իրավիճակի համար Սահակյանը մեղավոր է համարում նաև փաստաբաններին, որոնք դատավարական սխալները տեսնելով՝ լռում են։ Ուստի կոչ է անում բոլորին նյութերը ներկայացնել Փաստաբանների պալատ։
«Մենք բոլոր այդ որոշումները պետք է ներկայացնենք Արդարադատության խորհուրդ։ Եվ ինչպես իրենք վարվել են Սամվել Մնացականյանի պարագայում, մենք պետք է հորդորենք, որ մյուս դատավորների նկատմամբ էլ նման բնույթի կարգապահական պատժամիջոցներ կիրառեն՝ ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարանի պալատի անդամների, որոնք տասնյակներով չպատճառաբանված որոշումներ են կայացնում՝ սկսած Մկրտումյան Արմանից, պալատի նախագահներով և անդամներով»,- նշում է Փաստաբանների պալատի նախագահը՝ ավելացնելով, որ խտրական վերաբերմունք չպետք է ցուցաբերվի։
Փաստաբան Հայկ Ալումյանը նույնպես ընդգծում է, որ իրենց ակցիան պետք չէ անձնավորել և որ իրենք համակարգային խորը խնդիր են բարձրացնում։
«Մեր դատական համակարգում դատավորը շատ հանգիստ կարող է սխալվել ի վնաս մեղադրյալի, և ինքը խնդիր չի ունենում, բայց բավական է նա մի անգամ սխալվի հօգուտ մեղադրյալի, դա լինում է դատավորի կարիերայի համար ճակատագրական։ Դրա համար մեր դատավորները, իրենց կոլեգաների դառը փորձից ելնելով, նախընտրում են սխալվել ի վնաս մեղադրյալի, որովհետև այդ սխալները հեշտությամբ ներվում են, դրանց վրա աչք են փակում։ Դրա համար էլ համարյա միշտ կալանք են կիրառում, մեղադրական վճիռներ են կայացնում...»,- ասում է Ալումյանը՝ հիշեցնելով դատավորներից մեկի թույլ տված կոպիտ դատավարական սխալը։ Մեղադրյալի նկատմամբ կիրառված խոշտանգումները նա արդարացրել էր՝ «բռնությունները կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար» հիմնավորմամբ։ Այս դատավորի նկատմամբ ոչ մի կարգապահական պատիժ չի կիրառվել, որովհետև ըստ Ալումյանի՝ նա սխալվել է ի վնաս մեղադրյալ։
Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ խափանման միջոց կալանքի լայն կիրառումը մեր դատական պրակտիկայում խորհրդային մտածելակերպի արդյունք է։ Սակայն նրա խոսքերով՝ կալանքի կիրառումն արդեն անթույլատրելի մեծ չափերի է հասել։
«Երբ որ հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բոլորը մտածում են՝ ավելի շատ կալանավորեն, մեղադրանք առաջադրեն, որպեսզի ոչ ոք չմտածի, թե իրենք շահագրգռվածություն ունեն տվյալ գործի ելքով։ Այսինքն՝ սա խայտառակ երևույթ է. պայքարում են կոռուպցիայի դեմ՝ ոտնահարելով մարկանց իրավունքները»,- ասում է փաստաբանը՝ եզրահանգելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի վատ հետևանքների բերեց։
Լուսինե Սահակյանի կարծիքով՝ դատավոր Մնացականյանը առաջնորդվել է օրենքով, «դաբրո» չի ստացել և չի ենթարկվել Վճռաբեկ դատարանի կամքին, ուստիև պատժվել է։
«Մեր արդարադատությունը հոգեվարք է ապրում, անդունդի եզրին է»,- ասում է փաստաբան Ռուբեն Ռշտունին՝ ստեղծված իրավիճակում մեղավոր համարելով ոչ միայն դատարաններին, որոնք «եղել և մնում են դատախազության կցորդը», այլև՝ հենց դատախազությանը, որի համար «անմեղության կանխավարկած» հասկացությունը գոյություն չունի։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
